Սահակաշվիլու պատկերացումները «դարավոր եղբայրության» մասին սասանվում են
Վրաստանի իշխանությունների շրջանում իրարանցում է սկսվել։ Պատճառն այն է, որ Աբխազիայի նորընտիր նախագահ Սերգեյ Բագապշը նախատեսում է այցելել Թուրքիա։
Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է միջոցներ ձեռնարկել «ինքնակոչներին» պատժելու և «ինքնագլուխ» քայլերից հետ պահելու համար։ Այդ միջոցներից ամենաճիշտը նրանք համարում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը՝ նրանց մեղադրելով ռազմական մի շարք հանցագործությունների մեջ։ Ըստ Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Պատի Դավիտայայի, միայն նման քայլերի դեպքում հնարավոր կլինի կանխարգելել Բագապշի մուտքը Թուրքիա և Աբխազիայի ու Հարավային Օսիայի միջազգային կապերի ընդլայնումը։
Եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ վերջին շրջանում Վրաստանն առավել ջերմ, կարելի է ասել, անգամ եղբայրական կապերի մեջ էր գտնվում Թուրքիայի հետ, ստեղծված այս իրավիճակը կարող է սասանել Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլու պատկերացումները «դարավոր եղբայրության ու բարեկամության» մասին։
Վրաստանի արտգործնախարարությունն իրավիճակի մասին պարզաբանում ստանալու ակնկալիքով դիմել է Վրաստանում Թուրքիայի դեսպանին։ Սակայն, ինչքան էլ որ զարմանալի է, Թուրքիան առայժմ, այս խնդրի հետ կապված, իր դիրքորոշումը չի արտահայտել։
ArmAr.am












