Կառավարության հավանությունը` օրենսդրական նախաձեռնություններին
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» և ՙԾխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին:
Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում ապահովել դեպի հարկման ընդհանուր համակարգ:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական, ՀՀ քրեական եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացում կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը նպատակ ունի կարգավորել խոսքի ազատության չարաշահման հետ կապված հասարակական հարաբերությունները:
ՀՀ կառավարության հավանությունն է ստացել «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագիծը: Դրանով գործադիրն ակնկալում է ՓՄՁ սուբյեկտների դասակարգման չափորոշիչների հստակեցումն ու միասնականացումը, ոլորտին առնչվող վիճակագրության վարման պարզեցումն ու կատարելագործումը:
Կառավարությունը սկզբունքային առարկություն չունի ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քաղաքացիական դատավարության եւ քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ եւ լրացում կատարելու օրինագծերի փաթեթի վերաբերյալ, սակայն առաջարկում է մի շարք ճշգրտումներ: Նախագծում առաջ են քաշվել օրենսդրական ճիշտ ձեւակերպումների միջոցով նորմերից մի քանիսի կատարելագործման եւ մարդու իրավունքների պաշտպանության լիարժեք իրականացման հարցեր: Կառավարությունն առաջարկություններ ունի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Դրանք ընդունելու դեպքում ընդունելի կհամարվի նաեւ օրինագիծը, որը նվիրված է գործի վարույթը կասեցնելու հիմքերի սահմանմանը: ՀՀ կառավարությունն առաջարկել է հետաձգել մեկ այլ օրինագծի`«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկումը եւ դրա լրամշակման հարցում համագործակցել կառավարության հետ: Առաջարկությունն ուղղված է Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների, ովքեր հեղինակել են օրինագիծը եւ ում կարծիքով դրա ընդունումը կավելացնի պետբյուջեի եկամուտը, կնվազեցնի կոռուպցիոն ռիսկը:
Նշված օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
ArmAr.am
Այլ որոշումներ
Գործադիրը, վերաբաշխում կատարելով 2009թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում,
կառավարության պահուստային ֆոնդից 800,000.0 հազար դրամ է հատկացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին` ՀԴՄ մեքենաների 2009թ. երրորդ եռամսյակի կտրոնների խմբաքանակներ ունեցող ֆիզիկական անձանց բոնուսի վճարման հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար:
ՀՀ կառավարությունը որոշել է ՙՄայքրոսոֆթ՚ ընկերության ծրագրային համակարգի արտոնագրերի ձեռքբերման նպատակով ՙԿրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՚ ՊՈԱԿ-ին տրամադրելու համար կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը հատկացնել 10668.9 հազար դրամ: Որոշումը բխում է ՀՀ-ում եւ կրթության ոլորտում չարտոնագրված հեղինակային նյութերի օգտագործման ծավալի նվազեցման եւ երկրի ներդրումային գրավչության բարձրացման անհրաժեշտությունից:
Նիստում հաստատվել է Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի շրջանակում անցկացված եւ ծրագրի խորհրդի հավանությանն արժանացած ՙԱպարանի տարածաշրջանի 10 գյուղերի ջրամատակարարման համակարգերի բարելավում՚ մրցույթի արդյունքը 495155816,00 ՀՀ դրամ արժեքով` հաղթող ճանաչելով ՙԱգաթ 777՚ ՍՊԸ-ն:
Երկու որոշմամբ կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացրել է 2244 եվրոյին համարժեք դրամ ՙՀայաերոնավիգացիա՚ ՓԲԸ-ին` ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական զինվորական փոխադրումներ իրականացնող օդանավերին ՀՀ օդանավակայաններում մատուցած ծառայությունների դիմաց եւ ՙԱրմաերո՚ ՓԲԸ-ին` համանման ծառայությունների համար 6,696,267 դրամ վճարելու նպատակով:
Իր նիստում կառավարությունը սահմանել է զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, քրեակատարողական ծառայության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, դատախազության դասային աստիճանների, ինչպես նաեւ պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ուժը կորցրած ճանաչել իր նախկին համապատասխան որոշումը:
Կառավարությունն իր պահուստային ֆոնդից համապատասխանաբար 2680.0 հազար եւ 2000.0 հազար դրամ է տրամադրել Կարեն Դեմիրճյանի ՙԳրառումներ օրագրից՚ եւ Սոս Սարգսյանի ՙՄենք ու մերոնք…՚ գրքերը հրատարակելու, 5200.0 հազար դրամ` ՙՀայաստանի պետական ակադեմիական երգչախումբ՚ ՊՈԱԿ-ի ստեղծագործական ծրագրերին աջակցելու, 5200.0 հազար դրամ` ՙՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոց՚ ՊՈԱԿ-ի հիմնանորոգման համար:
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը Չարենցավանի ՙԵ. Գասոյան եւ ընկերներ՚ ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է հոգեմետ նյութերի բաշխման, բացթողնման եւ իրացման, ՙԱռողջության զարգացման կենտրոն՚ ՍՊԸ-ին` վտանգավոր կենսաբանական թափոնների վնասազերծման լիցենզիա:
Գործադիրը մինչեւ ուսումնառության ավարտը պարտադիր զինվորական զորակոչից տարկետում է տվել ՀՀ երկու քաղաքացու: Որոշումներն ուժի մեջ են մտնում գրավի պայմանագրերի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից:












