Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Խաչիկ Գալստյան. «Եթե հայ-թուրքական հարաբերություններն ու Արցախի հարցը շաղկապվեն` ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից»

Դեկտեմբեր 28, 2009թ. 15:05

Galstyan«Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում վերածվել է լուրջ գործոնի, քանի որ բոլոր հանգույցները հասնում են Հայաստան: 2009 թվականին վերականգնվեց նաև երկրի ներքին քաղաքական կայունությունը, ինչը շատ կարևոր էր»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:

Ինչպիսին կլինի  2010 թվականը. Խաչիկ Գալստյանի համոզմամբ, այն տքնաջան աշխատանքի տարի է լինելու:

Անդրադառնալով 2009 թվականին ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` ասաց. «Հայ ժողովուրդը հայթուրքական հարբերություններից հաղթող է դուրս գալու: Գործընթացի ձախողման դեպքում` ստրատեգիական առավելություն, կոնսոլիդացիայի հսկայական ներուժ և Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշումն աշխարհին ներկայացնելու հնարավորություն եմ տեսնում, դրանով կհասնենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որն էլ օրերի կամ ամիսների խնդիր կլինի»,- ասաց Խաչիկ Գալստյանը:

Անդրադառնալով հետարձանագրային փուլին` Խաչիկ Գալստյանն այն անվանեց դիվանգիտական փոխհրաձգության փուլ, որի ժամանակ Թուրքիայի վարչապետը  խոստովանեց, որ արձանագրություններն առանց նախապայմանների են:

«Հայաստանի Հանրապետությունը կարողացավ միջազգային հանրությանը ցույց տալ, որ հայ-թուրքական հարաբերությունները և Արցախի հարցի կարգավորումը տարբեր հարցեր են: Եթե հետագայում լինեն ճնշումներ այս երկու հարցերի նույնացման նպատակով` մենք կպնդենք, որ մեր տեսակետները տարբեր են: Թուրքիան խելամիտ լինելու դեպքում կվավերացնի արձանագրությունները, քանի որ 2010 թվականին լրանում է Ցեղասպանության 95-ամյակը»,- հավելեց Խաչիկ Գալստյանը:

Իսկ այն հարցին, թե ի՞նչ քայլի կգնա ԲՀԿ-ն, եթե հայ-թուրքական հարբերությունների հաստատումը և Արցախի հարցի լուծումը շաղկապվեն` Խաչիկ Գալստյանն ասաց, որ հարկ եղած դեպքում դուրս կգան կոալիցիայից:

Արմենուհի Կարեյան


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն