Վարչապետը դժվարացել է կանխատեսել 2010 թվականի զարգացումները
Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի.« Հայաստանը 2010 թվականին է մտնում կայունության հիմնադրամում ունենալով 54 միլիարդ դրամ, նաեւ ունենալով 80 միլիարդ դրամ մնացորդ»: Հայաստանի վարչապետի համոզմամբ, դա բավարար պաշար է, որպեսզի Հայաստանը պատրաստ լինի տնտեսական ճգնաժամի հավանական զարգացումներին:
Նա միաժամանակ նշել է, որ թեև նկատվում են համաշխարհային տնտեսության վերականգնման միտումներ, այդուհանդերձ, դժվար է կանխատեսել 2010 թվականի զարգացումները:
«Թեև կառավարությունը 2010 թվականի համար չի ստանձնում լրացուցիչ սոցիալական պարտավորություններ, բայց` 54 միլիարդ դրամն ու 80 միլիարդ մնացորդը, անհրաժեշտության դեպքում կուղղվեն աշխատավարձի, թոշակների ու նպաստների բարձրացմանը:
Վարչապետըի համոզմամբ, կառավարությունը լիովին պատրաստ է 2010 թվականի զարգացումներին.«Դրա վկայությունն է այն, որ 2009 թվականի առավել բարդ տարում կառավարությունը կարողացավ դիմագրավել ռիսկերին եւ լիովին կատարել իր սոցիալական պարտավորությունները»: Ասենք, որ վարչապետ Սարգսյանը նույնը խոստանում է 2010 թվականի համար:
Տիգրան Սարգսյանն այսօր խոսել է նաև Հայաստանի արտաքին պարտքի մասին, և նկատել, թե այն ամենևին էլ ռիսկային չէ, քանի որ.«Այն շուկայական պարտք չէ, այլ արտոնյալ եւ ստացվել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից, երկարաժամկետ եւ ցածր տոկոսներով»:












