Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Մոտ է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչումը»

Դեկտեմբեր 29, 2009թ. 17:15

atanesyanՄեր զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ-ի Արտաքին հարաբեությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը

1991թվականին տեղի ունեցան ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությաններն ու Արցախն առաջին անգամ ձևավորեց իր խորհրդարանը. ի՞նչ կասեք օրվա առիթով։

–  1991թ. սեպտեմերի 2-ին Ղարաբաղի մարզային խորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը միացյալ նստաշրջանում արդեն հռչակել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ։ Հռչակագրում նշված էր, որ հետագայում պետք է ձևավորվեն իշխանության բոլոր բարձրագույն մարմինները։ Ուստի, Հռչակագրի հիման վրա ստեղծվեց  Կենտրոնական ընտրական  հանձնաժողով, որը 1991թ. դեկտեմբերի 10-ին անցկացրեց համաժողովրդական հանրաքվե, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրեն հայտարարեց անկախ պետություն, իսկ դեկտեմբերի 28-ին տեղի  ունեցավ Գերագույն խորհրդի առաջին ընտրությունը, որով`  որպես իշխանության բարձրագույն մարմին ձևավորվեց ԼՂՀ Գերագույն խորհուրդը։

Այն, որ այդ ընտրությունները  համընկան  Պարլամենտարիզմի միջազգային օրվա հետ, պատահական չէր, դրանով ԼՂՀ-ն` միջազգային հանրությանը ներկայացրեց անկախ պետություն կայացնալու լուրջ հայտ։

Ցավոք սրտի, այդ ընտրություններին հետևեց Ադրբեջանի պատերազմական ագրեսիան։ Եվ ընտրությունները, և’ Անկախության մասին հանրաքվեն անցան  սկսված պատերազմի պայմաններում։

Ցավով պետք է նշեմ, որ առաջին գումարման Գերագույն խորհուրդը պատերազմական իրավիճակներում չկարողացավ լիարժեք գործունեություն ծավալել։ Այնուամենայնիվ, 1992թ. հունվարի 6-ին, ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության մասին Հռչակագիրը, իսկ հաջորդ նտաշրջանում՝ ձևավորեց Կառավարություն։

Մինչ այդ` ԼՂՀ կառավարությունը գործում էր Գերագույն խորհրդի ենթակայության ներքո: Ստեղծված ծայրահեղ  իրավիճակում` փորձ արվեց հնարավորինս կարգավորել Հանրապետության կյանքը։ Այսինքն՝ ԼՂՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունվեցին  այն բոլոր հիմնարար օրենքները, որոնք հատուկ են յուրաքանչյուր նորաստեղծ պետության. դա նախևառաջ՝ «Անկախության մասին» հռչակագիրն էր, «Քաղաքացիության մասին» օրենքը, «Պետական կառավարման մարմինների լիազորությունների տարանջատման մասին» օրենքը։ Այսինքն՝ ընդունվեց իրավական ակտ, որով  կարգավորվեց Գերագույն խորհուրդի ու Կառավարություն լիազորությունների շրջանակը։ Հետագայում՝  պայմանավորված պատերազմական իրավիճակի սրմամբ, արդեն 1992թ. ամռանը, Գերագույն խորհուրդն իր լիազորությունների մի զգալի մասը վերապահեց Պաշտպանության պետական կոմիտեին, և ստեղծվեց` պատերազմական ժամանակներին հատուկ պետական կառավարման մարմին: Որի ստեղծմամբ, Գերագույն խորհրդին թողնվեց միայն օրինաստեղծ աշխատանքը։

Ցավում եմ, որ Առաջին գումարման Գերագույն խորհուրդն այդպիսի ծանր իրավիճակում սկսեց աշխատել։ Իշխանության բարձրագույն մարմինն ունեցավ` ոչ միայն քաղաքական, այլև մարդկային կորուստներ։ Ընդհատվեց Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի կյանքը, շատ պատգամավորներ ստիպված էին պատերազմական իրավիճակում թողնել օրենսդիր աշխատանքն ու… նրանք  զոհվեցին՝ մեզ պարտադրված պատերազմում։

Հետագա իրադարձությունները մեր երկրում կազմակերպվեցին այնպես, որ 1994թ, ստեղծվեց Նախագահի ինստիտուտը և Գերագույն խորհրդի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվեցին։ Արդեն 1995թ. մայիսին տեղի ունեցան ԼՂՀ ազգային ժողովի ընտրությունները։ Այսինքն՝ կատարվեց իշխանության մարմինների լիազորությունների ևս մեկ բաժանում։

Այդ տարիներին` միջազգային կառույցների ներկայացուցիչներ, դիտորդներ այցելեցի՞ն Արցախ, ներկա եղա՞ն` իր անկախությունը հռչակած երկրի առաջին ընտրություններին։

-Ե’ անկախության հանրաքվեին, և Գերագույն խորհրդի առաջին ընտրություններին միջազգային դիտորդներ մասնակցել են։

Իսկ ինչպիսի՞ն է եղել նրանց գնահատականը։

-Նրանց  գնահատկաններում ամփոփված էր այն միտքը, որ  երկիրն իրեն հռչակել է անկախ, երկիրն իրավասու է ընտրել իր ճակատագիրը, ժողովուրդն իրավասու է ձևավորել իր կողմից լիազորված իշխանության մարմիններին։ Ընտրությունների վերաբերյալ որևէ բացասական կարծիք չի արտահայտվել։

Այսինքն, կարելի է արձանագրել, որ ղարաբաղյան բոլոր ընտրություններին մասնակցել են միջազգային դիտորդներ, և բոլոր դեպքերում նրանց կողմից դրականն է արձանագրվել։

– Անշուշտ. և Անկախության հանրաքվեին, և Գերագույն խորհրդի ու հետագա բոլոր ընտրություններին մասնակցած միջազգային դիտորդների  կարծիքը, միանշանակորեն, եղել է այն , որ այս Արցախում ապրող ժողովուրդն իրավասու է տնօրինել իր ճակատագիրը՝ իր կողմից ընտրված օրինական իշխանության միջոցով։

Սակայն, այսօր որոշ միջազգային կառույցներ հնչեցնում են կարծիքներ, թե Ղարաբաղյան հիմնահարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Չե՞ք կարծում, որ սրանով իսկ գոծ ունենք երկակի ստանդարտների հետ։

– Թույլ տվեք  ձեզ հետ չհամաձայնել, այն առումով, որ չկա մի միջազգային կառույց, որը միանշանակ հայտարարած լինի, թե ղարաբաղյան  խնդիրը պետք է լուծվի տարածքային ամբողջականության շրջանակներում, կամ Ղարաբաղը պետք է վերադառնա Ադրբեջանի իրավաենթակայությանը։   Իհարկե, կան քաղաքական  գործիչներ, այդ թվում նաև միջազգային ինչ-ինչ կառույցներ, որոնք պարբերաբար նման տեսակետներ են հնչեցնում։ Բայց դրանք, կարծում եմ, միջազգային հանրության համար բնութագրական համարել այնքան էլ ճիշտ չէ։ Ընդհակառակը, բանակցային գործընթացի վերաբերյալ միջազգային կառույցների, մանավանդ միջնորդ երկրների  վերաբերմունքն ու բանակցային գործընթացի տրամաբանությունը  հուշում է, որ մոտ է  ԼՂՀ  անկախության միջազգային ճանաչումը:

Քանի՞ խորհրդարանական ընտրություններ են` առ այսօր, անցկացվել ԼՂՀ-ում:

-2010թ. տեղի կունենան 5-րդ ընտրությունները։

Այսինքն՝ Արցախն այսօր խորհրդարանական ընտրությունների նախաշեմին է։

– Այո, 2010թ. մայիսին, ըստ ԼՂՀ Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի, պետք է տեղի ունենան հերթական խորհրդարանական ընտրությունները։ Սա արդեն քաղաքական ձևավորված ավադույթ է, որով Արցախի ժողովուրդն իրականացնում է` օրենսդիր իշխանություն ձևավորելու իր քաղաքական իրավունքը։

Այդ առումով ինչպիսի՞ն է քաղաքական նախընտրական իրավիճակն Արցախում։

– Մրցակցություն, իհարկե կա, բայց ընտրությունների հետ կապված ավելորդ  խառնաշփոթ` Արցախում երբևէ չի եղել։ Քաղաքական համերաշխության մթնոլորտում պահպանելով առողջ մրցակցության քաղաքակիրթ կանոնները, մենք կանցկացնենք մեր հերթական ընտրություններն ու կձևավորենք առավել պրոֆեսիոնալ խորհրդարան։

Արցախում այսօր նախատոնական տրամադրություն է։ Արցախցիների տրամդրությունը փայլուն է, որովհետև ի տարբերություն տարածաշրջանի այլ երկրների, ԼՂՀ-ն տարին եզրափակում է 13% տնտեսական աճով։ Մենք  կընդունենք 2010թ. բյուջեն, որը կառավարության կանխատեսմամբ նախատեսում է երկնիշ թվով տնտեսական աճ։

Կարո՞ղ ենք փաստել, որ Արցախն այսօր ունի կայացած խորհրդարանական ինստիտուտ։

-Անկասկած։  Վերջերս մենք Հայաստանում էինք, անցկացրեցինք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստը։ ԼՂՀ ԱԺ նախագահն աշնանը` պաշտոնական այցով եղավ Ֆրանիսիայում և ՌԴ-ում։ Ֆրանսիայում  հանդիպումներ տեղի ունեցան երկրի խորհրդարանի պատգամավորների հետ։ Իսկ ՌԴ-ում` պաշտոնական հանդիպումներ եղան Պետական դումայում։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Արցախը կայացած պետություն է` իր կայացած  ինստիտուտներով։

-2010թ. Ղարաբաղյան բանակցային գործընթացում ի՞նչ փոփոխություններ եք կանխատեսում։

-Ինձ թվում է, որ 2009 թվականին արդեն իսկ դրական կուտակումներ եղել են։ Խոսքը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև դինամիկ հանդիպումներին, նաև միջնորդների լավատեսությանը։ Կարծում եմ, որ 2010թ. կարող է դառնալ հնարավորությունների իրականացման տարի, եթե ընդդիմախոս կողմերը, հիմնականում՝ Ադրբեջանը, չփորձի նենգափոխել, խեղաթյուրել և’ խնդրի էությունը, և’ բանակցային գործընթացը։ Այսինքն, եթե փորձ չարվի բանակցությունների տրամաբանությունը շրջել դեպի հետ, եթե բանակցությունները կենտրոնանան բուն հարցին ՝ ԼՂՀ կարգավիճակին, ապա կարող է առաջընթաց լինել։ Իսկ եթե Ադրբեջանը փորձի պնդել, որ հարցի լուծումը պետք է սկսել ամենավերջից, այսինքն՝ հակամարտության զինված փուլի հետևանքների վերացում, ռազմաքաղաքական բալանսի վերանայում, փախստականներ… և սրանից հետո միայն խոսել կարգավիճակի մասին, ապա ոչինչ էլ չի փոխվի։ Հույս ունենք, որ բանականությունը չի լքի Ադրբեջանի իշխանություններին: Ի վերջո, կարծում եմ, որ 2010-ին  բանակցային գործընթացին կմիանա նաև ԼՂՀ-ն։ Եվ այդ մթնոլորտում  կընդունվի` բոլոր կողմերին բավարարող, արդարացի որոշում. դա ԼՂՀ փաստացի անկախության միջազգային ճանաչումն է:

-Երկու հայկական պետություններին ի՞նչ կմաղթեք Նոր տարվա առթիվ։

-Ուզում եմ, որ երկու հայկական պետությունները բարգավաճեն, ծաղկեն, զարգանան և ապագայում ունենանք երեք հայկական պետություն, իսկ ավելի հեռավոր ապագայում՝ ավելի մեծ ազատ, անկախ և միացյալ Հայաստան։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն