Այս կարգի հումոր վաղուց չէինք կարդացել
Ադրբեջանական «ԱզերԹաջ» լրատվական գործակալությունը մի զավեշտագիր է ուղարկել «Միր» միջպետական հեռուստաընկերությանը, որում դժգոհություն է հայտնել այն կապակցությամբ, որ «Միր» հեռուստաընկերության պաշտոնական կայքում «Միր»-ի թղթակցի ծննդյան վայրը նշված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Սրանց կարծիքով, նման տեղ և տեղանուն աշխարհում չկա:
Ճիշտն ասած, այս կարգի հումոր վաղուց չէինք կարդացել:
Ուրեմն, ԼՂՀ-ն իր կայացած նախագահական համակարգով, ընտրված Ազգային ժողովով, որն իբրև փաստական պետական կազմավորում, 20 տարի շարունակ գոյություն ունի որպես ժողովրդի ինքնորոշման արդյունք,…գոյություն չունի: Այդ դեպքում, հետաքրքիր է, գոյություն չունեցող ո՞ր պետության զինվորների առջևից էին ճողոպրում Ադրբեջանի բանակի մարտիկները:
Ըստ «ԱզերԹաջի», «Միր»-ի կայքում պետք է գրվեր «Ադրբեջանի ԼՂԻՄ մարզ»: Այսինքն, սրանք «պատմական» էքսկուրս են կատարել: Մենք էլ կատարենք, հենց իրենց տրամաբանությամբ էլ ասենք, որ պատմության մեջ շատ խորանալ չարժե, հակառակ դեպքում Արցախ անվանումը կհանդիպի ամենուրեք, իսկ, այ, Ադրբեջան` երբեք:
Այսինքն, մեծ հարց է, թե ում ծննդավայրը որն է, և գոյություն ունի՞ արդյոք…
ArmAr.am












