«ՔԲԿ»-ը սպառնում է ապստամբություն սկսել Թուրքիայում
«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) պաշտոնական Անկարային ուղղված սպառնալից հայտարարություն է արել: Թուրքական «Haber1» լրատվական կայքի տեղեկացմամբ, «ՔԲԿ»-ի ազդեցիկ ղեկավարներից մեկը` Դուրան Քալքանը քուրդ զինյալների անունից հայտարարել է, որ եթե քրդական հարցի լուծումը ձգձգվի, ապա Թուրքիան դարձյալ կցնցվի ապստամբություններից ու փողոցային բախումներից:
«Եթե կարգավորման գործընթացը էլ ավելի երկարի, Թուրքիայում կբռնկվի ավելի լայնամասշաբ ու խորը ներքին պատերազմ»,- ասել է Քալքանը: Վերջինս ճիշտ է համարել «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի բնորոշումը, համաձայն որի, վերջերս Թուրքիայում սկսված զանգվածային անկագություններն ու փողոցային մարտերը ապստամբության փորձ էին:
Քուրդ գործիչը ընդգծել է, որ Թուրքիան կարող է քրդական հարցը լուծել ժողովրդավարության ճանապարհով, հակառակ դեպքում զինված պայքարը կշարունակվի:
«Ամեն պահն ավելի պայթյունավտանգ կարող է լինել: Կարող է ապստամբություն սկսվել»:
Նշենք, որ «ՔԲԿ»-ը Թուրքիայի և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն: Շուրջ երեք տասնամյակ քրդերը զինված պայքար են մղում թուրքերի դեմ` քրդական անկախ պետականություն հիմնելու նպատակով: Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի` Թայիփ Էրդողանի օգնական Հուսեին Չելիքը վերջերս հայտարարել էր, որ այդ ողջ ընթացքում Թուրքիան ծախսել է 300 մլրդ դոլար:
«Մինչև օրս սպանվել կամ հաշմանդամ է դարձել շուրջ 30.000 քուրդ գրոհային: Դա նշանակում է, որ մեկ քուրդ գրոհայինին վնասազերծելը Թուրքիայի համար արժեցել է 10 մլն դոլար»,- ասել է Չելիքն ու ընդգծել, որ միջազգային դիվանագիտությունում թուրքական պետության համար բարդություններ ստեղծող երեք հիմնական խնդիրներ կան. Կիպրոսի հարցը, Հայկական սփյուռքը և «Քրդական բանվորական կուսակցությունը»:












