Գլխավոր » Լրահոս, Մշակույթ

Ավարայրը բարոյական հաղթանակ չէ

Դեկտեմբեր 28, 2009թ. 12:45

DSC00531Շուտով լույս կտեսնի «Մեր հաղթանակները» քառահատորյակի երկրորդ հատորը, որի հեղինակային խմբի ղեկավարը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ավագ դասախոս, փոխգնդապետ Սուրեն Մարտիկյանն է: Խոսելով մասնավորապես Ավարայրի ճակատամարտի մասին` նա նախ ներկայացրեց Խորհրդային Միության կողմից տարիներ շարունակ վարված քաղաքականությունը.

«Ըստ խորհրդային գաղափարախոսության, մարտադաշտում հայը, որպես կանոն, պետք է պարտվեր, իսկ ռազմականից բացի մնացած բացատրությունները  երկրորդական էին համարվում: Դրանով ԽՍՀՄ-ը խեղաթյուրել է մեր պատկերացումները ռազմական գործողությունների և մեր հաղթանակների մասին: Այնպիսի տպավորություն է ձևավորվել, թե բարոյական հաղթանակը ինչ-որ առումով հակադրվում է ռազմական հաղթանակին: Օրինակ, եթե որևէ իրադարձության մեջ կա բարոյական հաղթանակ, մենք անմիջապես սպասում ենք, որ բուն իրադարձությունը գնահատման առումով պետք է լինի բացասական: Միաժամանակ ԽՍՀՄ վարչակազմը կարող էր այլ իրադարձություն-հաղթանակ դնել մեր դաստիարակման, արժեհամակարգի հիմքում, որտեղ չէր լինի այդքան մեծ քաղաքակրթական բախում, որքան Ավարայրի դեպքում էր»,- ասաց Սուրեն Մարտիկյանը:

«Մեր հաղթանակները» գրքում հեղինակային կազմը փորձել է շատ չանդրադառնալ

Ավարայրի մարտավարական նշանակությանը, այլ այն ավելի շուտ դիտարկել է որպես խորհրդանիշ և ոչ թե ճակատամարտ:

«Խնդիրն այն չէ` հայկական կողմը կհաղթեր այդ ճակատամարտում, թե ոչ, այլ այն, թե հայկական կողմը կկարողանար հասնել իր առջև դրված խնդիրներին, թե ոչ: Վարդանանք գնում էին պատերազմելու և խնդիր ունեին պահպանել քրիստոնեությունը: Արդյունքում քրիստոնեությունը պահպանվեց, իսկ պարսից արքունիքը հրաժարվեց կրոնափոխ քաղաքականություն իրականացնելուց: Անկախ մարտադաշտում տեղի ունեցածից`  Պարսկական արքունիքին պետք  էր ապացուցել, որ հայերը պատրաստ են իրենց կրոնի համար պայքարել: Հայկական կողմը ցույց տվեց, որ պատրաստ է պատերազմի և մահվան` հաղթանակի ակնալիքով: Գիտակցելով սա` պարսից արքունիքը հրաժարվեց իր քաղաքականությունից` ռազմաքաղաքական ֆոնին հայտնվելով պարտվողի դերում, քանի որ հրաժարվեց իր նախանշած քաղաքական դերից: Կարևոր են իրադարձությունները, սակայն իրադարձության գնահատականը մեզ համար պետք է լինի այն, թե ինչի հասավ հայկական կողմը: Հայկական կողմը հասավ իր առջև դրված խնդիրներին և լուծեց դրանք»,- մեկնաբանեց Սուրեն Մարտիկյանը:

Ինչպես տեսանք, քաղաքական, ռազմական, հայեցակարգային առումով հայկական կողմի հաջողությունն այնքան մեծ էր, որ բարոյական հաղթանակը միայն լրացուցիչ, ոգևորող պահ կարող էր լինել, քանի որ պարսից արքունիքը հրաժարվեց իր քաղաքականությունից: Իսկ այն հարցին, թե որքանով է ճիշտ Ավարայրի արդյունքում ձեռք բերված հաղթանակը համարել ընդամենը բարոյական, Սուրեն Մարտիկյանը պատասխանեց.

«Շեշտադրումները բարոյահոգեբանական մթնոլորտ տեղափոխելն, իմ կարծիքով, ճիշտ չէ: Քանի որ մարդիկ չգիտեն, թե ռազմական գործողություններից ինչը մեկնաբանեն, ինչը վերլուծեն, այլ վերլուծում են այն, ինչը հասանելի է բոլորիս: Հուզականի վրա շեշտը դնելով` Ավարայրն այլ հարթություն են տեղափոխում և դարձնում հոգևոր պայքար, մինչդեռ մարտադաշտում ռազմական գործողություններ են տեղի ունեցել»,- հավելեց Սուրեն Մարտիկյանը:

Ավարայրի «բարոյական» հաղթանակին սկսել են անդրադառնալ խորհրդային տարիներին, ինչն իր բացատրությունն ունի` չխոսելով պատերազմի նպատակից և արդյունքից` նվազեցրել են ռազմական գործողությունների նշանակությունը:

«Խորհրդային և ցարական իշխանություններն ամեն կերպ փորձում էին հավատացնել, թե առանց «մեծ եղբոր» հայ ժողովրդի լինելիության խնդիր է առաջանում: Ավարայրը շեշտադրելով` ստվերեցին մնացած հաղթանակները: Անգամ Տիգրան Մեծին անդրադառնալիս հիմնականում շեշտադրում էին պարտության դրվագը: Սակայն այսօր ունենք անկախ պետություն, որը ծնվեց հաղթանակներով, իսկ դա կարևորագույն հանգամանք է աճող սերնդի դաստիարակման համար»,- եզրափակեց Սուրեն Մարտիկյանը:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Մշակույթ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն