Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հայ-արիները նշել են Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը

Դեկտեմբեր 23, 2009թ. 19:20

Դեկտեմբերի 22-ին հայ արիադավանները՝ հեթանոսները, հերթական անգամ հավաքվեցին Գառնո տաճարում: Այդ օրը հայ-արիները նշում են Տիեզերական կարեւոր տոներից՝ Ձմեռային Արեւադարձի եւ Հայոց Արդարադատության Աստված Միհրի ծննդյան օրը:

Գառնո արիական տաճարն իրապես արեւավառ էր ձմռան այդ օրը եւ տոնական հանդեսի մասնակիցները՝ Հայ Արիական միաբանության եւ Հայ ազգայնականների համախմբման անդամները, մեծ նվիրումով մասնակցեցին օրվա խորհրդի ծիսական, ազգային եւ տոնական արարողություններին:

Հայ արիները, հայ ազգայնականները գինեձոնով փառաբանեցին Միհր Աստծուն, Հայ Աստվածներին, Տիեզերքի Արարչին եւ երգեցին Արեւագալը…

Դեռ ամիսներ առաջ ՀԱՄ-ը, ՀԱՀ-ը եւ «Լուսանցք» շաբաթաթերթը հայտարարություն էին տարածել Երեւանում Արիական մայր տաճար կառուցելու համար: Հայտարարությունը արձագանքներ է գտել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում, Ջավախքում եւ սփյուռքում: Եվ ահա, դեկտեմբերի 21-ին նախաձեռնողները Երեւանի «Էյչ-Էս-Բի-Սի» բանկում բացեցին հաշվեհամար այդ նպատակն իրականացնելու համար նվիրատվական գումարներ հանգանակելու նպատակով (կայքում կտեղադրվեն հաշվեհամարները): Հիշեցնենք, որ հայտարարությունում մասնավորապես ասվում էր. «…Տարբեր դարերում հայերը հնարավորինս պաշտպանել են իրենց հին հավատը… Հայ Աստվածների պաշտամունքը: Մինչեւ ներկայիս սերունդը, վերջին անգամ Դանիել Վարուժանի, Կոստան Զարյանի ու Գարեգին Նժդեհի նմաններն են փորձել վերականգնել Հայոց հավատը… Հիմա կարիք կա քաղաքամայր Երեւանում առավել ազդեցիկ միջոցառումներ կազմակերպելու: Ուստի՝ վաղուց ծրագիր կա Երեւանում արիական-հեթանոսական Մայր Տաճար կառուցելու համար… Երբ բացի նշյալ կազմակերպություններից այլոք նույնպես ցանկություն հայտնեն միանալու, մենք հատուկ հաշվեհամար կբացենք Երեւանի բանկերից մեկում, որպեսզի գործն առաջ ընթանա»:

Նույն ժամանակահատվածում Հայ Արիական միաբանությունը հայտարարել էր, թե ձեռնամուխ է լինելու Հոգեւոր դասի ձեւավորման գործին, որն էլ կկազմավորի Հայոց քրմական դասը: Ահա, այդ օրը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը տոնակատարության մասնակիցներին ներկայացրեց, որ ՀԱՄ-ը կազմավորել է Հոգեւոր դաս եւ այն արդեն առաջադրել է 2 քրմերի թեկնածուներ: ՀԱՄ առաջնորդը ներկայացրեց նրանց եւ նշեց, որ քրիստոնեության բռնի ներխուժումից, Հայոց քրմական դասի դավադիր ոչնչացումից հետո առաջին եւ առայժմ միակ քուրմը (քրմապետը) եղել է ու կա տիար Սլակ Կակոսյանը, ում երկրային մահից հետո ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը այլեւս չեն տեսնում քրմերի (թերեւս միայն քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) կարող է լինել այդ գործի շարունակողը, ով օծված է Ս. Կակոսյանի կողմից): Ներկաները կարեւորեցին Սլակ Կակոսյանի ավանդը քրմական դասի վերաձեւավորման առումով, եւ Գառնո տաճարում Միհր Աստծո փառաբանումից հետո, մոտեցան երկրային կյանքին հրաժեշտ տված քրմապետի հուշաքարին ու հավաստեցին, որ նրա գործը անպայման կշարունակվի:

Տոնակատարության մասնակիցները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նաեւ Գառնո տաճարի վերականգնմանը մասնակցած հայորդիների հուշաքարին եւ փառաբանեցին նաեւ նրանց:

Արման Դավթյան


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն