Կիպրոսի նախագահը թուրքական դրոշը համարել է այլանդակ դրոշ
Կիպրոսի նախագահ Դմիտրիս Խրիստոֆիասը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) Բեշփարմաքլար լեռան հարավային ստորոտին բարձրացված ՀԿԹՀ-ի դրոշն անվանել է այլանդակ: Այս մասին հայտնում է թուրքական «Stargundem» լրատվական կայքը: 216քմ զբաղեցնող այդ հսկա դրոշի ձախ կողմում պատկերված է Թուրքիան խորհրդանշող կիսալուսին և աստղ` մակագրված «Ինչ երջանիկ եմ, որ թուրք եմ» Աթաթուրքի հայտնի խոսքերով:
Կիպրոսի նախագահն ասել է. «Բոլորիս առջև տնկված է այդ այլանդակ դրոշը: Ամեն հնարավորն անում եմ, որպեսզի Բեշփարմաքի լեռան վրայից դա հանվի և հայրենիքն ու ժողովրդը վերամիավորվեն»:
Կիպրացի հույների առաջնորդը նաև ասել է, որ այդ դրոշը ցույց է տալիս, որ Կիպրոս կղզու բռնազավթումը շարունակվում է:
Հիշեցնենք, որ թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս կղզի ու բռնազավթեց կղզու տարածքի 40 տոկոսը: Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն այժմ ճանաչված է միայն Անկարայի կողմից:












