Գլխավոր » Լրահոս, Հարցազրույցներ

Կարինե Աճեմյան. «Թույլ տանք, որ տաղանդավոր անհատներն ինքնադրսևորվեն»

Դեկտեմբեր 29, 2009թ. 15:11

Karine Adjemyan

Մեր զրուցակիցն է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարինե Աճեմյանը։

Տիկին Աճեմյան, լինելով ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ո՞ր ոլորտն եք առավել կարևորում Ձեր աշխատանքում։

-Մեր գործունեության դաշտը շատ ընդարձակ է, այն ներառում է 11 ոլորտ. մշակույթ, կրթություն, գիտություն, սփյուռք, կրոն, սպորտ, երիտասարդություն, հեռուստատեսություն…  Հետևապես, աշխատում ենք որքան հնարավոր է այս ոլորտներում կատարելագործել օրենքները։ Բայց կարծում եմ` դրա հետ մեկտեղ շատ կարևոր է վերահսկողության իրականացումը, որպեսզի ընդունված օրենքները    կյանքի կոչվեն: Մշակույթի ոլորտին առնչվող օրենքներում, որքան էլ  դրանք  անթերի գրված լինեն, խիստ կարևորում եմ անձի, անհատականությունների դերի արժեվորումը, քանզի մշակույթն առանց անհատների, նվիրյալների ու տաղանդավոր մարդկանց` չի կարող զարգանալ։

Չե՞ք կարծում, որ մշակութային ոլորտում անելիքները շատ են, այս դաշտը կարծես ճահճացած լինի…

– Մեզ մոտ մշակութային կյանքը թվացյալ է եռում։ Ներկայացումների, համերգների հրավիրող ցուցապաստառների բազմազանությո~ւն է ու առատություն։ Ասել է, թե  քանակական առումով  մշակութային իրադարձությունների ծո~վ է, բայց, արդյո՞ք, նույնը կարող ենք ասել որակի տեսանկյունից: Ցավոք` ոչ: Շատ քանակի մեջ, քիչ որակ է ստեղծվում։

Անորակության այս «շքերթում» մենք չե՞նք կորցնում մեր իսկ ստեղծած արժեքները, մեր մշակութային ճաշակը, և վերջապես, ի՞նչ մշակութային դաստիարակություն են ստանում մեր երեխաները` ամեն քայլափոխի շփվելով ցածրարժեքության հետ:

– Անշուշտ, մենք կորցնում ենք մեր արժեհամակարգը։ Չեմ կարող չասել, որ մեր երեխաներին քրիստոնեական, մշակութային ճիշտ դաստիարակություն տալու ճանապարհին մեզ խանգարում է հեռուստատեսությունը, որը  հեղեղված է անճաշակ ու ցածրորակ հաղորդումներով, ֆիլմերով: Ապագա սերնդի դաստիարակության վրա ոչ պակաս բացասական ներգործություն ունի նաև շրջապատը: Սակայն, այս ամենով հանդերձ` դաստիարակության համար առաջին հերթին կարևորում եմ ընտանիքի դերը։ Այն ընտանիքում,  ուր կա անտարբերություն արվեստի հանդեպ, հատկապես, եթե այն դրսևորվում է ընտանիքի մոր կողմից, եթե տան կինը մշակույթ ու արվեստ չի գնահատում, ուրեմն, այդ ընտանիքում դժվար է խոսել երեխաների մեջ մշակութային ճաշակ ձևավորելու մասին։

Մշակութային կյանքը մեզանում սկսվում ու ավարտվում է Երևանով ու, կարծես, այն դարձել է մայրաքաղաքային։ Մարզերի բնակչությունը, հատկապես, երիտասարդությունը, կարծես մի տեսակ անտեսված է։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել` մշակութային կյանքը ողջ հանրապետությունում հավասարաչափ աշխուժացնելու համար։

– Համակարծիք եմ ձեզ հետ: Ի~նչ տաղանդաշատ, հրաշալի երեխաներ ունենք մարզերում: Նման երեխաներին պետք է հատուկ ուշադրության արժանացնել։ Մշակույթի նախարարությունը պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի այդ երեխաները հնարավորություն ունենան աճել` որպես ստեղծագործողներ: Այստեղ լուրջ անելիք ունեն նաև  արվեստի դպրոցները, որոնք պետք է կարողանան որակյալ  կրթություն ապահովել։ Այս գործում մեծ է պետության դերը. պետք է մշակութային քաղաքականություն ձևավորել։ Ի վերջո, այդ մասին ոչ թե պետք է միայն խոսել, այլ հարկավոր է գործել։ Մշակույթի բնագավառում հարկավոր է ստեղծել այնպիսի մրցակցային դաշտ, ուր տաղանդավոր անհատները ինքնաբացահայտվելու,  ինքնադրսևորվելու  հնարավորություն կունենան։ Եթե առողջ մրցակցություն չլինի, համոզված եղեք, որ հնարավոր չի լինի մշակութային մնայուն արժեքներ  ստեղծել:

Այնուհանդերձ, մշակութային առումով` ինչպիսի իրադարձություններով աչքի ընկավ 2009 թվականը։

– Ամենակարևոր իրադարձությունների շարքում`  Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնումն էր։ Բայց շատ եմ ափսոսում, որ այն կրկին տեղադրվեց Ջաջուռում։ Այդ հիասքանչ ստեղծագործությունը , կարծում եմ, պետք է տեղ գտներ Ազգային պատկերասրահում։ Շատ կցանկանայի, որպեսզի շարունակվի Մինասի որմնանկարների վերականգնման գործընթացը, այսինքն՝ այդ ուղղությամբ հստակ, հետևողական աշխատանք իրականացվի։ Հուսով եմ, որ մեր պետությունը կկարողանա ֆինանսավորել մնացած ութ որմնանկարների վերականգնման աշխատանքները ևս։

Կարևոր իրադարձություն եմ համարում նաև այն, որ բյուջեից գումար  հատկացվեց Հարություն Կալենցի տուն-թանգարանի համար։ Նա արվեստագետ է, ում մասին քիչ է խոսվում, ով շատ ճանաչված չէ, բայց նա իրականում մեծագույն նկարիչ է, և որին մենք պետք է հավուր պատշաճի ներկայացնենք ու հանրաճանաչ դարձնենք։

Մեր քաղաքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունների մեջ չեմ կարող չնշել  Պենդերեցկու, Գերգիևի, Բաշմետի հյուրախաղերի կազմակերպումը։ Այդ համերգները` դասական երաժիշտների համար վերածվեցին իսկական տոնախմբության։

Հանձնաժողովը` դեռ Արմեն Աշոտյանի նախագահության ընթացքում, սկսեց զբաղվել  «Կրոնի մասին» օրինագծի մշակմամբ։ Սակայն մինչ օրս անհայտ է օրինագծի ճակատագիրը: Ինչո՞ւ է ուշանում անչապ կարևոր օրինագծի` օրենքի ուժ ստանալու գործընթացը։

-Այո, անշուշտ, դա ամենակարևոր հարցերից մեկն է։ Կարծում եմ, որ հաջորդ տարի մեր հանձնաժողովը անպայման դրան կանդրադառնա և օրինագիծն անպայման օրենքի ուժի կստանա։

Վերջին շրջանում խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Վրաստանում` հայկական հուշարձանները համատարած կամ վրացականացվում են կամ քանդվում։

– Այո, երևույթը խիստ մտահոգիչ է: Ի դեպ, այն տեղի է ունենում ոչ միայն Վրաստանում, այլև նման ճակատագրի են արժանանում նաև Ադրբեջանի, Թուրքիայի տարածքում գտնվող  հայկական հուշարձանները։ Այդ ուղղությամբ մեր պետությունը պետք է հստակ   քաղաքականություն մշակի ու իրականացնի: Մենք պարտավոր ենք միջամտել և կանխել մշակութային ավերը: Ի վերջո, դրանք ոչ միայն հայության, այլ ողջ մարդկության հարստությունն են: Ցավոք, հարևան  երկրների կողմից իրականացվող հայկական մշակութային արժեքների ավերը կանխելու ուղղությամբ մենք համարժեք քայլեր չենք ձեռնարկում: Նրանց ագրեսիան` առ այսօր հավասարազոր պատասխան չի ստացել։  Մենք պետք է պետական մակարդակով դիմագրավենք այս մարտահրավերին ու կանխենք այն։

Չեմ կարող չանդրադառնալ մեկ այլ մտահոգիչ երևույթի ևս, այն, որ Հայաստանում էլ շատ վատ վիճակում են գտնվում  մեր հուշարձանները։ Եթե օտարը  միտումնավոր է ոչնչացնում  հայկական հուշարձանները, ապա մեր իսկ երկրում` դրանք ոչնչանում են մեր անտարբերության պատճառով:  Անհանգստացնող է այն, որ 2010թ բյուջեում բավական նվազել են հուշակոթողների պահպանման, վերականգնման համար հատկացվող գումարները. եթե 2009թ. այն եղել է 507մլն դրամ, ապա 2010-ին`  323մլն է: Պետությունը տնտեսական ճգնաժամի պայմաններում ի վիճակի չէ մեծ գումարներ տրամադրել։ Բայց մենք պետք է կարողանանք ելքեր գտնել: Չեմ կարծում, որ չեն գտնվի այնպիսի գործարարաներ, որոնք  սրտացավորեն կնպաստեն այս ազգանվեր գործին: Ցավոք, Մշակույթի նախարարությունն առանձնապես  ակտիվ չէ մշակութային արժեքների պահպանման խնդրում: Փոխարենը ունենք անհատներ, ովքեր այս հարցում շատ ավելի գնահատելի, հայրենանվեր աշխատանք են կատարում և նման մարդկանց համախմբմամբ կարելի պահպանել ու վերականգնել մեր ազգային ու պատմական հուշարձանները։

Դուք ժամանակին թատրոն եք ղեկավարել, կարելի է ասել՝ դուք թատրոնով ապրող մարդ եք. ինչպե՞ս եք գնահատում մեր թատրոնի ներկան։

-Ցավոտ հարց տվեցիք. իմ կարծիքով, այսօր հայկական  թատրոնը գտնվում է բավական տխուր վիճակում, իսկ պատճառը, ամենևին էլ ֆինանսական խնդիրները չեն. պետությունը թատրոններին բավականին գումարներ է տրամադրում։ Հիմնական պատճառն այլ տեղ պետք է փնտրել: Դրանցից մեկն այն է, որ թատրոններն ունեն ներքին կառավարման խնդիրներ։ Թատրոնին հարկավոր են լավ ղեկավարներ: Կան ներկայացումներ, որոնք մեկ անգամ դիտելուց հետո՝ մոռացվում են: Բնականաբար, նման ներկայացումները պահանջարկ ունենալ չեն կարող: Եվ ահա թե ինչ է ստացվում. պետությունը ֆինանսավորում է մի բան, որն արժեք չի ներկայացնում, մինչդեռ` ո’չ գեղարվեստական ղեկավարը, ոչ էլ գեղարվեստական խորհուրդն իրենց անորակ աշխատանքի համար պատասխանատվություն չեն կրում։

Այսօր մեր թատրոնների թիվ մեկ խնդիրը անհատականությունների պակասն է։ Լավ ստեղծագործողները, ռեժիսորները  քիչ են։ Սա խոսում է այն մասին, որ  աղավաղվել, իր բնույթից շեղվել ու անհասկանալի է դարձել գեղարվեստական ղեկավարի ինստիտուտը։ Մեկը պե՞տք է ղեկավարի թատրոնը, բայց այդ «մեկը» պետք է լինի տաղանդավոր, անհատականություն, որն ի զորու լինի  իր հետևից տանել շնորհալիներին, այլ ոչ թե, սեփական միջակությունը թաքցնելու նպատակով, իրեն շրջապատի ապաշնորհներով, ծախսի պետական  գումարներն ու արդյունքում՝ չստեղծի իսկական թատրոն: Ինչո՞ւ է մեր ժողովուրդը կտրվել թատրոնից. հարցի պատասխանը մեկն է` եթե լինի լավ ներկայացում, հանդիսատեսի պակաս երբեք չի զգացվի:

Այսօր չունենք նաև  թատրոնի  քննադատներ, որովհետև նա, ով պետք է զբաղվի թատրոնով՝ հայտնի պատճառներով՝ այլ գործունեությամբ է զբաղված։ Սա մեր  իրականությունն է այսօր:

Ձեր դիտարկումները դիպուկ են, տեղին, ու մտահոգիչ լինելով նաև` պետք է որ նաև սթափեցնող լինեն… Նոր տարվա նախաշեմին ենք` ի՞նչ սպասելիքներ ունեք  2010-ից։

-Նոր տարվա առավել կարևոր իրադարձությունները, կարծում եմ, տեղի կունենան հիմնականում  քաղաքական դաշտում, մասնավորապես, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն սկսված գործընթացում: Կարծում եմ, որ այդ գործընթացը դրական ընթացք կունենա.  Արձանագրությունները, այնուամենայնիվ, կվավերացվեն։ Իսկ  պատմական այն հանձնաժողովը, որը պետք է ստեղծվի, շատ աշխատանք ունի անելու՝ Թուրքիայի տարածքում գտնվող հայկական հուշակոթողների,  մշակութային ժառանգության պահպանման գործում. Մենք պետք է ապացուցենք, որ տերն ենք մեր ստեղծած արժեքների, իսկ դա նշանակում է`  տիրոջ իրավունքով Թուրքիայից պահանջել դրանց վերականգնումն ու պահպանումը:

2009թ. դժվար տարի էր մեզ համար։ Բայց մեր երկիրը կարողացավ հաղթահարել խոչընդոտները: Հավատում եմ, որ 2010 թվականին ավելի բարեկեցիկ կդառնա մեր ժողովրդի կյանքը և մեր ժողովուրդը, որն անսահման ներուժ ունի, կկարողանա   հաղթահարել դժվարությունները։

Հուսով եմ, որ հաջողություններ կունենանք արտաքին քաղաքական հարթության մեջ, Արցախյան խնդրում: Իսկ որպեսզի մեր հաջողությունները լիարժեք լինեն ու հնարավորինս հեշտ ձեռքբերելի, հարկավոր է, որ սատար լինենք մեր Հանրապետության նախագահին, օգնենք նրան ու համատեղ ուժերով դիմագրավենք մեզ նետվող մարտահրավերները:

Ամանորյա շնորհավորանքս ուղղված բոլոր հայերին, ցանկանում եմ մեզ բոլորիս ուժ, համբերություն և որ կարևորն է` լավատեսություն:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարցազրույցը՝ Գոհար Փիլթոյանի


Դիտել Լրահոս, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն