Գլխավոր » Լրահոս, Տարածաշրջան

Վերին Լարսի բացումը ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ Վրաստանի շահերից բխող անհրաժեշտություն

Դեկտեմբեր 25, 2009թ. 14:19

g_imageՌուսաստանյան լրատվական գործակալությունները երեկ տեղեկատվություն էին տարածել, թե  Վերին Լարս անցակետում, որը Ռուսաստանի և Վրաստանի ցամաքային սահմանն է, հանդիպել են այդ երկու երկրների փորձագետները: Իսկ հանդիպման հիմնական առիթը Վերին Լարս  անցակետի բացման հետ կապված հարցերի քննարկումն էր:

Վրաստանն արդեն հայտարարում է սահմանի բացման կոնկրետ ժամկետների  մասին: Խոսքն, ի դեպ, մարտի 1-ի մասին է:

Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերություններում` օգոստոսյան հայտնի դեպքերից հետո հաստատված լարվածությունը, կարծես, քիչ թե շատ թուլացավ այն պահից սկսած, երբ երկու երկրների հարաբերություններում վերսկսվեց  բանակցությունների վճռորոշ փուլը, որն ի դեպ, տեղի ունեցավ Հայաստանի միջնորդությամբ` հոկտեմբերի 30-ին Երևանում: Թեպետ հայտնի է նաև, որ Վրաստանը մինչև վերջ շարունակում էր պնդել, թե ինքը նախընտրում է միջնորդի դերը վերապահել ոչ թե Հայաստանին, այլ  մեկ այլ երկրի, մասնավորապես, Շվեյցարիային: Նման մոտեցմամբ Վրաստանի իշխանությունները հերթական անգամ  ցույց տվեցին, որ իրենք Հայաստանը տարածաշրջանային վճռորոշ գործընթացներից մեկուսացնելու ադրբեջանա-թուրքական քաղաքականության կցորդն են` կամա, թե ակամ…

Ու չնայած վրացական կողմի անհեթեթ պնդումներին, հասկանալի է, որ ռուսական կողմի ներգործուն ազդեցության արդյունքում, միջնորդի դեր ստանձնեց Հայաստանը:

Հետաքրքիր մի տեղեկատվություն է փոխանցել «Վաշինգտոն թայմս»-ը: Ռուս-վրացական բանակցություններին մասնակից դիվանագետներից մեկը թերթի թղթակցին տեղեկացրել է, թե Ռուսաստանն ի սկզբանե մտադրություն ուներ սահմանը բացել միայն հայաստանյան բեռների առաջ, բայց բանակցությունների արդյունքում, համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանի բացման դեպքում այն ծառայի նաև վրացական բեռանափոխադրողներին:

Մինչդեռ Վրաստանի ղեկավարությունը`  իրեն բնորոշ մեծամտությամբ, այսօր  ձևացնում է, թե Վերին Լարսի բացման մասին իր տված համաձայնությունը միմիայն «բարի կամքի դրսևորում է Հայաստանի նկատմամբ»: Հետաքրքիր է, որ Վրաստանը տարիներ անց  ու միայն այսօր որոշեց «բարի կամք» դրսևորել հարևան երկրի նկատմամբ: Չմոռանանք, որ  այդ երկրի նախագահ Սահակաշվիլին, վրաց ընդդիմությանը լռեցնելու նպատակով, ոչ հեռու անցյալում հայտարություններ էր հնչեցնում «շրջափակումից խեղդվող» Հայաստանի տնտեսական կործանման մասին…

Այնպես որ, չնայած  Թբիլիսիի կեղծ պնդումներին` Վերին Լարսի բացման խնդրում Երևանից ոչ պակաս շահագրգռված է հենց Վրաստանը: Դա են վկայում նաև առկա  փաստերը: Այսպես. եթե մի կողմից պաշտոնական Թբիլիսին սահմանի բացումը հայտարարում է իբրև հարևանական ժեստ` «ճգնաժամից կործանվող» Հայաստանի հանդեպ, ապա մյուս կողմից երկրի նախագահ Սահակաշվիլին Ազգային անվտանգության խորհրդի նիստում, խոսելով Վերին Լարս անցակետի բացման մասին, հայտարարել է, որ այն բխում է Վրաստանի շահերից:

Ավելին, վերջինս նույնիսկ հիշատակել է դրանում առկա երեք կարևորագույն գործոնները:  Իբրև առաջին գործոն, նա նշել է այն հանգամանքը, որ սահմանի բացումը կնպաստի սահմանամերձ շրջանների բնակիչների բարեկեցությանը, քանի որ նրանք հիմնականում գումարներ են վաստակում շրջանի տարածքով անցնող մեքենաներին սպասարկելով ու  սահմանամերձ առևտուր կազմակերպելով:

Որպես երկրորդ գործոն, Սահակաշվիլին փաստել է այն, որ սահմանի բացումը Վրաստանին հնարավորություն կտա պահպանել տարանցիկ երկրի կարգավիճակը:

Եվ վերջապես, երրորդը. Վրաստանը հնարավորություն կստանա Ռուսասատանի տարածքով փոխադրել սեփական բեռները` դեպի Եվրոպա:

Այնպես որ,  նախագահ Սահակաշվիլու նման անկեղծ խոստովանությունը   հերթական անգամ հաստատում է, թե որքան է Վրաստանը շահագրգռված սահմանի բացմամբ:

Ի դեպ, բազմաթիվ  վերլուծաբաններ, այսօր արդեն փաստում են, որ Վերին Լարս անցակետի բացմանը հիմնականում նպաստել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:Եվ քանի որ  այս երկու գործընթացները փախկապակցված են, հետևապես, հարկ է դրանք դիտարկել միևնույն հարթության մեջ:

Խնդիրն այն է, որ վրացական կողմը շատ լավ է հասկանում, որ հայ- թուրքական սահմանի բացմամբ Վրաստանը կզրկվի տարանցիկ երկիր լինելու իր կարգավիճակից:

Հիշեցնենք նաև, որ  Ադրբեջանից հետո Վրաստանն այն  երկրորդ երկիրն էր, որը խիստ ցավագին ընդունեց  Հայաստան-Թուրքիա հարաբերությունների  կարգավորման գործընթացը:

Այնպես որ, Վրաստանի իշխանություններն այլևս գիտակցում են, որ տարածաշրջանում տարանցիկ երկիր մնալու վերջին ու միակ հնարավորությունը կարող է լինել  Վերին Լարսի վերաբացումը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինիս իշխանությունները ևս հասկանում են, որ  շատ մոտ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման փուլը, ինչը նշանակում է, որ մոտ ապագայում տարածաշրջանում փակ սահմաններ չեն լինելու: Հետևապես, հարկ է մի կողմ դնել Վրաստանի նկատմամբ դրսևորվող, մեղմ ասած, ոչ դրացիական վերաբերմունքն ու անհապաղ քայլեր ձեռնարկել Կովկասի հերթական փակ սահմանը բացելու ուղղությամբ:

Նկատենք, որ այս առումով մարտ ամիսը տարածաշրջանի համար հիշարժան է լինելու. չէ՞ որ հայ-թուրքական արձանագրությունների  վավերացումն ու դրանով պայմանավորված` հայ-թուրքական սահմանի բացումը, համաձայն շրջանառվող  խոսակցությունների,  դարձյալ նույն ամսում են ակնկալվում: Իսկ նման  զուգադիպություններ երբեք չեն լինում:

Սպասենք հնարվոր զարգացումներին:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն