Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը

Դեկտեմբեր 23, 2009թ. 15:58

Դեկտեմբեր 20-ին բրիտանա-հայկական խորհրդարանական խումբը հաղորդագրություն է տարածել, որում տեղեկացնում է, որ Լորդերի պալատում ստեղծվել է բրիտանա-ղարաբաղյան խորհրդարանական խումբ, եւ մտահոգություն է հայտնում այդ խմբի հետագա գործունեության կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ազատ օրը»:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Դեկտեմբերի 3-ին բրիտանաղարաբաղյան խորհրդարանական նոր խումբ է ստեղծվել Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում: Այն ստեղծվել է վիկոնտ Դեսմոնդ Ուեւերլիի ջանքերով, ով եղել է բրիտանահայկական խորհրդարանական խմբի անդամ եւ 1996-ին այցելել է Ղարաբաղ:

Բրիտանական խորհրդարանում բազմաթիվ խմբեր կան, սակայն բոլորը ունեն մեկ հիմնական գիծ՝ այն, ինչի համար ստեղծվել է խումբը, պետք է գոյություն ունենա: Այսինքն` ստեղծելով նոր` բրիտանա-ղարաբաղյան խորհրդարանական խումբը, լորդ Ուեւերլին եւ բարոնուհի Սիմոնսը, փաստորեն, ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունը:

Հայկական խմբի համար շատ մտահոգիչ է այն փաստը, որ լորդ Ուեւերլին եւ բարոնուհի Սիմոնսը չեն կապվել ո’չ Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչների, ո’չ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան, ո’չ էլ բրիտանա-հայկական խորհրդարանական խմբի անդամների հետ այդ երկրում տիրող իրավիճակի մասին ավելի ճիշտ տեղեկություններ ստանալու համար: Ղարաբաղի իշխանություններին մասնակից չդարձնելով՝ նրանց հետագա հայտարարությունները թերի կլինեն:

Լորդ Ուեւերլին եւ բարոնուհի Սիմոնսը պետք է լիակատար պատասխանատվություն կրեն բոլոր հնարավոր հետեւանքների համար, քանի որ նրանց կողմից արված որեւէ հայտարարություն կարող է վնաս հասցնել խաղաղ կարգավորման գործընթացին:

Հայկական խումբը ողջունում է նորաստեղծ խմբի հետ համագործակցությունը, ինչպես նաեւ խմբի համագործակցությունը Ղարաբաղի խորհրդարանի եւ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչների հետ»:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն