Արթուր Բաղդասարյան.«Այդ ուժերը կարող են օգտագործվել որևէ երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում»
Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Ղազախստան կատարած այցի մանրամասները: Այդ մասին նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
«Հանրապետության նախագահը ներկայացրեց ոչ պաշտոնական գագաթնաժողովում քննարկված հարցերը, որոնք կարեւոր նշանակություն ունեն: Գագաթնաժողովի ընթացքում եւս մեկ անգամ արձանագրվել է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերը ժամանակակից տեխնիկայով վերազինելու մասին, եւ մասնակից երկրների նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել այս կարեւոր որոշումը մինչեւ վերջ հասցնելու վերաբերյալ»,- նշեց Բաղդասարյանը եւ հավելեց, որ «Ուժերը կարող են օգտագործվել որեւէ երկրի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում: Նախագահը տեղեկացրեց նաեւ ԵվրԱզԷՍ-ի շրջանակներում հատուկ կայունացնող հիմնադրամի ստեղծման մասին: Դա 10 մլրդ դոլարանոց հիմնադրամ է, որի ստեղծումը հնարավորություն կտա խթանել տնտեսական համագործակցությունը եւ նպաստել ծրագրերի իրականացմանը»:
Բաղդասարյանը հայտնեց նաեւ, որ ԱԱԽ նիստի 2-րդ հարցը վերաբերել է արտաքին քաղաքականության հիմնախնդիրներին: ԱԱԽ-ն քննարկել եւ հավանության է արժանացրել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեության հիմնական ուղղությունները պարունակող 4 հիմնական փաստաթղթեր:












