ԲՀԿ-ն ամփոփեց անցնող տարին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ամփոփ անդրադարձավ 2009 թվականին կուսակցության ձեռքբերումներին:
«2009 թվականը Գագիկ Ծառուկյանի և կուսակցության համար հագեցած ժամանակահատված էր: Տարին սկսվեց կուսակցության չորրորդ համագումարով, որին մասնակցեցին գործընկերներ Հայաստանի Հանրապետությունից և արտերկրից` Ռուսատանից, Խորվաթիայից, Չինաստանից»,- ներկայացրեց Խաչիկ Գալստյանը: Ապա հավելեց, որ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է ակտիվ քաղաքական գործելաոճի շարունակականության, երիտասարդների խնդիրներն ուշադրության կենտրոնում պահելու և լուծելու, նրանց աջակցության մասին:
Որպես 2009 թվականի կուսակցության ձեռքբերում` Խաչիկ Գալստյանն անդրադարձավ Երևանի քաղաքապետի ընտրություններին, որի արդյունքում կուսակցությունն ավագանիում զբաղեցրեց երկրորդ տեղը: Ինչպես նաև անդրադարձ կատարվեց Գագիկ Ծառուկյանի` 2009 թվականին անցկացրած հանդիպումներին և դրանց արդյունքում ձեռք բերված համաձայնություններին. «2009 թվականը քաղաքական առումով հաջողված էր, տնտեսական առումով` Համաշխարահային տնտեսական ճգնաժամը չշրջանցեց նաև Հայաստանը: Սակայն Գագիկ Ծառուկյանը 20.000 աշխատատեղից ոչ մեկը չկրճատեց ու անգամ տնտեսական ճգնաժամի արդյունքում բարեգործությունը չկրճատվեց»,- ասաց Խաչիկ Գալստյանը:
Գագիկ Ծառուկյանը և ԲՀԿ-ն 2009-ի ընթացքում կազմակերպեցին աշխարհում հայտնի հայերի մեծարման երեկոներ, ստեղծվեց «Հեռանկար» բարեգործական հիմնադրամը, ԼՂՀ-ում հիմք դրվեց սպորտային համալիրի կառուցմանը, անցկացվեցին երիտասարդությանը նվիրված միջոցառումներ, գումարներ փոխանցվեցին ուսանողների վարձերի զեղչման նպատակով, մեծ շուքով նշվեց ուսանողների միջազգային օրը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի կողմից իրականացվող ամանորյա բարեգործական ակցիաներին` Խաչիկ Գալստյանն ասաց, որ դեկտեմբերի 26-ից մարզերում մեկնարկել է տոնակատարությունների շարքը, որոնց ընթացքում Ձմեռ պապն ու Ձյունանուշը երեխաներին նվերներ են բաժանելու, որպեսզի. «Մեր մանուկների մոտ չմարի ամանորյա հրաշքի մասին պատկերացումը»:
Իսկ այն հարցին, թե որտեղ է անցկացնելու Գագիկ Ծառուկյանն Ամանորը` Խաչիկ Գալստյանը պատասխանեց` ընտանիքում:
Արմենուհի Կարեյան












