Պրոլետարիատի կարմիր լոզունգների ներքո
Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատումով, փաստորեն, սկսվեց Հայաստանի հիմնաքանդումը։ Աշխարհի պրոլետարականացման ճանապարհին Ուլյանով Լենինն իր սատանայապաշտական նպատակներին հասնելու համար գտավ այն թույլ օղակը, որը, մաս-մաս «աճուրդի հանելով» ու նվիրելով, փորձեց ուղի հարթել դեպի գերագույն նպատակը։ Եվ անօրինաբար` հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, հեշտ ու հանգիստ, կարմիր պրոլետարիատի նույնագույն լոզունգների ներքո, Հայաստանը մասնատվեց։ Այս ճանապարհն անցավ լենինյան ու բոլշևիկյան կամայականությունների շղթայով։ Այդ ճանապարահին անտեսվեցին միջազգայնորեն ընդունված պայմանագիր կնքելու ու հաստատելու բոլոր նորմերն ու սկզբունքները, Անտեսվեցին Հայաստանի կարծիքն ու մասնակցությունը ։
Եվ…
Եթե Ղարսի պայմանագրի դեպքում ինչ-ինչ ձևական մոտեցումներ, այնուամենայնիվ, պահպանվել են, Մոսկվայի պայմանագրի պարագայում, որով Նախիջևանը՝ Հայաստանի հիմնատարածքներից մեկը, հանձնվեց Ադրբեջանի տնօրինությանը, նույնիսկ ձևական կողմ ասածը չի պահպանվել։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ Տպավորությունն այնպիսին է, որ բոլշևիկյան Ռուսաստանը, նրա ընկեր ու բարեկամ Թուրքիան մի օր նստել, «մտածել» ու որոշել են` ավելի լավ կլինի, որ Նախիջևանը տան Ադրբեջանին կամ էլ գրազ են եկել, ու Ռուսաստանը գրազը տանուլ է տվել։ Եւ 1921թ. մարտի 16-ին իրենք իրենց, առանց Հայաստանի մասնակցության, պայմանագիր են կնքել, որով էլ…
Այդ անօրինական պայմանագրի հետևանքները, որտեղ նույնիսկ չկա Հայաստանի ստորագրությունը, ձգվում են մինչև մեր օրերը։
Այսինքն՝ երկու պետություն մեկ ուրիշ պետության հաշվին նվեր են մատուցել մեկ այլ պետության։
Այս պայմանագրին շատ մեծ «ցանկության» դեպքում գուցեև հնարավոր լիներ «իրավական» ուժ հաղորդել, եթե այդ ժամանակ կազմավորված լիներ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը, որի «ղեկավարն ու ուղղություն տվողը ռուսական բոլշևիզմն» էր։ Սակայն, եթե նկատի ունենանք նաև այն փաստը, որ ՍՍՀՄ-ը կազմավորվել է միայն 1922թ դեկտեմբերի 30-ին, իսկ մինչ այդ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին խորհրդայնացված Հայաստանն անկախ պետություն էր, անվերապահորեն կարելի է հանգել այն եզրակացության, որ արդեն 88 տարի Նախիջևանն անօրինաբար բռնակցված է մնում Ադրբեջանին։ Եթե հաշվի առնենք մեկ այլ հանգամանք ևս, որ ներկայիս Ադրբեջանն իրեն Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում, ուրեմն անհապաղ պետք է չեղյալ համարվեն ոչ միայն այս, այլև այն պայմանագրերը, որոնք կնքվել են այդ տարիներին՝ հօգուտ այդ երկրի։
Պատմաբան Ռաֆայել Համբարձումյանի համոզմամբ, սա հիմք է տալիս, որպեսզի Հայաստանը միջազգային հանրությունից պահանջի վերականգնել մեր իրավունքները։ «Մեր պետությունը պետք է միջազգային իրավունքի մասնագետների հզոր խումբ կազմի և դատական գործընթաց սկսի՝ Հայասանից բռնազավթված տարածքները հետ ստանալու համար։ Հայաստանի այսօրվա սահմանն այն սահմանն է, որն անօրինաբար գծել է բոլշևիզմը։ Մենք պետք է հասնենք նրան, որ գործողության մեջ դրվի Սևրի պայմնագիրը, որը միջազգային նորմերին համապատասխան կնքված վերջին պայմանագիրն է։ 1920թ. նոյեմբերի 22-ին կնքված այս պայմանագրում փաստվում է Հայաստանի իրական սահմանը , որն այն ժամանակ ԱՄՆ նախագահ Վ.Վիլսոնը կոչել է իրավարար վճիռ-քարտեզ, և որով Հայաստանին է վերդարձվում 60քմ/մղոն կամ 100 000քմ/կմ բռնազավթված տարծաք»,- շեշտեց Ռ. Համբարձումյանը։
Պատմաբանի կարծիքով, Հայաստանի իշխանությունն այսօր իր համար մեկ խնդիրը պետք է համարի այդ անօրինական պայմանագրերի չեղյալ համարումը։ Հայաստանի պատմական տարածքներում նորից պետք է հայի խոսք հնչի, հայ մանուկ ծնվի, հայ ապրի։
Նշենք, որ ադրբեջանական հայտնի քաղաքականության հետեւանքով այսօր արդեն Նախիջևանի տարածքում հայեր չեն ապրում։ Վերջին հայ ընտանիքներն իրենց պատմական հայրենիքի տարածքից վտարվեցին 1988թ.։ Մինչդեռ մինչև 1919թ. Նախիջևանի բնակչության 80%-ից ավելին հայեր էին։
Գոհար Փիլթոյան
ArmAr.am












