Ծիծեռնավանքի գաղտնիքը
Արցախ մեկնելիս հայկական երկու պետությունների հենց պայմանական սահմանագծին` Գորիս քաղաքից քիչ հարավ, քարքարոտ մի ճանապարհ է շեղվում: Առաջին հայացքից անհրապույր այդ ուղին տանում է աշխարհի ամենաչքնաղ ու գեղեցիկ վայրերից մեկը, որը, սակայն, բնական գեղեցկությունից բացի նաև ազգային ինքնության խորհուրդ է կրում իր մեջ:
Կիլոմետրեր ձգվող ճանապարհի մի կողմում գետակն է հոսում, մյուս կողմում` Քաշաթաղի արոտավայրերն են: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ամենամեծ շրջանի հյուսիս-արևելքում է գտնվում Ծիծեռնավանքը: Այստեղ քիչ մարդիկ են ապրում: Բնությունն էլ կարծես հատուկ խոչընդոտներ է ստեղծել, որ տեղի բնակիչները չկարողանան արտաքին աշխարհի հետ շփվել: Գետակի վրա կամուրջ չկա, իսկ գարնանը, երբ գետակը վարարում է, դրա միջով անցնելը` ուղղակի անհնար է դառնում: Ծիծեռնավանքցիները գյուղատնտեսությամբ են զբաղվում: Պատերազմի ժամանակ գրեթե բոլորի տներն ավերվել են, բայց մարդիկ նորից կառուցել ու ապրում են իրենց տներում: Գյուղացիներից մեկն այս առիթով անգամ կատակում է, թե ավերված տունը կառուցողը նորն ու ավելի լավը կստանա, իսկ.«Ադրբեջանցիների նման հիստերիկություններ անողները ոչ միայն ոչինչ չեն ստանա, այլ եղածն էլ կկորցնեն»:
Ծիծեռնավանքում այսօր նոր բնակարաններ է կառուցում նաև պետությունը: Մարդկանց հատկացվում են հողեր, հետո էլ նրանց համար հատկացված
հողամասերում կառուցում բնակարաններ: Այս գյուղում մարդիկ շատ երեխաներ են ունենում: Երևանից Ծիծեռնավանք այցելողները կարծում են, թե աղքատությունից կամ աշխարհից կտրված լինելու պատճառով է, որ բազմազավակ ընտանիքներն այստեղ շատ են: Բայց տեղացիները հակադարձում են նման կարծիք հատնողներին` մատնանշելով ազգային հերոս Մոնթեի խոսքերը` «Եթե կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը», իսկ Արցախին շատ զինվորներ են պետք: Ծիծեռնավանքցիներն էլ զինվորներ են ծնում: Այստեղ մի կարևոր սովորություն էլ կա. բոլոր նորածիններին պարտադիր մկրտում են գյուղի Սբ. Գևորգ եկեղեցում: Այն կառուցվել է 4-րդ դարի առաջին կեսին: Եկեղեցին հայ ժողովրդի հետ է եղել քրիստոնեության ողջ ընթացքում: Եռանավ բազիլիկ եկեղեցիների ճարտարապետական դասին է պատկանում Սբ. Գևորգը, կամ որ ավելի տարածված է գյուղի անունով կոչել` Ծիծեռնավանքը: Այստեղ է գտնվել հայ քրիստոնեական ամենահին խաչքարերից մեկը` նռնախաչքարը: Այն թվագրված է 7-րդ դարավերջով: Խաչից բացի, աղավնիների պատկերներ կան քանդակի վրա: Այստեղ հայտնաբերվել են նաև հարյուրամյակների պատմություն ունեցող թոնիրներ: Որոցում մեր զինվորների մայրերը լավաշ են թխել և ուղարկել պատերազմի դաշտ` հայրենական սնունդով զորացնելու հայրենիքի պաշտպանների բազուկը:
Ծիծեռնավանքում կգտնեք նաև սիրահար ծառերին. երկու ծառ այնպե~ս են իրար փաթաթված բարձրացել, որ սիրահար զույգի են նմանվում:
Ծիծեռնավանքի հոգևոր հոր օգնական երեցը գյուղից է: Ունի 8 երեխա: Նա էլ յուրաքանչյուր հայի պարտքն է համարում շատ երեխաներ ունենալը, իսկ Ծիծեռնավանքի անառիկ պահելը համարում է ոչ միայն շրջական լեռների ուժը, այլև բոլոր ծիծեռնավանքցիների պարտականությունն ու իրավունքը: Ազգային իրավունքը:
Նաիրի Հոխիկյան












