Թուրք-իսրայելական ճգնաժամը խորանում է
Իսրայելի կառավարությունը վերահաստատել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դեմ լինելու իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին:
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է Սիրիայի հետ բանակցել ոչ թե միջնորդավորված ձևաչափով, այլ` ուղղակիորեն: Այսպիսի հայտարարությամբ Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել Երուսաղեմում Իսրայելի դեսպանների հետ կայացած հանդիպման ժամանակ: Լիբերմանն ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետի` Իսրայելի հասցեին հրապարակային հայտնի ելույթներից հետո անհնար է, որ Անկարան միջնորդի դեր ստանձնի:
«Քանի դեռ ես պաշտոնավարում եմ որպես արտաքին գործերի նախարար և քանի դեռ «Իսրայելը մեր տունն է» կուսակցության իշխանության ղեկին է, Թուրքիան միջնորդ չի լինելու»,- հաստատակամորեն հայտարարել է Ավիգդոր Լիբերմանը:
Նկատենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունների ճգնաժամը սկսվեց այս տարեսկզբին, երբ Դավոսի տնտեսական միջազգային համաժողովի ժամանակ Թուրքիայի վարչապետն ու Իսրայելի նախագահը միմյան մեղադրեցին հանցագործ պետություն լինելու մեջ:












