Սարասար Սարյան. «Ադրբեջանը նենգափոխելով օգտագործում է այսպես ասած, փախստականների խնդիրները»
«Ադրբեջանում «փախստական» հասկացությունն ի սկզբանե այլ կերպ է բնորոշվել, քան այլ երկրներում: Ադրբեջանում այն շատ ավելի գործիք է կոպիտ և ցինիկ քաղաքականության»:
Այդ մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը:
Ինչպես նկատում է պարոն Սարյանը` պաշտոնական Բաքուն հիշում է փախստականներին դեպքից դեպք: Ինչպես հայտնի է, մինչ օրս Ադրբեջանում գոյություն ունեն հատուկ առանձնավայրեր փախստականների համար, ուր պարբերաբար տանում են օտարերկրյա պատվիրակությունների անդամներին, որպեսզի բողոքեն «հայ ագրեսորներից»:
«Բաքվեցիները խոստովանում են, որ եթե ցանկացած օտարերկրացու, որը այս կամ այն պատվիրակության կազմում այցելել է Ադրբեջան, խնդրես նշել ադրբեջանական հինգ կազմակերպությունների անվանումներ, նա անպայման կհիշատակի «փախստականներին» և «վրանների քաղաքը»: «Վրանների քաղաք» այցելել են գրեթե բոլոր ԱՊՀ երկրների նախագահները, բոլոր քիչ թե շատ հայտնի անձինք, որոնք եղել են Ադրբեջանում:
Ադրբեջանի նման տնտեսական պայմաններ ունեցող երկրում պետք է, որ փախստականների խնդիր չլինի: Բայց եղածը լուծելու փոխարեն, Ադրբեջանի կառավարությունը դրանք միտումնավոր թողել է բարձիթողի վիճակում և այսօր այն օգտագործում է զուտ հակահայկական քարոզչություն տարածելու նպատակով: Ու կարծես թե իր նպատակին հասել է. արդեն 20 տարի շարունակ Ադրբեջանի իշխանությունները փախստականների անվան տակ և’ ֆինանսական եկամուտներ են ստանում, և’ քաղաքական դիվիդենտներ: Միաժամանակ նկատելի է, որ Ադրբեջանի նախագահն իր ռազմատենչ հայտարարությունները հնչեցնում է հիմնականում փախստականների հետ հանդիպումների ժամանակ», – նշում է ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահը
Սարասար Սարյանի խոսքերով, ադրբեջանցի «փախստականների» փորձերը` բարձրաձայնել իրենց խնդիրները, իշխանությունները լռեցնում են` նույնիսկ ուժ գործադրելով, լավագույն դեպքում դրանք բախվում են իշխանությունների բացարձակ անտարբերությանը:
«Ինչպես գրում է «Ազադլիգ» հրատարակությունը, օրերս Նարիման շրջանի գործադիր իշխանությունները որոշել են ազգությամբ քուրդ, Թուրքիայի քաղաքացի մի գործարարի օժանդակությամբ ինչ-որ կազմակերպություն հիմնել Խուտոր գյուղի թաղամասերից մեկում, որը բնակեցված է «փախստականներով»: Այս քարոզչական ծրագիրն իրականացնելու նպատակով Խուտոր գյուղի այդ թաղամասի բնակիչներին իշխանությունները պարտադրանքով փորձում են տեղափոխել մեկ այլ բնակավայր, որը կառուցվել է ավերված հայկական գերեզմանոցի տարածքում: Չնայած թաղամասի բնակիչները բողոքում են, սակայն ղեկավարությունը չի արձագանքում նրանց բողոքներին…», – ասում է Սարասար Սարյանը:
Այսօր Ադրբեջանում դարձյալ իրար են խառնվել, դարձյալ ակտիվացրել են խոսակցությունները, այսպես կոչված «ադրբեջանական փախստականների» շուրջ: Եվ դա իր հստակ պատճառն ունի: Ինչպես նկատում է պարոն Սարյանը, այս անգամ ադրբեջանցիները հիստերիա են բարձրացրել կապված այն 8 մլն դոլարի հետ, որ ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ կտրամադրվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` հումանիտար օգնության տեսքով: Պաշտոնական Բաքուն բողոքում է, ու ինչպես սպասվում էր` դարձյալ հիշել են «ադրբեջանցի փախստականներին» և Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայքը»:
«Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևի մեջ հանկարծ զարթնել է մարդասիրությունն ու խղճահարությունը` իր «ստորացված և վիրավորված» համաքաղաքացիների նկատմամբ: Այնքան է խղճահարվել, որ գործը հասավ ԱՄՆ նախագահի հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելուն, ընդհուպ մինչև` շանտաժին: Ի՞նչ է պատահել իրականում: Չէ՞ որ, ժողովրդավարության աջակցության ամերիկյան ծրագրի համաձայն, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն արդեն մի քանի տարի է ինչ ֆինանսական օգնություն է ստանում ԱՄՆ-ից: Ինչո՞ւ Ադրբեջանն այս անգամ արձագանքեց նման խուճապով: Պաշտոնական Բաքվի տարօրինակ հարցադրումները, թե ինչպե՞ս է օգտագործվելու նշված գումարը Լեռնային Ղարաբաղում, ակնհայտ ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների անհանգստությունը: Հասկանալի է, որ նշված գումարի հատկացումը գերտերության կողմից (տվյալ դեպքում չափը կարևոր չէ), զգալի հարված է հասցնում հոգեվարքի մեջ գտնվող Ադրբեջանի հակահայկական գաղափարախոսական մեքենային»– ասաց Սարյանը:
Նկատի ունենալով այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն շարունակում է այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» համար գումարներ խնդրել միջազգային ֆինանսական դոնոր կազմակերպություններից, ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության նախագահն ասաց. «Ի տարբերություն «ադրբեջանցի փախստականների», Ղարաբաղի փախստականները միջազգային կազմակերպությունների կողմից մարդասիրական օգնություն չեն ստանում, չնայած լիարժեք իրավունք ունեն` կրած նյութական և բարոյական վնասների համար փոխհատուցում պահանջել Ադրբեջանից, որը պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ և զանգվածային էթնիկ բնաջնջումներ սկսեց իրականացնել հայերի նկատմամբ: Եվ հետո, եթե Ադրբեջանում փախստականների և վերաբնակեցված անձանց իրական թիվը կազմում է մոտ 8%, ապա ԼՂՀ-ում այն կազմում է 33%: Ցանկանում եմ նաև նշել, որ ադրբեջանական իշխանությունները փախստականների նկատմամբ դրսևորեցին անմարդկային վերաբերմունք, մինչդեռ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանից մազապուրծ եղած հայ փախստականներն արժանացան ջերմ ընդունելության: Նրանք շարունակում են ինտեգրվել հասարակության մեջ որպես ԼՂՀ-ի լիարժեք քաղաքացիներ»:
Սարասար Սարյանը նաև մեզ տռեղեկացրեց, որ այսօր Ադրբեջանը փախստականներով բնակեցնում է այն տարածքները, որոնք ընկած են Ադրվեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում:
«Թնդանոթների արկերի զոհը չե՞ն դառնա, արդյո՞ք, փախստականները, եթե հաշվի առնենք, որ Ալիևը նոր պատերազմ սկսելու սպառնալիքներ է հնչեցնում, արդյո՞ք, նրանք չեն դառնա քաղաքական հավակնության և ինտրիգների զոհեր: Չէ՞, որ պաշտոնական Բաքուն, ինչպես ցույց է տալիս փորձը, թքած ունի հասարակ ժողովրդի վրա», – ասաց Սարասար Սարյանը:
Նրա խոսքով, սակայն Ադրբեջանում կան սթափ դատող մարդիկ, ովքեր մտահոգված են փախստականների հոգեկան վիճակով: «Այս մարդիկ իշխանություների պարտադրանքով իրենց կյանքը անցկացնում են վրաններում, չունեն աշխատանք և մշտապես գտնվում են փախստականի կարգավիճակում, այս ամենն, անշուշտ, առաջացնում է հոգեբանական սթրես: Եվ այդ մարդկանց` այդ արհեստական փախստականներին, ադրբաջանական իշխանություններն ուզում են ուղարկել Ղարաբաղ, որպես զոմբիներ, կամ «երկրորդական հումք», որոնք Ղարաբաղում կփորձեն իրականացնել Ադրբեջանի ինչ-ինչ ծրագրեր»,-եզրափակեց Սարասար Սարյանը:
ArmAr.am













