Դավութօղլուն հայ-թուրքական հարաբերությունները դարձյալ պայմանավորել է Ղարաբաղյան խնդրով
Թուրքական «Հուրիեթ» թերթը տեղեկացնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան ցանկանում է բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: «Սակայն մեր եվրոպական գործընկերներին զգուշացրել ենք, որ այդ գործընթացը կախված է Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումից:
Նրա խոսքերով` ոչ ոք չի ցանկանում վերադառնալ մինչ արձանագրությունների ստորագրումը եղած ժամանակները, նման սցենարը ոչ մի կողմին օգուտ չի բերի:
«Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը փակ է արդեն 20 տարի, եւ մենք ցանկանում ենք փոխել գոյություն ունեցող իրավիճակը: Ամբողջ աշխարհը տեսնում է այդ ուղղությամբ արված մեր ջանքերը: Սակայն մենք որոշակի քայլեր ենք սպասում նաեւ Հայաստանից: Այդ հարցում ժամանակային կաղապարներ պետք չեն: Մենք տեսնում ենք, թե ինչպես է ակտիվացել ԵԱՀԿ ՄԽ-ն, եւ սպասում ենք առաջընթացի: Չի կարելի տարածաշրջանի ճակատագիրը պայմանավորել լոբբիի շահերով, բոլոր հիմնախնդիրները պետք է լուծեն պետությունների ղեկավարները: Կարծում եմ` պարոնայք Գյուլը, Էրդողանը եւ Սարգսյանը հասկանում են դա»,- ասել է Դավութօղլուն:
ArmAr.am












