ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-ը ցանց է ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում
ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՋիԷնՍի-Ալֆա ընկերությունը ստորագրել են պայմանագիր, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն է ստանում դիվերսիֆիկացնել դեպի իր սեփական արագագործ օպտիկամանրաթելային մալուխային ցանց տվյալների փոխանցման կապուղիները: Պայմանագրով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը,Երևանից մինչև հայ-վրացական սահմանը ձգվող օպտիկա-մանրաթելային մալուխային համակարգի հատվածում, ձեռք կբերի ՋիԷնՍի-Ալֆա ընկերության օպտիկական մալուխներ: ՋիԷնՍի-Ալֆա-ի համակարգի հյուսիսային հատվածը կգործարկվի ծրագրի իրականացման երկրորդ փուլում` 2010 թվականին:
Ավելի վաղ` այս տարվա նոյեմբերի 17-ին, ՎիվաՍել-ՄՏՍ և ՋիԷնՍի-Ալֆա ընկերությունները պայմանագիր էին ստորագրել, որով ՎիվաՍել-ՄՏՍ-ը հնարավորություն ստացավ ցանց ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում և միանալ տվյալների փոխանցման միջազգային ցանցերին: Հարավում ՋիԷնՍի-Ալֆա ընկերության օպտիկա-մանրաթելային մալուխը միակցված է Իրանի ընդարձակ օպտիկա-մանրաթելային մալուխային ցանցին և ելք է ապահովում դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցերը:
ՋիԷնՍի-Ալֆա ընկերության օպտիկա-մանրաթելային մալուխի հյուսիսային հատվածն այլընտրանքային կապ կապահովի համաշխարհային ցանցերի հետ: Նախատեսվում է, որ այն կշահագործվի արդեն հաջորդ տարվա սկզբում` Հայաստանը Վրաստանի միջոցով կապելով Եվրասիային: Միանալով միջազգային ցանցերին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի համահանրապետական ցանցն ընկերությանը թույլ կտա մեծացնել իր կապուղիների թողունակությունը` բաժանորդների շրջանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունների անընդհատ աճող պահանջարկը բավարարելու համար: Ըստ կանխատեսումների, 2010-2013թթ. ընկած ժամանակահատվածում, շարժական լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում շեշտակի կաճի:
«Բացի ինտերնետ կապուղիների ավելի մեծ թողունակության ապահովումը, ընդլայնելով օպտիկա-մանրաթելային ցանցը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը նպատակ ունի նաև դիվերսիֆիկացնել տվյալների փոխանցման միջազգային կապուղիները: ՎիվաՍել-ՄՏՍ-ի սեփական օպտիկա-մանրաթելային մալուխային ցանցը Հայաստանի սպառողների համար լայնաշերտ մուտքի առավել մեծ հնարավորություններ կստեղծի: Մենք անընդհատ քայլեր ենք կատարում լայնաշերտ ինտերնետի շուկայի նոր մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ: Օրըստօրե մեծանում է փոխանցվող տվյալների ծավալը: Բաժանորդի տեսանկյունից դիտելիս` մեր ցանցի ընդլայնումն ու դիվերսիֆիկացումը կարող են ապահովել ծառայությունների առավել բարձ որակ և հուսալի լուծումներ, նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը տվյալների փոխանցման իր կապուղիների թողունակությունն ավելացրել է շուրջ հինգ անգամ` տվյալների փոխանցման սպառման աճող ծավալները բավարարելու ուղղությամբ: Մենք ջանք չենք խնայի ապագայում ևս մեր հնարավորությունները ընդլայնելու համար: ՋիԷնՍի-Ալֆա ընկերությունից լրացուցիչ օպտիկա-մանրաթելային մալուխների ձեռքբերումը երկարաժամկետ ռազմավարության իրագործման և ավելիին հասնելու պատրաստակամության հերթական օրինակն է»,- ավելացրեց Ռալֆ Յիրիկյանը:
10:06:0












