Հուշարձանների վերականգնում նոր փուլում
2009-ի սեպտեմբերին կառավարության որոշմամբ ստեղծվեց հուշարձանների վերականգման կենտրոնը, որն արդեն 2010թ. փետրվար- մարտ ամիսներին կաշխատի լրիվ բեռնվածությամբ: Նորաստեղծ կենտրոնի աշխատանքներին է ծանոթացնում «Հուշարձանների վերականգնման կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնակատար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը:
-Ո՞րն է կենտրոնի ստեղծման նպատակը:
– Այդպիսի մի կազմակերպություն կար խորհրդային տարիներին. այն գործում էր նախարարների խորհրդին առընթեր: Կոմիտեն» ուներ հուշարձանների վերականգնման արվեստանոց` իր մասնաճյուղերով: 90-ականներին կազմակերպությունը լուծարվեց, սեփականաշնորհվեցին և օտարվեցին կենտրոնին պատկանող շենքերը: Ստեղծվեցին առանձին ՓԲԸ-ներ Հայաստանի տարբեր մարզերում: Ֆինանսական սակավ ներդրումների հետևանքով աշխատանքները ընթանում էին ոչ մեծ ծավալներով: Կառավարությունում հասկացան, որ աշխատանքի այս ոճը փոշիացնում է ֆինանսական միջոցներն ու աշխատանքային ներուժը, բացի այդ, դժվարանում է վերահսկողությունը: Նորաստեղծ կենտրոնը իր ենթակայության տակ կառնի Վայքի, Զանգեզուրի, Գուգարքի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում գտնվող վերականգնման արհեստանոցները:
-Որո՞նք են կենտրոնի առաջնային խնդիրները:
-Համակարգման և մասնագիտական աշխատանքների կտրուկ բարելավման խնդիր կա: Եվ հետո, այս կենտրոնը միայն անշարժ հուշարձաններով չպիտի զբաղվի: Վերականգնել է պետք է ոչ միայն միջնադարյան կամ վաղ շրջանի կանգուն հուշարձաններն ու բնակավայրերը, քրիստոնեական կառույցները: Պետք է ստեղծել համապարփակ մի կենտրոն, որը կզբաղվի մշակութային ժառանգության պահպանմամբ:
Այս առումով, առաջարկներն արդեն ներկայացված են նախարարություն և 2010թ արդեն ձեռնամուխ կլինենք այդ խնդիրների նախնական փուլի իրականացմանը:
Հուշարձանների անձնագրավորման եւ փաստաթղթավորման միջոցները հնացած են. պետք է օգտագործվեն տեսագրման, լուսանկարահանման և այլ եղանակներ: Մեր սերունդներին միայն գրավոր խոսք չէ, որ պետք է թողնենք, այլ նաև այն պատկերը, որ ունենք այսօր: Եթե 100 տարի առաջ այս հնարավորությունները լինեին, մենք կունենայինք ամբողջ Արևմտյան Հայաստանի հուշարձանների լուսանկարները և կարող էինք վերականգնել:
Իտալացիների հետ համագործակցության պայմանավորվածություն ենք ձեռք բերել. Հայաստանում բարեկարգելու են արվեստանոցները, ստեղծելու են դասարաններ, ուր ուսանելու են մեր մասնագետները: Ուսուցումն ու վերաորակավորումը կտևեն 2 տարի: Դրանից հետո համապատասխան լիցենզիա չունեցող վարպետները իրավունք չեն ունենա աշխատելու այդ բնագավառում:
-Կենտրոնը կլուծի՞ պատմական Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային արժեքների պահպանման խնդիրրը:
-Բանակցություններ ենք սկսել նորվեգացիների հետ: Նրանք կողմ են, որ Նորվեգիան, Հայաստանը, Թուրքիան եռակողմ պայմանագիր ստորագրեն, որի համաձայն, Անիում մաքրման, վերականգնման աշխատանքներ կիրականացվեն: Նորվեգական կողմը շատ խանդավառված է այս հարցով, և երբ կենտրոնի իրավական կարգվիճակը վերջնականապես հաստատվի, ձեռնամուխ կլինենք լուրջ քայլերի:
Չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք Իրանի հետ, որի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք: Հուսով ենք, որ այստեղ աշխատանքների որոշակի ծավալ կարող ենք իրականացնել:
-Ինչը չի կարելի ասել Թուրքիայի դեպքում…
– Վերջերս Անիում վերականգնված շինության պատուհանները ոչ թե կամարաձև են, այլ սրածայր: Պարզեցինք, որ ճարտարապետը քուրդ է: Տարաձայնություններ անշուշտ կլինեն: Բայց հենց Հայաստանին անդրադառնանք` ինչպես ենք պահում Կարմիր բլուրը, որը, իմ կարծիքով, աշխարհի 10 լավագույն հնագիտական հուշարձաններից մեկն է: Այնպես որ այստեղ էլ ուղղելու բան կա:
-Վերականգնողական աշխատանքներում առաջնությունը ո՞ր հուշարձաններին կտրվի:
-Դեռևս ճշտվում են ցուցակները, մասնագիտական հանձնաժողովը կքննարկի հարցը: Վերջին շրջանում մեր քաղաքի շինարարությունը ոտքի տակ առավ շատ հուշաձաններ:
Խորհրդային տարիներին շենքերի վրա ամրացված ցուցանակներին գրված էր, որ պատմամշակութային արժեք է և պահպանվում է պետության կողմից: Հատուկ որոշումով դրանք հանվեցին ու բազմաթիվ շենքեր քանդվեցին:
Մենք մեծ հույսեր ենք կապում արտասահմանցի բարերարների հետ: Արդեն առաջարկներ ունենք:
Եթե ճիշտ քայլեր կատարվեն, համոզված ենք, 5-10 տարի հետո կունենանք
մի կառույց, որը կզբաղվի ոչ միայն Հայաստանի, այլ տարածաշրջանի խնդիրներով:
Լիլիթ Պողոսյան












