Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ի սկզμանե ապահովագրված է շահարկվելուց
Արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն ի սկզμանե ապահովագրված է շահարկվելուց, քանզի բանակցությունների հիմքում հայկական կողմը դրել է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու հարցը:
Այսօր հասարակության մեջ առկա են մտահոգություններ առ այն, որ Թուրքիան կարող է Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի նկատմամբ դիմել ճնշումների: Այստեղից բխում է հարցադրում, թե ընդհանրապես արժե՞ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ:
Հարկ է նշել, որ դիվանագիտական փոխհարաբերություններ Հայաստանի և Թուրքիայի միջև հաստատված եղել են նաև ոչ վաղ անցյալում` Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին` 1918-1920 թթ.: Նույն շրջանում դիվանագիտական փոխհարաբերություններ եղել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
Սակայն հայոց դիվանագիտության ողջ պատմության ընթացքում երկուստեք փոխհարաբերություններում Թուրքիան թելադրողի դիրքում է եղել (1918 թ. հունիս` Բաթում, 1920 թ. դեկտեմբեր` Ալեքսանդրապոլ, 1921 թ. հոկտեմբեր` Կարս): Խորհրդային Հայաստանն իր գոյության ընթացքում զրկված է եղել ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, ուստի, Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական փոխհարաբերությունները միջնորդավորված են եղել և կրել են խորհրդային իշխանությունների թելադրանքի կնիքը:
Թուրքիան Հայաստանի անկախությունը, ինչպես և 1918 թ., առաջիններից մեկը ճանաչեց, սակայն Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում Հայաստանի և Արցախի վրա ճնշում գործադրելու, ՀՀ տնտեսական զարգացումը խափանելու, արտաքին աշխարհի հետ կապը խզելու նպատակով 1993 թ. նրան ենթարկեց շրջափակման: 90-ականներից առ այսօր հայկական անկախ պետականության կայացումը հնարավորություն է ընձեռում հանդես գալու արտաքին քաղաքական որոշ նախա-ձեռնություններով:
Հայկական դիվանագիտության հաջողություններից մեկն այն է, որ Թուրքիայի Հանրապետության հետ հավասարը հավասարի հարաբերություններ կառուցելու, տնտեսական և հաղորդակցական շրջափակումից դուրս գալու քաղաքականությունը ստացավ միջազգային հանրության աջակցությունը` բացառելով Ղարաբաղյան հիմնահարցի շահարկումը:
Այսօր Թուրքիան փորձում է Ադրբեջանի և իր ներքին սպառման համար շահարկել Ղարաբաղյան հիմնախնդիրը: Թուրքական կողմը, գիտակցելով, որ արձանագրություններում նախապայմանները բացառվել են, նշում է, թե թուրքական խորհրդարանը չի վավերացնի արձանագրությունները, եթե Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղյան հիմնահարցում չգան փոխհամաձայնության: Այդպիսի հայտարարություն արել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը Լոնդոնում կայացած G20-ի գագաթաժողովում:
Մինչդեռ Հայաստանի նախագահը բազմիցս (30 սեպտեմμերի 2009 թ.`Հանրային խորհրդի քննարկում, 10 հոկտեմբերի 2009 թ.`
երկրի ղեկավարի ուղերձը) շեշտել է այն հանգամանքը, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրություններում որևէ տող չկա և չէր էլ կարող լինել Ղարաբաղյան հիմնահարցի մասին:
Այդ հիմնախնդրի լուծման ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման դիրքերից:
Հայկական դիվանագիտության ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ Մոսկովյան համաձայնագիրը (2 նոյեմμերի 2008 թ.) ցուցում է. Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորումը պետք է ընթանա միայն խաղաղ (քաղաքական) ճանապարհով` ի հակադրություն Ադրբեջանի սպառնալիքների և ռազմատենչ հայտարարությունների:
Հայկական կողմից արձանագրությունների չվավերացման պարագայում Հայաստանը կարող է կորցնել վստահությունը միջազգային հարաբերություններում, իսկ Ղարաբաղյան հիմնահարցի քաղաքական (խաղաղ) կարգավորման հնարավորությունը կարող է լրջորեն տուժել:
Ալիկ Ղարիբյան
պատմական գիտությունների թեկնածու












