Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Իրավական պետության կերտման ճանապարհին

Դեկտեմբեր 25, 2009թ. 15:54

«Հայաստանում ազատ, անկախ դատարան դեռ չունենք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: Նրա համոզմամբ, պետք է փոփոխվի Հայաստանում դատական իշխանությունը կրողների իրավամտածողությունը: Դատական համակարգը պետք է ընթանա ինքնամաքրման և ինքնակառավարման ուժեղացման ճանապարհով`ապահովելու իր անկախությունը կողմնակի այլ ազդեցություններից:

Կատարվող խախտումները պայմանավորված են ՀՀ օրենսդրության մեջ առկա թերություններով:  «Մենք ամբողջ աշխարհի հետ խոսում ենք բարոյականության, արդարության նորմերի մասին, սակայն մեր դատարաններում գործում է «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր» սկզբունքը:

Ուսումնասիրելով իրավիճակը` Ա. Հարությունյանը փաստում է.

«Այսօր արդար դատաքննությունը հանրապետությունում  երաշխավորված չէ, պաշտպանված չէ սեփականության իրավունքը,  վառ օրինակը  Հյուսիսային պողոտան էր. ոտնահարվում է հավասարության իրավունքը դատական գործընթացի ժամանակ»:

Քաղաքական և տնտեսական համակարգերում էլ  լուրջ փոփոխությունների կարիք ունենք: Ըստ Ա. Հարությունյանի` մինչև չձերբազատվենք օլիգարխիկ համակարգից, չկարողանանք հակակշիռների եւ հսկումների համակարգ ապահովել, իրական կյանքում մնացած խնդիրների մասին  դժվար կլինի խոսել:

Ա. Հարությունյանի համոզմամբ, հասարակական հարաբերությունների նորմալացման համար պետք է երաշխավորված լինի 2 կարեւորագույն իրավունք` արդար դատաքննության և խոսքի ազատության իրավունքը:

2010 –ին գրասենյակը  ուսումնասիրություններ  կներկայացնի ոչ միայն քաղաքացիական, քաղաքական, այլև մշակութային, տնտեսական, սոցիալական բնագավառներից: Ներկայումս պատրաստվում են հանդես գալ խոսքի ազատության, ցույցերին, հավաքներին, ազգային փոքրմասնություններին, հաշմանդամներին վերաբերող արտահերթ զեկույցով:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն