Սեյրան Օհանյան. «Մեր դիրքերն ամուր և հուսալի ձեռքերում են»
Զինված ուժերի մարտունակության բարելավումը չընդհատվող մի գործընթաց է, որում անցնող յուրաքանչյուր տարին իր խմբագրումներն է առաջարկում: Դրա արդյունավետ ճանապարհներից մեկը պարբերաբար անցկացվող հրամանատարական հավաքներն են, որոնց ընթացքում հղկվում և կատարելագործվում են հրամանատարական կազմի հմտությունները: Ժամանակը, սակայն, նոր պայմաններ է առաջադրում:
Զինված ուժերի զորամասերի հրամատարների մասնակցությամբ արդեն հերթական հրամանատարական հավաքն է անցկացվում Արցախում: Հնգօրյա հավաքներին մասնակցելու համար հանրապետության հարավային մասում բացազատված ուսումնական կետերում էին հավաքվել Զինված ուժերի զորամասերի բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչները:
Հրամանատարական հավաքների ընթացքին հետևում էր նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների ուղեկցությամբ:
Ներկայացվում էր ստորաբաժանումների և կրակի կառավարման օրինակելի տարբերակը: Պաշտպանողական մարտի հաջող ավարտից դասակը անցնում է հակահարձակման: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս հավաքի յուրահատկությունը զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների համատեղ մասնակցությունն է համարում: Դա հնարավորություն է ստեղծում, որ յուրաքանչյուր ստորաբաժանում ավելի լավ պատկերացնի իր գործողությունները` տարբեր իրավիճակներում:
Այնուհետև հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների ուղեկցությամբ Բակո Սահակյանը եղավ առաջնային գծում: Հենց այստեղ մարտական հերթապահության ընթացքում էլ լիովին բացահայտվում է, թե որքանով են արդյունավետ եղել զորքերի մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված միջոցառումները: «Յուրաքանչյուր նման այցելության ժամանակ մենք հերթական անգամ համոզվում ենք, որ մեր դիրքերն ամուր և հուսալի ձեռքերում են, եւ մեր զինված ուժերը, զինվորից մինչեւ հրամանատար, պատրաստ են իրականացնել իրենց առաջ դրված խնդիրները»,- գնահատում է Սեյրան Օհանյանը:
Օրվա երկրորդ կեսին` ամփոփելով հավաքների արդյունքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրեց մի շարք նկատառումներ: Անհրաժեշտ է պահպանել ուսումնական գործընթացի փուլերի հաջորդականությունը` ավելի մեծ տեղ տալով պրակտիկ ուսուցմանը` իրականին հնարավորինս մոտ պայմաններում: Ստորաբաժանումների մարտական պատրաստության փաստաթղթերը պետք է պարբերաբար թարմացվեն: Յուրաքանչյուրը` զինվորից մինչև գնդի հրամանատար, պետք է իմանա իր անելիքը` կոնկրետ իրենց հատկացված շրջաններում:
Առաջարկներով հանդես եկավ նաև ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Լսեցին հրամանատարական հավաքի մասնակիցների կարծիքները:
Հավաքի մի շարք մասնակիցներ ԼՂՀ Պաշտպանության նախարարի հրամանով արժանացան շնորհակալության, պատվոգրերի և արժեքավոր նվերների:
«Բանակաշինությունը և զորքերի մարտական պատրաստության բարելավումը հետայսու էլ կլինի երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում»,- վստահեցնում է ԼՂՀ նախագահը: Դրա շրջանակներում նմանատիպ միջոցառումներ պարբերաբար կանցկացվեն: Իսկ նմանօրինակ միջոցառումները, հատկապես Արցախում անցկացնելը` կրկնակի ենթատեքստ ունի:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












