Ամերիկյան լրատվամիջոցի քաղաքական կանխատեսումները
Արևմտյան լրատվամիջոցները յուրաքանչյուր տարվա ավարտին փորձում են քաղաքական կանխատեսումներ անել, թե ինչ զարգացումներ կարող են տեղի ունենալ աշխարհում` սպասվող տարում: Վերջերս Ամերիկյան Newsweek հանդեսը ևս հրապարակել էր 2010-ի գլխավոր իրադարձությունների ցուցակը:
Ասենք, որ հանդեսը հիմնված է լրագրողների կանխատեսումների վրա. դրանք հիմնականում արտահայտում են ամերիկյան քաղաքական շահերը:
Եվ այսպես, ըստ Newsweek -ի, Ռուսաստանը 2010-ին ամբողջությամբ խաղից դուրս վիճակում կհայտնվի: Իսկ դրա պատճառը, պարզվում է` այն է, որ վարչապետ Պուտինն իր միապետական ձգտումներով ՌԴ-ից հեռացրել է արտասահմանյան ներդրողներին:
Ի՞նչ է սպասվում Աֆղանստանում: Հանդեսը կանխատեսում է, որ ԱՄՆ զինվորական համակազմի թվաքանակի ավելացումը Աֆղանստանում `արդյունավետ կլինի: Շեշտադրվում է այն միտքը, որ եթե ամերիկացիները Աֆղանստանում իրականացնեն բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումներ, ապա դա, անշուշտ, աֆղանցիներին դրականորեն կտրամադրի ԱՄՆ-ի նկատմամբ:
Հանդեսը շարունակում է իր կանխատեսումներն ու նկատում.«Պակիստանում կրկին ռազմական հեղաշրջում տեղի կունենա: Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարին իր երկրում չի վայելում ժողովրդականություն, նա ընդունելի չէ նաև նախարարների և բանակի կողմից: Մյուս կողմից էլ պակիստանցի զինվորականները քիչ են տրամադրված ենթարկվել Վաշինգտոնի կամքին, հետևաբար, հանձին Պակիստանի` ԱՄՆ-ը կունենա ևս մեկ անհաշտ գործընկեր:
Կանխատեսվում է, որ 2010թ-ին Վենեսուելայում տեղի կունենա տնտեսական կոլապս, կաճեն հանցագործությունները: Իսկ խռովարարները պաշտոնազուրկ կանեն Ուգո Չավեսին: «Արդյունքում զինվորականներն իրենց ձեռքը կվերցնեն իշխանությունը»:
Հանդեսը չի շրջանցում Եվրոպան.«Այստեղ ազգային և կրոնական փոքրամասնությունները կըմբոստանան իշխանությունների ռասիստական քաղաքականության դեմ. օրինակ՝ Շվեյցարիայում մինարեթներ կառուցելու արգելքը: Դա շատ հավանական է Ֆրանսիայում, որտեղ մուսուլմանների ընդվզումները միայն ձեռնտու են շատ քաղաքական գործիչների»: Եվրոպայում ֆինանսական նոր ճգնաժամ է սպասվում:
Իրանի դեպքում Newsweek-ը կանխատեսում է` Իրանի դեմ միջազգային պատժամիջոցներ կկիրառվեն, քանի որ. «Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ռեժիմը մտադիր չէ բանակցություններ վարել և փոխզիջումների գնալ:
Newsweek-ը ևս մեկ չարագույժ լուր է հայտնում. «2010թ. Ֆիդել Կաստրոն կմահանա», ապա շարունակում, որ նրա մահվանից հետո ԱՄՆ-ի և Կուբայի միջև հարաբերությունները կբարելավվեն: «Իշխանությունը կանցնի նրա եղբայր Ռաուլ Կաստրոյին, որը, հանուն ԱՄՆ-ի հետ տնտեսական կապերից ակնկալվող շահույթի, կմեղմացնի հակաամերիկյան պերճախոսությունը»:
Newsweek-ի կանխատեսումները ներկայացրեց` Արա Սահակյանը












