Ովքե՞ր են իրացնում ամենաթանկ փուչիկները
Վերջին տարիներին, տոն օրերին հատկապես մեր մշակութային օջախներում անսովոր եռուզեռ է լինում: Պետական հիմնարկները, որպես ամանորյա նվեր, թատրոնի տոմսեր են բաժանում: Ներկայացումները կարելի է ասել մեկը մյուսից լավն են, ժամանակակից: Բայց մի կարևոր հանգամանք. հենց այս օրերին թատրոնների միջանցքները վերածվում են առևտրի կետերի: Հեքիաթի հերոսների կերպար առած առևտրականներն իրենց սահմանծ գներով (3-4 անգամ թանկ) փուչիկներ են իրացնում երեխաների, այսինքն ծնողների վրա: Իսկ պետկրկեսն ու հարակից տարածքը ներկայացումների օրերին կարծես հենց ապրանքը թանկ իրացնելու վայր լինի: Փուչիկները, լույսիկները, ձողիկները հրամցվում են հենց քթիդ տակ` աստղաբաշխական թվերով. օրինակ 100 դրամանոց ձողիկն այստեղ վաճառվում է 300 դրամով: Իսկ կրկես մարդիկ գնում են երեխաների հետ, այնպես որ` հաշվարկը լավ է արված:
Մինչդեռ ակնհայտ է, որ մշակութային օջխները չպետք է վերածվեն առևտրի կենտրոնի, քանի որ դրանով խեղաթյուրվում է դրանց դերը: Մեծացող, ամեն ինչ արագ նկատող և ընկալող աճող սերնդի աչքերում նվազում է դրանց արժեքը: Այդպե՞ս ենք սերունդ դաստիարակում, հետո կմեղադրենք, որ հասարակական վայրերում իրենց անվայել են պահում:
Ցավոք արդեն կա այն սերունդը, որը չի հասկանում , թե ինչ է թատրոնը, կինոն, ընդհանրապես` մշակույթը: Վերջերս մանկապարտեզներից մեկում տոնական հանդես էր: Հանդիսատեսը, այսինքն երեխաների ծնողները, իրենց պահվածքով, մեղմ ասած, ջուրը գցեցին կազմակերպիչների աշխատանքը: Նրանցից շատերը տնային, խոհնոցային հոգսերը տեղափոխել էին դահլիճ և համարյա բարձրաձայն քննարկում էին դրանք: Ակամա մտածում ես, ով ումից պետք է սովորի: Պարզ է, որ նրանք իրենց զավակների դաստիարակության գործը լիովին հանձնել են մանկապարտեզներին: Հետո էլ դա կվստահեն , լավագույն դեպքում, դպրոցին, իսկ հետո կբողոքեն անշնորհակալ երեխաներից ու կզարմանան, թե որտեղից հայտնվեց 20-30 տարեկան այն երիտասարդը, ով անամոթաբար իրեն 200 դրամանոց փուչիկ պարտադրեց…թատրոնում:
Ասում են` «Երեխան անգրել թուղթ է»: Ուրեմն, թե ընտանիքը, թե հասրակություն, թե պետությունը պետք է, որ պատրաստակամ լինեն այդ թուղթը ճիշտ և գրագետ լրացնելուն:
Լիլիթ Պողոսյան












