Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի հանդիպում Ժնևում
Դեկտեմբերի 15-19-ը Ժնևի Էկումենիկ կենտրոնում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի անդրանիկ հանդիպումը, որի ընթացքում ընտրվեցին Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի նոր նախագահը` Ֆրանսիայի Հույն Ուղղափառ Եկեղեցու Էմանուել Միտրոպոլիտը (Տիեզերական Պատրիարքություն), կառույցի նախագահության նոր անդամները, «Եկեղեցիները երկխոսության մեջ», «Եկեղեցի և Հասարակություն» և Միգրացիայի հարցերով հանձնախմբերի նոր անդամները:
Առաջիկա երեք տարիներին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «Եկեղեցիները Երկխոսության մեջ» հանձնախմբում ներկայացնելու է Արգածոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը, «Եկեղեցի և Հասարակություն» հանձնախմբում` Մայր Աթոռի Եկեղեցի և պետություն հարաբերությունների բաժնի պատասխանատու, փոխդիվանապետ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, Միգրացիայի հարցերով հանձնախմբում` Մայր Աթոռի Ներեկեղեցական բաժնի պատասխանատու Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Կենտրոնական կոմիտեն քննարկեց և հաստատեց Կոնֆերանսի 2010-2013 թթ. ծրագրային ուղղությունները, անդրադարձ կատարվեց կառույցի ֆինանսական վիճակին:
Հանդիպման ընթացքում Կենտրոնական Կոմիտեն առանձին հայտարարություններով հանդես եկավ Կոպենհագենյան գագաթաժողովի և Իտալիայում գաղթականների վիճակի վերաբերյալ:
Մասնակիցները անդրադարձան Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների վիճակին և ծանոթացան դրանց ուղղությամբ Կոնֆրանսի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համատեղ մոնիթորինգի հանձնախմբի աշխատանքներին: Անդրադարձ կատարվեց Վրաստանի Հանրապետությունում ազգային և կրոնական փոքրամասնությունների խնդիրներին, դրանց առնչությամբ հանձնարարականներ տրվեցին ԵԵԿ Գլխավոր քարտուղարին:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի կենտրոնական կոմիտեում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում է Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:
ArmAr.am












