Մարտակերտի շրջանի գործընկերների թվում Տավուշը երրորդն է
Դպրոցների եւ բուժհաստատությունների համար` համակարգիչներ, զինծառայողներին` ծխախոտ, մանուկներին` քաղցրավենիք եւ նվերներ, իսկ մնացած բոլոր մարտակերտցիներին` մեծ ու ջերմ բարեկամություն. ահա նման հարուստ ուղեբեռով էր օրերս Մարտակերտ հասել ՀՀ Տավուշի մարզի պատվիրակությունը:
Ինչ-ինչ, բայց գործընկերների պակասից դժգոհելու առիթ Մարտակերտի շրջանը չունի: Եթե Արցախի մյուս շրջանները Հայաստանի Հանրապետությունում մեկական գործընկեր-մարզ ունեն, ապա Մարտակերտի շրջանի գործընկերների թվում Տավուշը երրորդն է` Արարատի եւ Լոռվա մարզերից հետո:
Հայաստանյան գործընկերներին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարը դիմավորեց շրջկենտրոնի նախամուտքում: Տավուշից Մարտակերտ էր ժամանել բավական ներկայացուցչական կազմով մի պատվիրակություն` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ, Հայաստանում և արտերկրում ճանաչված գործարարներ:
Շրջվարչակազմի շենքում կայացավ կարճատև խորհրդակցություն: Ապա հանդիպումները շարունակվեցին ընդլայնված կազմով: Պատահական չէ, որ որպես գործընկեր Տավուշի մարզը նախընտրել է համագործակցել հատկապես Մարտակերտի շրջանի հետ. որպես Հայաստանի սահմանամերձ մարզ` Տավուշն իր խնդիրներով շատ ընդհանրություններ ունի Մարտակերտի հետ:
Գործարար առաջարկներ էլ հնչեցին: Տավուշից ժամանած պատվիրակության կազմում Մարտակերտ են եկել նաև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, «Գրանտ հոլդինգի» համանախագահ Միաքայել Վարդանյանը և «Կիլիկիա» գարեջրի գործարանի տնօրեն Հակոբ Հակոբյանը:
Հնչած գործարար առաջարկները մեծ մասամբ հենց նրանց էին ուղղված: Այս երկու ընկերություններն էլ բավական ակտիվ գործունեություն են ծավալել Տավուշի մարզում: Բնական է, Մարտակերտում էլ այդ առումով որոշ ակնկալիքներ ունեն:
Նախքան հերթական հանդիպումը` Տավուշի պատվիրակության անդամները Մարտակերտի պաշտոնյաների ուղեկցությամբ ծաղիկներ դրեցին մեծ հայրենականի զոհերի հուշակոթողին: Բնականաբար, այցելության հաջորդ վայրը ազատամարտի զոհերին նվիրված հուշահամալիրն էր:
Ապա հանդիպումների շարքը շարունակվեց Մարտակերտում տեղակայված զորամասում: Այստեղ էլ ոգեշնչող հայտարարություններ հնչեցին: «Տավուշի մարզը ոգու կանչով է որպես գործընկեր հատկապես Մարտակերտի շրջանն ընտրել»,-վստահեցնում է Տավուշի մարզպետը:
Ընդհանուր հայրենիքի սահմանը նաև տավուշցի զինծառայողներն են պաշտպանում: Պատվիրակության անդամները հայրենակիցների հետ զրուցելու առիթն օգտագործեցին:
Սա տավուշցիների առաջին այցը չէ Արցախ: Այս մարզը Արցախի հետ համագործակցության արդեն որոշակի փորձ ունի: Արդեն հասցրել են մի քանի անգամ լինել Արցախի տարբեր շրջաններում, ծանոթություններ հաստատել ու գործընկերներ գտնել:
Իսկ Մարտակերտի հետ համագործակցության մեջ տավուշցիները առանձին խորհուրդ են տեսնում:
«Առանց Արցախը, առավել եւս` Մարտակերտը տեսնելու` անհնար է ամբողջության մեջ պատկերացնել այստեղ ծավալվող իրադարձությունների պատմական եւ քաղաքական արժեքը»,- վստահեցնում է Արմեն Ղուլարյանը:
Առաջին քայլն արվել է: Արդեն մտածում են գործնական քայլերի մասին:«Իրոք, արդեն կոնկրետ ծրագրեր իրականացնելու ժամանակն է: Այդ հարցում մենք օգտակար խորհուրդներ ստացանք նաեւ ԼՂՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ,- մանրամասնեց Տավուշի մարզպետը:- Հավանաբար մոտ ժամանակներս կնախապատրաստենք համատեղ միջոցառումների ծրագիրը»:
Իսկ Մարտակերտում կես կատակ-կես լուրջ արդեն փոխայեցլությունների մասին են խոսում:
Նորայր Հովսեփյան
Ստեփանակերտ












