ԼՂՀ վարչապետ. «2010 թվականի մեր առաջադրանքը պետք է լինի պետական բյուջեի միջոցների ճիշտ և խնայողաբար ծախսումը»
Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի 9-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից:
Նիստին ներկա էին կառավարության անդամներ, հանրապետական նշանակության գերատեսչությունների, ինչպես նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի ղեկավարները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։
Հաստատելով ընթացիկ նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և լիագումար նիստի օրակարգը, խորհրդարանը ձեռնամուխ եղավ խնդրո առարկա հարցերի քննարկմանը։
Լիագումար նիստի հիմնական թեման «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքի նախագծի մասին հարցն էր և պետբյուջեի նախագծի կազմում ԱԺ ներկայացված տարեկան նպատակային ծրագրերը։
Նախքան առաջադրված հարցի քննարկումը՝ խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ բյուջետային փաթեթը սահմանված ժամկետներում ստացվել ու նախնական քննարկման է ենթարկվել խորհրդարանում և, ըստ այդմ՝ ամփոփ տեսքով կառավարություն են ներկայացվել առանձին պատգամավորների, մշտական հանձնաժողովների ու խուբ-խմբակցությունների առաջարկությունները, ապա, նույնպես սահմանված ժամկետում, ստացվել են դրանց վերաբերյալ գործադիր իշխանության տեսակետները՝ համապատասխան հիմնավորումներով հանդերձ։
Գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կառավարության լիազորմամբ նիստում ներկայացրեց փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը։ Կառավարության անունից ԱԺ պատգամավորներին շնորհակալություն հայտնելով բյուջեի նախագծի և այն ուղեկցող փաստաթղթերի՝ գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ անցած շահագրգիռ քնարկումների համար, նախարարն ընդգծեց, որ դրանք խիստ օգտակար էին երկրի տնտեսական զարգացումն ապահովող առավել օպտիմալ բյուջետային լուծումներ գտնելու համար։ Գալիք տարվա բյուջետային քաղաքականությունը և առաջնահերթությունները, ասաց նա, ուղղված կլինեն ինչպես համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ազդեցության մեղմացմանը, նույնպես և երկրի կայուն զարգացման համար ամուր հիմքերի ստեղծմանը։
Անդրադառնալով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին, ֆինանսների նախարարը հաղորդեց, որ նախնական տվյալներով 2009թ. համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կկազմի 101.6 մլրդ դրամ (իրական աճը՝ ավելի քան 13 տոկոս)։ Պետական բյուջեի ծրագրված մուտքերը՝ ըստ սպասումների, ամբողջությամբ կապահովվեն և նախատեսված գումարը կկազմի 20.8 միլիարդ դրամ։
Ինչ վերաբերում է 2010թ., ապա, նախարարի հավաստմամբ՝ կատարված մակրոտնտեսական կանխատեսումները, ինչպես նաև պետբյուջեի ծրագրված ցուցանիշները զուսպ են և իրատեսական։ Ըստ կանխատեսումների, հայտնեց ֆինանսների նախարարը, ՀՆԱ-ն կկազմի 115 մլրդ դրամ և իրական աճը կլինի 10 տոկոսի մակարդակով։ 2010թ. համախմբված բյուջեի ցուցանիշները հետևյալն են. եկամուտների գծով՝ 56 մլրդ 280.1 մլն դրամ, ծախսերի գծով՝ 59 մլրդ 920.5 մլն դրամ։ Այդ պարագայում դեֆիցիտը կկազմի 3 մլրդ 640.4 մլն դրամ։ Սեփական եկամուտները ծրագրվել են 22 մլրդ 20 մլն դրամի չափով (աճը 2009թ. համեմատ՝ 6.1 տոկոս)։
Նախարարը հաղորդեց նաև, որ բյուջետային փաթեթի նախնական քննարկումների արդյունքում խորհրդարանից կառավարություն մուտք է գործել 11 առաջարկություն, որոնց վերաբերյալ ամփոփագրի տեսքով ներկայացվել են գործադիրի համապատասխան տեսակետներն ու պարզաբանումները։ Կառավարության լիազոր ներկայացուցչի հավաստմամբ՝ այդ առաջարկությունների հիմքով որոշ փոփոխություններ կկատարվեն բյուջեի նախագծում, որոնք վերջնական տեսքով կներկայացվեն հաջորդ նիստին։
Նիստն այնուհետև լսեց կառավարության լիազոր ներկայացուցիչների հաղորդումները բյուջետային փաթեթի մյուս փաստաթղթերի, այդ թվում՝ 2010թ. ԼՂՀ առողջապահական պետական նպատակային ծրագրերի (առողջապահության նախարար՝ Արմեն Խաչատրյան), ԼՂՀ 2010թ. գիտական, գիտատեխնիկական պետական և նպատակային ծրագրի (կրթության և գիտության նախարար՝ Վլադիկ Խաչատրյան), ԼՂՀ 2010թ. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման ծրագրի (սպորտի պետական կոմիտեի նախագահ՝ Ռազմիկ Հովսեփյան), ԼՂՀ-ում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2010թ. տարեկան ծրագրի (ոստիկանության ծառայության պետի տեղակալ՝ Անդրեյ Հակոբյան), հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2010թ. տարեկան ծրագրի և զբաղվածության կարգավորման 2010թ. պետական ծրագրի (սոցիալական ապահովության փոխնախարար՝ Լենստոն Ղուլյան), փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության 2010թ. ծրագրի (տնտեսական զարգացման փոխնախարար՝ Սուրեն Թամրազյան) վերաբերյալ։
Ներկայացվեցին նաև 2010թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագծի առնչությամբ ԱԺ գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Բենիկ Բախշիյան) ու պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Անդրանիկ Սարգսյան) դրական եզրակացությունները։
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ անցնող տարվա արդյունքների և գալիք տարվա պետբյուջեի նախագծի վերաբերյալ նիստում եզրափակիչ խոսքով հանդես եկավ նաև վարչապետ Արա Հարությունյանը։ Կառավարության ղեկավարը, հավարտ իր խոսքի, մասնավորապես, ընդգծեց. «2010 թվականին հիմնականում մեր առաջադրանքը կայանում է պետական բյուջեի միջոցների ճիշտ և խնայողական ծախսման մեջ, որպեսզի ավելի մեծ գումարներ կարողանանք ուղղել այն ճյուղերին, որոնց արդյունավետությունն ավելի մեծ է և առավել առաջնահերթ ծրագրեր են համարվում։ Եվ ամենակարևորը՝ մեզնից բոլորից պահանջվելու է ծանր ու քրտնաջան ամենօրյա աշխատանք ու հետևողականություն՝ ամեն մի ծրագրի իրականացման գործընթացում»։
Ամփոփելով բյուջետային քննարկումները՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ, համաձայն ԱԺ կանոնակարգի պահանջի, բյուջեի նախագծի քննարկումն ընդմիջվում է առնվազն 4 օրով, և խմբակցություններն ու պատգամավորները կարող են 24 ժամվա ընթացքում ԱԺ քարտուղարություն ներկայացնել իրենց լրացուցիչ առաջարկություններն ու տեսակետները՝ կառավարությանը փոխանցելու համար, իսկ լիագումար նիստի աշխատանքի վերսկսման մասին նախապես կհայտարարվի կառավարության պարզաբանումների երկրորդ ամփոփաթերթիկն ստանալուց հետո։
Խորհրդարանն այնուհետև ձեռնամուխ եղավ օրակարգում առաջադրված մյուս օրինագծերին։
Նախ, քննության առնվեց ՙԼՂՀ տոների և հիշատակի օրերի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագիծը։ Ներկայացնելով այն, կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը հաղորդեց, որ նախագծով առաջարկվում է գործող օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Ամանոր և Ծննդյան տոներ, որոնք նշվում են դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը՝ ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ը, 4-ը և 5-ը (Նախածննդյան տոներ) և հունվարի 6-ը (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր, ինչպես նաև օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 1.1 հոդվածով. ՙՍուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող մեռելոց հիշատակի օր՝ հունվարի 7-ը՝ ոչ աշխատանքային օր»:
Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գարիկ Գրիգորյան) եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։
Ապա լսվեց «Հանրաքվեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագծի մասին հարցը։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակի իրավունքով ներկայացնելով այն, պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հաղորդեց, որ առաջարկվող փոփոխություններն ու լրացումը պայմանավորված են գործող օրենքը ԼՂՀ Սահմանադրության պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Միևնույն ժամանակ, նա առաջարկեց օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ՝ կառավարության կողմից ներկայացված առաջարկները ներառելու նպատակով։
Նախագծի հեղինակի տեսակետին համաձայն էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը։ Խորհրդարանը կողմ քվեարկեց հնչած առաջարկությանը. օրենքն ընդունվեց առաջին ընթերցմամբ։
«ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը կառավարության լիազորմամբ նիստում ներկայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը, նշելով, որ տվյալ օրենքի ընդունումը պայմանավորված է ընտրական վարչարարության հետագա կատարելագործման, ընտրական ընթացակարգերի հստակեցման, գործող ընտրական օրենսգիրքը ԼՂՀ տարբեր օրենքներում կատարված փոփոխություններին և նոր ընդունված օրենքների պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որի արդյունքում, հիմք ընդունելով գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Արկադի Սողոմոնյան) առաջարկությունը, խորհրդարանն օրենքն ընդունեց առաջին ընթերցմամբ։
Նիստն այնուհետև կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ քննարկեց իրար փոխկապակցված երկու օրենսդրական փաթեթներ՝ ՙՀանրակրթության մասին՚, ՙԼիցենզավորման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը (երկրորդ ընթերցում) և «Կրթության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։
Դրական էին գլխադասային՝ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) համապատասխան եզրակացությունները։ Օրենքներն ընդունվեցին վերջնական տեսքով։
Խորհրդարանն այնուհետև, հաշվի առնելով գլխադասային՝ սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Զոյա Լազարյան) դրական եզրակացությունը, որևէ առարկության տեղիք չտալով, ընդունեց երկրորդ ընթերցմամբ ներկայացված «Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» օրենքը (օրենսդրական նախաձեռնության հեղինակ՝ պատգամավոր Արպատ Ավանեսյան)։
Նիստի օրակարգը սպառվեց ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի գործունեության 2010թ. տարեկան ծրագրի մասին տվյալ հանձնաժողովի նախագահ Վաչե Ադամյանի հաղորդմամբ։ Համաձայն կանոնակարգային պահանջի՝ ներկայացված ծրագիրն արժանացավ խորհրդարանի հավանությանը։
ArmAr.am












