Գլխավոր » Լրահոս

Դեսպան Ադոնցը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերություններն ու արցախյան հիմնախնդիրը

Նոյեմբեր 18, 2009թ. 22:02

Ս.թ. նոյեմբերի 17-ին Բելգիայում եւ Նիդեռլանդներում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Պատրիկ Դոուելին:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ եւ բարձր գնահատել փոխգործակցությունը, մասնավորապես, արտգործնախարարությունների եւ խորհրդարանների միջեւ:

Բելգիայի խորհրդարանի նախագահը երկկողմ համագործակցության համատեքստում կարեւորել է 2009թ. հուլիսին ստորագրված ռեադմիսիայի մասին պայմանագիրը եւ ավանդական տնտեսական համագործակցության շարունակականությունը:

Կողմերը միակարծիք են եղել այն հարցում, որ խորհրդարանների դերը էական է տնտեսական համագործակցության խթանման համար: Խորհրդարանական շփման ձեւաչափը նաեւ լայն հնարավորություն է ընձեռում խորհրդականների համար անկաշկանդ եւ ազատ շփումների եւ խորհրդարանական ճկուն դիվանագիտության առումով:

Բելգիայի խորհրդարանի նախագահի խնդրանքով դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եւ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Դեսպան Ադոնցն անդրադարձել է 2010 թվականից Բելգիայի ԵՄ նախագահության շրջանում Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես առաջնային դիտարկելու կարեւորությանը: Ներկայացնելով Հայաստանի կողմից ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի իրականացման ընթացքը, դեսպանը նշել է ԵՄ անդամ պետությունների եւ հատկապես նախագահող երկրի աջակցության կարեւորությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների եւ ԵՄ երկրների մուտքի արտոնագրերի դյուրացման գործընթացները սկսելու նպատակով:

Ներկայացուցիչների պալատի նախագահը վստահեցրել է, որ առկա խոչընդոտների հաղթահարման եւ Բելգիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնման պարագայում նշված հարցերը կլինեն բելգիական իշխանությունների ուշադրության կենտրոնում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն