Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական

Պուշկինի տողերը` ադրբեջանական քարոզչության զենք

Դեկտեմբեր 22, 2009թ. 14:42

ReadingManiacs

Ճակատագրի հեգնանքով մեզ որպես հարևան հայտնված ու չգիտես ինչ կախարդական փայտիկով մշակութապաշտ դարձած ադրբեջանցիներն այս օրերին կրկին աղաղակում են իրենց հերթական «հայտնագործությունների» մասին:

Բնականաբար, նրանց  թիրախը դարձյալ հայերս ենք:

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է հայ-ռուսական տարաձայնություններ հորինելու ուղղությամբ. դեռ երկու տարի առաջ գազի թանկացման խոսակցությունները փորձեցին դրան ծառայեցնել: Այսօր էլ` այդ նույն քարոզչության նպատակով փորձում են հայ-ռուսական հարաբերությունները ներկայացնել բոլորովին այլ հարթության մեջ: Այսպես`  ադրբեջանական ԶԼՄ-ները խոսելով արցախյան հակամարտության մասին աշխարհով մեկ հայտարարություններ են տարածում, թե հայերը դեռ վաղուց եղել են ռուսների կամակատարները:  Իսկ որպես «ապացույց»` մեր «գրականասեր»  հարևաններն աշխարհի անտեղյակ զանգվածներին մատակարարում են գրականությունից պոկված պատառիկներ:

1830-ական թվականներին էր, երբ Ալեքսանդր Սերգեյեվիչ Պուշկինը հանկարծ որոշեց գրել իր  հերթական պոեմը: Անվանեց այն «Թազիտ», ու չնայած տարիներ շարունակ աշխատեց ստեղծագործության վրա, բայց այդպես էլ ավարտին չհասցրեց այն: Այս գործը, սակայն, անավարտ վիճակում էլ հասարակական տարբեր շրջանակների ստիպեց քննարկման առարկա դարձնել ոչ միայն իր բովանդակությունն ու արտահայտած մտքերը, այլ անգամ` առանձին պարբերություններ ու տողեր: Թեժացան կրքերը, հնչեցին մեղադրանքներ, և կրկին գորդյան հանգույցի մեջտեղում հայտնվեց ազգս հայոց:  «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»` այսպես է  պոեմում իր որդուն  բնորոշում հայրը` Ղասուբը:  Այս խոսքերը բավական են, որ ադրբեջանցիները սկսեն շահարկել, թե ռուս գրողը, մեղմ ասած, լավ կարծիքի չի եղել հայերիս մասին:

ՀԳԱԱ  ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը, վերլուծելով պոեմը` կարևորում է նրա  կրոնաբարոյական նշանակությունը, քանի որ հերոսները մահմեդականներ են: Ակադեմիկոսը գրում է.«Ուշադիր լինենք և կհամոզվենք, որ նշված տողը («Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես») ոչ թե բանաստեղծի հայացքի ուղղակի դրսևորումն է, այլ պոեմի մահմեդական հերոսներից մեկի վերաբերմունքն է արտահայտում: Երբ պատանի Թազիտը երեք անգամ հրաժարվում է իր եղբոր արյան վրեժը լուծելուց (այդ թվում և հրաժարվում է թալանել ու սպանել մի թի‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎‎ֆլիսեցի վաճառականի), ծերունի հայրը` Ղասուբը, որդուն արհամարհանքով անվանում է «վախկոտ, ստրուկ, հայ»: Ակնհայտ է, որ «հայ» ասելով` ծերունի լեռնականը տվյալ դեպքում վիրավորում է` թալանին ու սպանություններին դեմ, և դրանով իսկ` իր համար ատելի քրիստոնեական բարոյախոսության կրողին, որն իր հարազատ որդին է: Այսպես, հանձին հոր և որդու, պոեմում բախվում են` մի կողմից կույր և դաժան վրիժառության սկզբունքը, մյուս կողմից, աշխարհի նկատմամբ քրիստոնեական` մարդասիրական հայացքը: Ակնհայտ է, որ Պուշկինի համակրանքը` հոր կողմից «հայ» որակվող պատանի Թազիտի կողմն է» (Է. Ջրբաշյան. «Ճիշտ կարդանք Պուշկինին», 2001թ.):

Ինչպես և սպասվում էր ադրբեջանական կողմն աչքաթող է արել պոեմի ընդհանուր բովանդակությունը և պոեմից պոկելով, տարանջատելով առանձին տողը` դրա շուրջ, այսպես ասած, տեսություններ կազմել: Եվ ահա թե ինչ են հայտարարում ադրբեջանցիները, թե. «Ծեր լեռնականի բերանով Պուշկինը բացահայտում է հայերի դեմքը, իսկ նրանք սովոր են շարունակ գովազդել իրենց անցյալի փառքը` ներկայի համար հարգանք պահանջելով: Ռուս ժողովուրդը` վրացիների ու թաթարների նման, վաղուց է հայերին ստորացուցիչ անվանումներով դիմում»:

Գրականագետ Ազատ Եղիազարյանը դեռ երկու տարի առաջ  ադրբեջանցիների այս «առնետավազքը» համարեց փոքր ու անգաղափար ազգերին հատուկ բարդույթ, երբ կառչում են մեկի խոսքերից ու այն դարձնում իրենց նշանաբան: «Պուշկինի համար, ըստ էության, հայ ժողովրդի գնահատման խնդիր չի եղել,-ասում էր Եղիազարյանը:-Նա այնքան քիչ է շփվել հայերի հետ, որ մեր ազգի մասին հիմնավոր պատկերացում կազմել չէր կարող: Իսկ եթե անգամ Պուշկինը նկատի է ունեցել, որ հայերը վախկոտ են կամ ստրկամիտ, միևնույն է, ողբերգություն չի, որ գրողը այս կամ այն ժողովրդի մասին վատ բան է ասել ստեղծագործություններից մեկում: Կարևորը պատմական ճշմարտությունն է»:

Գրականագետը որպես պատմական ճշմարտություն վկայակոչում է մեկ տասնամյակ առաջ Արցախյան պատերազմում ադրբեջանցիներին տված դասը. «Հիշենք միայն անառիկ Շուշիի ազատագրումն ու ադրբեջանական զորքի դուրս վռնդելը մեր հողերից: Էլ ի՞նչ արժեք ունի Պուշկինի` ժամանակին հնչեցրած մի նախադասությունը, երբ հենց ադրբեջանցիներն են իրենց մաշկի վրա զգացել հայերիս քաջության ու հարվածի ուժը»:

Արցախյան ազատամարտում` խայտառակ  պարտություն տանելու փաստի հետ դեռ  չհամակերպվող մեր հարևանները, թերևս, դեռ երկար պիտի հիստերիկ ճիչերով թակեն աշխարհի դռները` բամբասելով ու բողոքելով փառահեռ հաղթանակ տարած հայերիս:

Երկու տարի առաջ նմանատիպ մի հոդվածում` ժողովուրդների պատմության բովում ես երկար կյանք մաղթեցի մեր արհեստածին հարևան Ադրբեջանին` որպեսզի  ապագայում նրանք, ի վերջո, ի վիճակի լինեն գտնել իրենց «պատմական ճշմարտությունը»:  Մինչդեռ այսօր, վստահաբար կարող եմ ասել` արհեստական կառույցները երկար չեն ապրում, ավելին` քանդվում են խայտառակ ձևով…

Գրականագետ Ազատ Եղիազարյանը ևս ադրբեջանցիներին խորհուրդ է տալիս. հրաժարվել գրականության մեծերի խոսքերից հատվածներ կտրելով տեսություններ ու քաղաքական շահարկումներ անելուց, այլապես մենք էլ կարող ենք որպես պատասխան նույն ռուսներից վերցնել Մ. Լերմոնտովի, Վ. Բրյուսովի, նույն Ա. Պուշկինի ամբողջական պարբերություններ ու ասել. «Ձայններդ կտրեք, սա ձեր խելքի բանը չէ»:

Նաիրի Հոխիկյան


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն