«Չկանգնեցնե՞նք մամուլը իր կոչման բարձրության վրա»
Լրագրային-հրապարակախոսական ոճի ըմբռնումը և սրան առնչվող հարցերր եզրագծվում են լեզվի ոճաբանության և խոսքի ոճաբանության սահմաններով։ Այդ հարցերից առանցքայինը ոճական ավանդույթն է, որն ունի երկու կողմ՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ։ Առաջինը պայմանավորված է պատմականորեն ձևավորված գրական լեզվի ոճաբանությամբ, իսկ երկրորդն առնչվում է խոսքի, հաղորդակցման ոճաբանությանը և, ի վերջո, հանգում հեղինակային ոճին։ Հատկապես երկրորդ բաղադրիչը ժամանակակից մամուլում էական փոփոխություններ է կրել, որոնք դարձյալ ունեն իրենց յուրահատուկ դրդապատճառները։ Լրագրային-հրապարակախոսական ոճի առանձնահատկություններից մեկն այն է, որ դժվար ընկալելի կամ նորահայտ յուրաքանչյուր հասկացություն դիտարկվում և մեկնաբանվում է առօրեական րմբռնումների համատեքստում՝ ծառայելով հիմնական նպատակին՝ հասանելի լինել ընթերցողին, ունկնդրին։ Այսինքն, ընթերցողը, ունկնդիրը, նրան հուզող խնդիրները դառնում են այն կիզապակին, ուր խտանում և որտեղից նաև բխում են լրագրային-հրապարակախոսական ոճի բոլոր առանձնահատկությունները։
Զանգվածային լրատվական միջոցները հասարակական֊-քաղաքական իրադարձությունների, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, մշակութային և այլ նորությունների տարածման հետ նաև լեզվի քարոզչության արդյունավետ միջոցներ են։Մամուլում շոշափվում են ոչ միայն տվյալ ժամանակի հասարակական կյանքի հրատապ խնդիրները, այլև հասարակությանը հետաքրքրող բազմապիսի հարցեր՝ քաղաքական, տնտեսական, կենցաղային, մշակութային և այլն։ Ասվածը վկայում է, որ մեր ժամանակներում խիստ մեծացել Է լրագրող-հրապարակախոսի դերը ոչ միայն հանրությանը տեղեկատվություն մատուցելու, այլև նրան քաղաքական, սոցիալական ճիշտ կողմնորոշում տալու և մարդկանց լեզվական ճաշակը բարձրացնելու առումով:
Այս ոճի բառապաշարի մեջ մտնում են ոչ միայն գնահատողական բառեր և արտահայտություններ, այլև գիտական ու մասնագիտական եզրույթներ, նորագույն փոխառություններ, նորաբանություններ, կայուն բառակապակցություններ և հատկապես դարձվածային արտահայտություններ։
Այս դեպքում շատ կարևոր են նաե լրագրողի, հոդվածագրի ճաշակը, լեզվական իմացությունը, ժողովրդական բառ ու բանին ծանոթ լինելու աս– տիճանը:
Դարձվածային արտահայտություններ, առած-սաացվածքներ այսօր էլ առատորեն գործածվում են մամուլում՝ հաճախ տեղին ու դիպուկ՝ խոսքը դարձնելով աշխույժ ու պատկերավոր։ Դիտարկումները ցույց են տալիս սակայն, որ մերօրյա մամուլում գնալով ավելանում են օտարաբանությունները, ժարգոնային, հաճախ նույնիսկ փողոցից վերցրած արտահայտությունները, որոնք իջեցնում են խոսքի մակարդակը և լեզվական ճաշակ զարգացնելու փոխարեն ուղղակի ոչնչացնում են այն։ Այս երևույթն ունի երկու պատճառ։ Առաջինը լրագրողի, հոդվածագրի՝ գրական հայերենին վատ տիրապետելն է (երբեմն նույնիսկ չտիրապետելը կամ կիսագրագետ լինելը) կամ գրական լեզվի պահանջներն անտեսելը, իսկ երկրորդը` գաղափարական հակառակորդին նսեմացնելը, ծաղրելը՝ լեզվական միջոցների մեջ խտրություն չդնելով։ Ինչ խոսք, ինչ-որ մեկին բնորոշ արտահայտություններով խոսքը համեմելը վաղուց հայտնի և ընդունված հնարք է, բայց երբ նմանատիպ արտահայտությունների առատության մեջ կորչում է բուն խոսքը, արդեն անթույլատրելի է:՝Այս առումով աչքի են ընկնում հեռուստատեսությունը (սերիալներում և զանազան երգիծական հաղորդումներում հնչող խոսքով) և հատկապես որոշ պարբերականներ:
Ժարգոնային արտահայտությունները առատորեն ներթափանցել են մամուլ, և դրանց գործածությունը գնալով մեծանում է: Դրա նպատակն ամենևին էլ խոսքը մատչելի դարձնելը չէ, այլ գաղափարական հակառակորդին ծաղրուծանակի ենթարկելը, բայց որի հետևանքով տուժում է հայերենը՝ արձանագրելով լեզվական նահանջ, ոճի և ճաշակի աղավաղում։
Մամուլի միասնական միտվածության, լրագրող-հրապարակախոսի առաքելության մասին այսօր էլ շատ է գրվում։ Այն, որ մամուլը պետք է ծաոայի համազգային գերխնդրի իրականացմանը, ժողովրդի հավաքական կերպարի կայացմանը, մարդկանց լեզվական ճաշակի բարձրացմանը, ոչ մեկի մեջ կասկած չի հարուցում, մինչդեռ հիմա էլ լրագրական ոլորտը հաճախ է լցվում վերոհիշյալ խնդիրների հետ կապ չունեցող, զուտ անձնական միտվածություն ունեցող նյութերով, որոնք մատուցվում են գորշ ու խորթ մի լեզվով։ Ահա այս մասին է ահազանգ հնչեցրել Թիֆլիսում լույս տեսած «Մախլաս» շաբաթաթերթը 1914թ. մարտի 23-ի համարում.
«ՆՎԵՐ ՄԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՆԵՐԻՆ»
Ամեն մի ազգի պատկանող անձնավորության, լինի նա սոցիալիստ, լինի նա անարխիստ թե…ֆուտուրիստ, երբ վիրավորանքը իր ազգին է վերաբերում, նա փրփրում է, վիճում է, կատաղում է, միշտ իր ազգի պատիվն է պաշտպանում։ Այս մենք նկատել ենք մեր երկրի հայտնի գիտնականների և աշխարհահռչակ սոցիալիստների մեջ։
Չեմ ուզում օրինակներ բերել այստեղ, որովհետև ամեն մի կարդացող, որը կարող է կարդալ և հասկանալ, վաղուց ըմբռնած կլինի այս ճշմարտությունը, որը ոչ մի ազգի անդամի համար բացառության չի կազմում։
Միմիայն մենք, հայերս ենք, որ ամեն բանի մեջ բացառություն ենք կազմում։ Եվ դա մեզ թվում է մի տեսակ բնական բան, որովհետև այսպես եղել է մեր ցեղը, այսպես էլ շարունակվում է։ Բայց թե ինչու, այդ արդեն թող մեր «հայտնի» հրապարակախոսները ասեն։
Այժմ, երբ ամեն մի հայ մտավորական, ամեն մի հայ գործիչ, վերջապես ամեն մի հայ անհատ պետք է աշխատի իր ուժերի ներածին չավ օգնել իր տաճկահայ ազգակիցներին, որը խելքով, որը նյութականապես, որը պատշաճ տեղեր դիմումներ անելով, ընդհակառակը, այս բոլորը ոտնատակ տալով և մոռանալով ամեն մի հարմար մոմենտ, մենք բանակռիվներով ենք զբաղված, իրար միս ենք կրծում և իրարից բացատրություններ պահանջում, միջնորդ դատերի հրավիրում և լրագրին փող վճարող ընթերցողներին մեր անձնական շահերի վերաբերյալ բանակռիվներ հրամցնում։
Արդ, ժամանակը չէ՞ արդյոք, որ վերջ տանք իրար վարկաբեկ անելու համար միջոցներին խտրություն չը դնելուն և իրար տակ փորելուն, չկանգնեցնե՞նք մամուլը իր կոչման բարձրության վրա։
Մեր կարծիքով՝ ժամանակն է»։
Այդ ժամանակից անցել է 95 տարի..,
Ավիկ Մարության












