Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեզ համար աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է
Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ «Արմարի» լրագրողին իր տեսակետն է հայտնել ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:
-Հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացը, շնորհիվ հայաստանյան նախաձեռնությունների, այս տարի ընթացք ստացավ: Ստորագրված արձանագրությունները կարող են հիմք ծառայել երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների կարգավորման համար: Դա մեզ հնարավորություն կտա ապահովել երրորդ ելքը դեպի մեծ աշխարհ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մեզ համար աշխրհաքաղաքական անհրաժեշտություն է: Մենք տեսանք, թե ինչպես անցած տարի` ռուս-վրացական պատերազմի օրերին, 5 օրում, Հայաստանը շուրջ կես միլիարդ դրամ կորցրեց: Երկրորդ`եթե հայ-թուրքական միջպետական հարաբերությունները 2010թ. հասնեն տրամաբանական ավարտին, Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, կարծում եմ, որ տարածաշրջանում կայունության և զարգաման համար բարենպաստ պայմանններ կստեղծվեն: Երրորդ` բացարձակ չեմ կիսում այն մարդկանց տեսակետը, որ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը կարող է խոչընդոտել ազգային շահերի լուծմանը` մասնավորապես ցեղասպանության ճանաչմանը: Ինչո՞ւ:
Առաջին, մի քանի ամիս առաջ ամերիկյան սենատում նախապատրաստվեց հերթական նոր բանաձևը ցեղասպանության ճանաչման մասին. այդպիսի գործընթաց պատրաստվում է սկսել Շվեդիայի խորհրդարանը: Եվ սփյուռքի գործունեությունը ցեղասպանության ճանաչման առումով քիչ է կապված հայաստանյան իշխանությունների մոտեցման հետ. նարնք աշխատում են ավելի մեծ եռանդով: Կա ևս մի իրողություն. շատ երկրներ ճանաչում են հայոց ցեղասպանությունը ոչ թե ելնելով բարոյականության, պատմական արդարության վեհ գաղափարներից, այլ լուծում են իրենց առօրեական խնդիրները, որ ունեն Թուրքիայի հետ:
Ցեղասպանության ճանաչման գործընթացը մենք պետք է տեղափոխենք քաղաքական հարթությունից միջազգային իրավական հարթություն, որը շատ բարդ խնդիր է և կպահանջի ողջ հայության ինտելեկտուալ ուժերի գերլարում, որովհետև գործ պետք է ունենանք այնպիսի մի երկրի հետ, ինչպիսին Թուրքիան է: Իսկ Թուրքիայում այդ աշխատանքը արդեն սկսված է. նրանք արդեն իրավական դաշտում ամեն ինչ անում են ցեղասպանության ճանաչման, դատապարտման ու հատուցման դեմ պայքարելու համար: 2002թ Թուրքիայում վարչապետի հրամանով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որտեղ ընդգրկված են և պետական մարմինների, և նախարարությունների ղեկավարները, ինչպես նաեւ հետախուզության աշխատակիցները: Այդ կառույցի աշխատանքները ի պաշտոնե ղեկավարում է փոխվարչապետը: Մամուլում կա հրապարակում այն մասին, որ այդ կառույցի աշխատանքներում ներգրավված են նաեւ արտասահմանցի խոշոր միջազգայնագետները: Նրանք մշակել են մի ծրագիր, որով անհրաժեշտության դեպքում կարող են նախահարձակ լինել` այսինքն իրենք մեղադրեն Հայաստանին զրպարտության համար: Նրանք ծրագիրն արդեն քննարկել են, սակայն որոշել են սպասել հայերի գործողություններին:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Թուրքիան վերջիվերջո ձախողի գործընթացը պրն. Սաֆրաստյանը պատասխանեց.
«Տրամաբանորեն, եթե նրանք գնացել են այդ արձանագրությունների ստորագրմանը, ապա պատրաստ են բացել սահմաը և հարաբերությունները կարգավորել: Սակայն նրանք դեռ կձգձգեն: իմանալով թուրքերի մտածողությունը` կարելի է ենթադրել, որ հիմա Թուրքիային առանձնապես պետք չի սահմանի բացումը. տնտեսական առումով Հայաստանից ոչ մի կախում չունեն, ճանապարհի առումով ևս: Նրանց համար կարևոր է սահմանի բացումը, որպեսզի Վրաստանը շրջանցեն, որովհետև այնտեղ անկայուն վիճակ է և հետո, օրեցօր սրվում են հարաբերություները վրացիների հետ: Թուրքիան պատրաստվում է ընդունել Վրաստանի կողմից չճանաչված Աբխազիայի նորընտիր նախագահին: Թուրքերի համար կարևոր է Հայաստանի միջոցով Կովկասում դիրքեր հաստատել:Բացի այդ, պետք է Եվրոպային ցույց տան, որ իրենք բարձր են կանգնում Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններից, այսինքն, ավելի մեծ խաղացող են: Բայց նրանք չեն շտպի` Ամերիկայի հետ իրենց խաղերը խաղալու նպատակով: Սա կապված է նաև քրդական հարցի հետ:
Լիլիթ Պողոսյան












