Սերժ Սարգսյան. «Մենք ծով չունեցող երկիր ենք, բայց…»
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, ովքեր շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլը հաջող ավարտելով վերադարձել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Ողջունելով շուրջերկրյա նավարկության մեկնած առաջին հայկական առագաստանավի անձնակազմին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Դուք ամիսներ շարունակ Հայաստանի, Արցախի ու Հայ Առաքելական եկեղեցու դրոշների ներքո ծովերով, օվկիանոսներով նավարկել եք` այցելելով գաղթօջախներ հսկայական աշխատանք կատարել:
Մենք ծով չունեցող երկիր ենք, բայց ունենք բազմաթիվ զավակներ, ովքեր կարողանում են ծովերի, օվկիանոսների տարերքն իրենց կամքին ենթարկել: Մենք միշտ այդպիսին ենք եղել: Մենք ունենք մեծեր, ովքեր չլինելով Հայաստանում` պատմական, հայագիտական, աշխարհագրական մեծ արժեք ունեցող աշխատություններ են ստեղծել Հայաստանի մասին, չտեսնելով Արարատը կարողացել են այն հոյակապ ներկայացնել կտավի վրա, մեր լեռնաշխարհում ծնված մարդիկ կարողացել են հասնել ամենամեծ աստիճանների` նավատորմի հրամանատարներ, եւ այլն: Սա է եղել մեր ճակատագիրը:
Եվ դուք ձեր այս ամիսների աշխատանքով, իսկ դա, իրոք, աշխատանք է, ծառայություն, կարողացաք ապացուցել, որ այո, մենք այդպիսին ենք: Ես շատ շնորհակալ եմ: Իհարկե, ես պատկարեցնում եմ, թե ինչքան դժվար է սանձելով տարերքը նաեւ զուգահեռ աշխատել, գրել: Սա էլ չափազանց կարեւոր է: Մեկ անգամ եւս շնորհակալ եմ, եւ թող 2010թվականին ձեր, մեր բոլորի հաջողություններն ավելի մեծ լինեն»:
«Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամները Հանրապետության Նախագահին են հանձնել ճամփորդության ընթացքում նավի վրա ծածանված Եռագույնը:
«Մեսրոպ Մաշտոց» արշավախմբի ղեկավար Զորի Բալայանը, «Արմենիա» առագաստանավի նավապետ Սամվել Կարապետյանը Նախագահին պատմել են նավարկության ընթացքի, Սփյուռքի տարբեր գաղթօջախների կողմից ջերմ ընդունելության մասին: Անձնակազմի անդամները երկրի ղեկավարին նաեւ հետաքրքրաշարժ դրվագներ են ներկայացրել փոթորիկներով ու անակնկալներով հարուստ իրենց ճամփորդությունից:
ArmAr.am












