Գլխավոր » Լրահոս

Թուրքիա-Ադրբեջան. դարի ձախողումը

Դեկտեմբեր 26, 2009թ. 11:47

imagesՊաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպում է ունեցել իր թուրք պաշտոնակցի հետ: Նախապես հայտարարվել էր, որ այդ հանդիպման ժամանակ երկու երկրների միջև փոխադարձաբար պետք է հանվեր մուտքի արտոնագրային (վիզային) ռեժիմը: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Hurriyet» օրաթերթը, Դավութօղլու-Մամեդյարով հանդիպման ժամանակ նման պայմանագիր չի ստորագրվել: Պատճառաբանությունը եղել է այն, որ ադրբեջանական կողմը բավականաչափ չի նախապատրաստել հարցի տեխնիկական կողմը: Երկու արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ հենց ադրբեջանական կողմը կարճ ժամանակահատվածում ամբողջապես ավարտի տեխնիկական աշխատանքները, պայմանգիրն իսկույն կստորագրվի:

Թուրքիայի արտգործնախարարը չի շրջանցել նաև ղարաբաղյան հիմնախնդիրը: Նա, ընդգծելով, որ վերջին 7-8 ամսվա ընթացքում արագություն է հաղորդվել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, ասել է. «Մենք մոտ ենք խաղաղությանը: Սառեցված հակամարտությունից ոչ ոք չպետք է որևէ ակնկալիք ունենա: Մեր միջև լիարժեք համագործակցության կա: Թուրքիայի և Ադրբեջանի միջև սև կատու չկա: Թույլ չենք տա, որ մեզ գժտեցնեն»: Ադրբեջանի արտգործնախարարն էլ իր հերթին գովեստի խոսքեր է շռայլել Թուրքիայի հասցեին և նշել, որ թուրք-ադրբեջանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են:

Ամբիոններից գեղեցիկ խոսքեր շռայլելով` իրականությունը, իհարկե, չի փոխվում: Իսկ իրականությունն այն է, որ Անկարայի և Բաքվի միջև «լավ» էլ սև կատու է անցել. մինչև այժմ տարաձայնություններ ունեն նավթի գների շուրջ, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից ու ֆուտբոլային հանդիպումից հետո այդ «մեկ ազգ երկու պետությունները» միմյանց դրոշներն էին անարգում, իսկ այժմ էլ տապալվել է վիզային ռեժիմը փոխադարձաբար հանելու ծրագիրը: Թուրքական մամուլը դա բնութագրել է որպես «դարի ձախողում»:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն