Գյուղնախարարը հայ- թուրքական սահմանի բացման հետ մեծ հույսեր է կապում
Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավարդյանն այսօր 2009- թ. ամփոփումը ներկայացրել է հաշվետու տեսանյութով: Ֆիլմում, սակայն, ներկայացվեցին միայն ձեռքբերումները: Իսկ ո՞րն է դրանցից ամենագլխավորը` հարցին, նախարարը պատասխանեց. «Ամենակարեւորը ՀՀ- ում սերմնաբուծության զարգացումն է, տոհմային անասնաբուծության զարգացումը, մեքենատրակտորային կայանների կայացումը եւ հակակարկտային կայանների համակարգի զարգացումը»,- ասաց նախարարը։
Նա նաև նկատեց, որ տարին իր հիմնական բացթողումը ևս ունեցավ. «Նպատակ էի դրել, որ այս տարի գոնե 5000 տոննայի սերմ ներկրեինք, որպեսզի սերմնաբուծությունը զարգացնեինք: Դա չհաջողվեց այս տարի»։
Չնայած դրան` նախարարը վստահ է, որ հաջորդ տարի արդեն այս հարցը ևս կլուծվի:
Գերասիմ Ալավարդյանի փոխանցմամբ, ճգնաժամը հիմնականում ազդել է վերամշակման ծավալների վրա, բայց փոխարենը աճել են գյուղմթերքների արտահանման ծավալները:
Հայ– թուրքական սահմանի բացման հետ մեծ հույսեր կապող նախարարը նկատեց, թե հաջորդ տարի` սահմանի բացման դեպքում, գյուղմթերքների արտահանման ծավալները մի քանի անգամ կավելանան: Նա համոզված է, որ իր լավատեսությունն անհիմն չէ. «Կառավարությունում ուսումնասիրել են Թուրքիայի գյուղատնտեսական շուկան եւ չեն կիսում առկա կարծիքը, թե սահմանի բացումը կարող է վնասել Հայաստանի գյուղատնտեսությանը: Յոթ– ութ ապրանքատեսակներ, որոնց ավելցուկն այսօր կա, որ կարող ենք իրացնել, օրինակ խաղողը, այսօր Թուրքիայի շուկայում դրանց գինն ավելի բարձր է, քան Հայաստանում»։
ArmAr.am












