Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տնտեսություն, Քաղաքականություն

2009-ի «թեժ տասնյակը»

Դեկտեմբեր 29, 2009թ. 18:50

new-year21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտին աշխարհը բազմաթիվ փոփոխությունների առաջ կանգնեց: Համաճարակներն ու ֆինանսատնտեսական ճգնաժամը մոլորակի գլխավոր մարտահրավերներից էին, որոնց դեմ պայքարը, ցավոք, շարունակվելու է նաև 2-րդ տասնամյակում: Պայքարի ու քաղաքականության հավերժական այս շրջապտույտում երևույթներն ու իրադարձությունները այնքան արագ են փոխարինում իրար, որ մարդիկ չեն էլ հասցնում հասկանալ` ինչ կատարվեց, ինչու կատարվեց ու ինչպես արձագանքել: Երևույթներ կան, սակայն, որոնց հետքերը լավ են մնում, հասարակություններն անգամ տերմիններ են հորինում դրանց պատվին: 08 ու 09 թվականներն այս առումով տերմինաբանական ակտիվացման շրջաններ էին: Ծնվեցին ու առօրյա մտան արտահայտություններ, որոնք պարապ վախտի խաղալիք դարձան, ամեն քայլափոխի ուղեկցեցին մարդկանց գործողություններին, շատերին վերև բարձրացրին, շատերի համար էլ անդունդից նետվելու պատճառ դարձան: Եվ այսպես, տարվա ընթացքում ամենագործածված տերմինները` ըստ վարկանիշի և ունեցած նշանակության:

10. Օլիգոպոլիա.

«Թրանսփարենսի ինտերնեյշնլ» միջազգային կազմակերպության հրապարակած տվյալներով`  կոռումպացվածության աստիճանով Հայաստանը 180 երկրների շարքում այս տարի կիսում էր 120-125-րդ հորիզոնականները: Նախորդ տարվա համեմատª մեր երկրում կոռուպցիան նահանջ է ապրել, փոխարենը հարևան Ադրբեջանում է ավելի մեծ չափերի հասել: Աչքներս լույս, ասում են հակակոռուպցիոն նախաձեռնությունների հեղինակները: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կառավարության նիստում գնահատում է կոռուպցիան ու հայաստանյան տնտեսության վիճակը: Մեր երկիրը օլիգոպոլիկ բնույթ ունի, հայտարարում է գործադիրի ղեկավարը` դրանով իսկ քաղաքական դաշտ մտցնելով օլիգոպոլիա տերմինը: Օլիգոպոլիա` Տնտեսավարման ձեւ, որի դեպքում մի քանի խոշոր ընկերություններ ոչ ֆորմալ, կոռուպցիոն  պայմանավորվածությունների հիման վրա վերահսկում են արտադրության եւ սպառման շուկայի հիմնական մասը: Իրեն արմատական անվանող ընդդիմությունը օլիգոպոլիաների դեմ պայքարի միջոցը իշխանափոխության մեջ է տեսնում, իսկ տարվա կեսերից ընդդիմության շարքերը համալրած ՀՅԴ-ն ավելի արդյունավետ է համարում լավ օրենքներ ստեղծելը: Ի վերջո, մոնոպոլիա և օլիգարխիա բառերի միաձուլումից ծնունդ առած օլիգոպոլիայի դեմ ի պաշտոնէ պայքարող իշխանությունները խոստանում են եկող տարի ավելի համառորեն աշխատել երևույթը հնարավորինս ճնշելու, բայց ոչ արմատախիլ անելու ուղղությամբ:

9. Վճռական հանրահավաք.

Իշխանությունների քննադատությունը ընդդիմադիրների համար այս տարի տնտեսական խնդիրներով չսահմանափակվեց: Հայաստանի ղեկավարները մեղադրվեցին դավաճանության, Արցախը թշնամուն հանձնելու մտադրությունների ու երկրի վարկանիշը աշխարհում ոտնատակ տալու համար: 2008-ից սկիզբ առած իշխանափոխության կոչերը Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հայ ազգային կոնգրեսը շարունակեց նաև 2009-ին: Հանրահավաքներ, որոնք ամեն անգամ վճռական ու հաղթական լինելու բնորոշում էին ստանում, սակայն բուն հանրահավաքի ժամանակ արտահերթ որոշվում էր հաջորդ, մեկ ուրիշ  անգամ համապետական հանրահավաքով  ճնշել իրենց բնորոշմամբ «թաթար-մոնղոլական վարչախմբին» ու արդարություն հաստատել երկրում: Արդյունքում 2009-ին այդպես էլ խոստացված վճռական հանրահավաքը տեղի չունեցավ, փոխարենը մնաց տերմինը, որ տերպետրոսյանական ընդդիմության հավատարիմ հետևորդների բառապաշարում արմատավորվեց որպես հաղթանակի հասնելու համոզմունք:

8. Ռուսամերիկյան վերաբեռնավորում.

Երբ 2009-ի մարտին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի  իր գործընկեր Սերգեյ Լավրովին հանձնեց հարաբերությունների վերաբեռնավորման, կամ որ ավելի ընդունված տերմին է, reset-ի  կոճակը, հասկանալի դարձավ` ռուսների ու ամերիկացիների հարաբերություններում ինչ-որ բան ընթանալու է չնախատեսված հունով: Քլինթոնի մատուցած կոճակի ներքևում ռուսերեն վերաբեռնավորում` перезагрузка, բառի փոխարեն գրված էր գերբեռնում` перегрузка: Վերլուծաբանները սա որակեցին որպես ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամային նոր գերբեռնում, սակայն ինչպես միշտ, մեծ քաղաքականության մեջ այս անգամ էլ ճշգրիտ հաշվարկներ չեղան: Արդեն աշնանը ԱՄՆ նախագահը Մոսկվայում հանդիպեց Մեդվեդևի հետ` խոստանալով ոչ թե ուրիշներից մշտական զիջումներ պահանջել, այլ առաջին հերթին իր կողմից գնալ խոշոր զիջումների: Խոստման իրականացումը չուշացավ: Սեպտեմբերի վերջին Բարակ Օբաման պաշտոնապես հայտարարեց Եվրոպայում, մասնավորապես Լեհաստանում ու Չեխիայում հակահրթիռային պաշտպանության համակարգերի տեղակայումից հրաժարվելու մասին: Ռուսներն, իհարկե, գոհ մնացին ամերիկյան այդ բարի ժեստից, ինչի շնորհիվ սպառազինությունների մրցավազքի նոր փուլից ազատվեցին ոչ միայն երկու գերտերությունները, այլև եվրոպական ու նաև ասիական ժողովուրդները: Reset, перезагрузка կամ վերաբեռնավորում տերմինը, այնուամենայնիվ, մնաց կիրառության մեջ: Ռուսաստան-Արևմուտք ոչ մրցակցային իրական հարաբերությունների, սակայն, մոտ ապագայում աշխարհը ականատես չի լինի:

7. Արևելյան գործընկերություն

Արտաքին քաղաքականության արմատական փոփոխությունների նշաններ 2009-ին ցույց տվեց նաև եվրոպական արևմուտքը: Դեռևս 2008-ի դեկտեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Եվրոպական Հանձնաժողովը առաջարկ ներկայացրեց նոր Արևելյան գործընկերության վերաբերյալ, որը նոր լուծումներ է տալու  Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ունեցած Եվրամիության արտաքին կապերին: Արդեն 2009-ի մայիսի 7-ին Պրահայում հանդիպեցին երկրների ղեկավարները և որոշեցին` համագործակցելու են Եվրամիության հետ` անկախ  քաղաքական տարաձայնություններից: Հայաստանի քաղաքական դաշտում դրական փոփոխությունների ու եվրոպականացման հույսերով ընդունեցին արևելյան գործընկերությունը` մատնանշելով Եվրամիության անդամ դառնալու մոտալուտ պահը: Արդյունքում եվրոպացիների առաջարկած բանաձևը դարձավ նաև հայաստանյան քաղաքական տերմինաբանության կարևոր բաղադրիչներից:

6. Լիսաբոնյան համաձայնագիր

Այն, ինչ հեշտությամբ հաջողվեց դեպի Եվրոպա ձգտող 6 պետությունների դեպքում, լուրջ խոչընդոտների հանդիպեց Եվրոպայի լիիրավ անդամների շարքերում: 2007-ից Եվրամիությունում սկիզբ առած նոր` եվրոպական արժեհամակարգի և կառավարման մեթոդների համաձայնագիր ստորագրելու գործընթացը տվեց ավելի քան երկու տարի` այդ ընթացքում բազմաթիվ անգամներ սպառնալիքի տակ դնելով նույնիսկ Եվրամիության հետագա կենսունակության հնարավորությունը: Մարդիկ ընդամենը ուզում էին ավելի կառավարելի ու կանխատեսելի Եվոպա ունենալ, ինչին երկու տարի շարունակ դեմ էին հատկապես Իռլանդիան ու Չեխիան: Ի վերջո, երկարատև բանակցություններից ու հանրաքվեներից հետո 2009-ի դեկտեմբերին կառույցի անդամ բոլոր 27 երկրները համաձայնեցին ստորագրել համաձայնագիրն ու ընտրել Եվրամիության նախագահ: Բելգիայի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Վան Ռոմպեյ, ով հայտնի է մշտական փոխզիջումների գնալու իր քաղաքական կուրսով: ԵՄ նախագահի ընտրությունը, սակայն, ամենից շատ տխրեցրեց մեր հարևան թուրքերին: Վան Ռոմպեյը Թուրքիայի սկզբունքային ընդդիմախոսն է: Մերժում է  այդ երկրի մուտքը եվրոպական ընտանիք` որպես քրիստոնեական հասարակության պահպանման միջոց:

5. Տնտեսական ճգնաժամ

Թուրքերի համար ստեղծված հոգեբանա-քաղաքական ճգնաժամը մի կողմ, բայց աշխարհի տերմինաբանական լեզվադարանն այս տարի հարստացավ նոր արտահայտությամբ` ֆինանսատնտեսական ճգնաժամ: Ամերիկյան wall street journal պարբերականի վերլուծաբանները հաշվել են` աշխարհում միայն 2009-ի ընթացքում համաշխարհային տնտեսական ճգնաժամի մասին ավելի քան 127մլն  հրապարակում է եղել: Ամերիկայից սկիզբ առած ճգնաժամը համաշխարհային աղետի վերածվեց: Սնանկացան բանկեր ու խոշոր ընկերություններ, ինքնասպան եղան միլիարդատերեր: Հայաստանում նախօրոք հայտարարվեց` ճգնաժամը կշրջանցի մեր երկիրը: Պարզվեց, որ ճգնաժամը անտարբեր չանցավ նաև Հայաստանի կողքով: 18 տոկոսանոց տնտեսական անկում միայն 2009-ին: Վարչապետն ավելի խստապահանջ դարձավ նախարարների նկատմամբ, արգելեց թանկարժեք մեքենաներով շրջել ու Հայաստանից դուրս հանգստանալ: Արդյունքում աշխատավարձերի ու կենսաթոշակների կրճատումներ չեղան, փոխարենը ևս 1 միլիարդ դոլարի լրացուցիչ արտաքին պարտք ավելացավ մեր թոռների ուսերին: Իշխանություններն են մեղավոր, վճռական հանրահավաքներում հայտարարեց ընդդիմությունը, երկիրը երկիր չի, նարդու սեղանների մոտ դժգոհեցին թոշակառու տարեցները, իսկ հանրապետության նախագահն արդեն տարեվերջին գործարարների հետ հանդիպմանը խոստացավ` ճգնաժամը շատ շուտ չի լքի մեզ, բայց 2010-ը կայունացման տարի է լինելու:

4. Խոզի գրիպ

Տերմինների թեժ տասնյակում չորրորդ հորիզոնականը շատերի համար, թերևս, ազնիվ չի լինի: Համաձայնելով նման կարծիքների հետ` այնուամենայնիվ պիտի նշեմ, որ հայաստանցիներիս համար խոզի գրիպը չունեցավ այն կործանարար ազդեցությունը, ինչ տեսան Եվրոպայում, Ամերիկայում ու հատկապես Մեքսիկայում: Եվ փառք Աստծո: Դեռևս 1930-ականներից հայտնի խոզի գրիպը կամ A/H1N1 շնչառական հիվանդությունը աշխարհում գլուխ բարձրացրեց 2009-ի սկզբից: Մինչ այդ, ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով` 2005-ից մինչև 2009 թվականը արձանագրվել է մարդկանց շրջանում խոզի գրիպի ընդամենը 12 դեպք: Սակայն արդեն 2009-ի գարնանից Մեքսիկայում 900 մարդ խոզի գրիպի վարակակիր դարձավ, 68-ը մահացավ: Միացյալ Նահանգներում մինչև աշուն 50 մլն մարդու մոտ հիվանդության ախտանշաններ ի հայտ եկան: Հայաստանում թեև արագ արձագանքեցին ու խիստ վերահսկողության տակ վերցրին երկիր մտնող բոլոր ցամաքային ու օդային ճանապարհները, բայց տարեվերջին առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարեց` մեզ մոտ խոզի գրիպի 107 դեպք է արձանագրվել, որից 3-ը` մահվան ելքով:

3. Ճանապարհային քարտեզ

Հայ քաղաքական ու հասարակական միտքը 2009-ին չնայած շատ էր տառապում տնտեսական ճգնաժամի ու խոզի գրիպի ավերիչ հետևանքներից, բայց գլխավոր հարցը մեզանում հայ-թուրքական հարաբերությունների աննախադեպ ակտիվացումն էր: Հենց դա էլ շղթայական կապերով զբաղեցրեց տերմինների մեր հիթ շքերթի առաջին երեք տեղերը: Ամեն ինչ, սակայն, հերթով: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2008-ի հունիսի 23-ին Ռուսաստանի հայ համայնքի մոտ հայտարարեց` պատրաստվում է միասին ֆուտբոլ դիտելու համար Հայաստան հրավիրել իր թուրք գործընկերոջը: Աբդուլլահ Գյուլը մեր երկիր եկավ աշնանը: Ֆուտբոլի իր հավաքականի հետ հաղթեց 0-2 հաշվով ու խոստացավ իր կողմից էլ քայլեր ձեռնարկել հնարավոր հաշտեցման ուղղությամբ: 2009-ի ապրիլի 7-ին Թուրքիայում նման առաջարկ արեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարակ Օբաման` խորհուրդ տալով թուրքերին ընդունել անցյալը և կերտել ավելի լավ ապագա: Օբամայի ակնարկը Թուրքիայում հասկացան ու ապրիլի 22-ի գիշերը` նույն Թուրքիայում Հայոց Ցեղասպանության  իրագործման 94-ամյակի նախօրեին համաձայնության եկան հայկական կողմի հետ` սահմանելու  երկու երկրների հաշտեցման և ապագա դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհային քարտեզ: Առաջինը Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու Ռուսաստանը շտապեցին շնորհավորել: Ադրբեջանը խանդի տեսարաններ սարքեց: Հայ-թուրքական հնարավոր հաշտեցումը չծափահարեցին նաև դաշնակցությունը, Հայաստանի քաղաքագետների մեծ մասն ու Սփյուռքը` ճանապարհային քարտեզի երևոյթը համարելով ԱՄՆ նախագահի կողմից Հայոց Ցեղասպանության ընդունումը ևս մեկ տարով ձախողելու մտածված քայլ:

2. Հայթուրքական արձանագրություններ

Ճանապարհային քարտեզ գծագրելուց անմիջապես հետո Թուրքիայի իշխանություններն իրենց դերերի հստակ բաժանումներ արեցին: Նախագահ Գյուլը հաշտության կողմնակից դարձավ, վարչապետ Ռեջեփ Էրդողանը սկսեց ավելի սպառնալից հայտարարել` մինչև հայերն Արցախը չհանձնեն Ադրբեջանին, հայ-թուրքական ոչ մի հաշտություն չի լինի: Մենք այդպես չենք պայմանավորվել, նախապայմաններ չեն լինելու,  եկեք ազնիվ խաղանք, հերթական անգամ պատասխանեցին Հայաստանի իշխանությունները: Բանակցությունների արդյունքում 2009-ի օգոստոսի 31-ին, կրկին գիշերը Հայաստանն ու Թուրքիան համաձայնության եկան` ներքին քննարկումներ սկսել դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունների ստորագրման շուրջ: Թուրքերը ստիպված եղան բացատրություններ տալ ադրբեջանցիներին, Հայաստանի ղեկավարությունն էլ թեմատիկ խորհրդակցություններ հրավիրեց, խորհրդարանական լսումներ եղան, իրականացվեցին մարզային քննարկումներ: Ընդդիմության շարքեր մտած դաշնակցությունը գիշերային դիվանագիտության արդյունք որակեց հայ-թուրքական արձանագրությունները, փողոց դուրս եկավ, հացադուլ արեց, ստորագրություններ հավաքեց ու հորդորեց իշխանություններին հետ կանգնել, իրենց բնորոշմամբ, ազգուրաց քաղաքականությունից: Փոխարենը ընդդիմության տերպետրոսյանական թևը պաշտպանեց արձանագրությունները: Հանրապետության նախագահը համահայկական ուղևորություն կազմակերպեց` համոզելու աշխարհի բոլոր հայերին, որ արձանագրությունները լավն են:

Սփյուռքում դժգոհեցին, հիշեցրին Ցեղասպանության ու Արցախի մասին: Հոկտեմբերի 10-ին, սակայն, Ցյուրիխում ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները: Նախատեսվածից 3 ժամ ուշացումով երկու երկրների արտգործնախարարներն իրենց ստորագրությունները դրեցին փաստաթղթերի տակ: Հետո բացահայտվեց` Ահմեդ Դավութօղլուն վերջին պահին փորձել էր իր թուրքությունն անել: Էդվարդ Նալբանդյանը թույլ չէր տվել: Հիմա արդեն խելամիտ ժամանակահատվածում Հայաստանն ու Թուրքիան պաշտոնապես պիտի վավերացնեն արձանագրությունները: Աշխարհի, հատկապես Հայաստանի ու Թուրքիայի հասարակությունները անգամ հավաքույթների ժամանակ քննարկելու նոր թեմա ունեցան: Հայ-թուրքական արձանագրություններն այսպիսով դարձան տարվա առաջատար տերմիններից մեկը, իսկ լավագույն եռյակի և ընդհանապես, տասնյակի առաջատարը կարդացեք քիչ ներքևում:

1. Ֆուտբոլային դիվանագիտություն

Ֆուտբոլային լավ հիշողություններ ունեցող, բայց ֆուտբոլ չունեցող Հայաստանում հենց ֆուտբոլային կոչվեց հարևաններից մեկի հետ հնարավոր հաշտեցման  դիվանագիտական քայլը: Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների հանդիպումները դիտելու համար իրար հրավերներ ուղարկող երկու նախագահներն էլ ընդունում են` սպորտը միջոց դարձավ հանդիպելու և քննարկելու հարցեր, որոնց վրա հարյուրամյա տաբուներ են դրված երկու երկրներում էլ: Թուրքիայում մարդիկ արդեն բարձրաձայն խոսեցին Հայոց Ցեղասպանության եղելության մասին, Հայաստանում էլ եղան ցեղասպանության փաստը կասկածի տակ դնողներ: Հետո արդեն ճանապարհային քարտեզ, արձանագրություններ, «Սարի գելին» երգի  հայ-թուրքական համատեղ կատարումներ: Մարդիկ սկսեցին խոսել 4 մլն ծպտյալ թուրքահայերի մասին, թուրքերից շատերն էլ իրենց ապրանքները հայ առևտրականներին ավելի լավ վաճառելու համար ծպտյալ ու հալածյալ հայեր դարձան: Ֆուտբոլային դիվանագիտությունը 2009-ի կարևորագույն ու ամենաօգտագործված արտահայտությունն էր, որ լարված ու միաժամանակ սպասված էր ոչ միայն Հայաստանի ու Թուրքիայի, այլև Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի միջազգային հանրությունների համար: Երրորդական դերում հայտնված Ադրբեջանը այս տարի էլ աղաղակեց հայկական տարածքների 20 տոկոսանոց ադրբեջանականացման մասին, պահանջեց թուրքերից չմոռանալ մեկ ազգ` երկու պետության գաղափարն ու չհաշտվել հայերի հետ: Եվ ինչքան էլ գերտերություններն ու Հայաստանը պատասխանեցին` հայ-թուրքական հարաբերությունները կապ  չունեն Արցախյան հակամարտության հետ, ադրբեջանաթուրքական ճակատը կապեր գտնելու ուղղությամբ լավ աշխատեց: Այնուամենայնիվ, 2010-ը արմատական փոփոխությունների տարի է լինելու: Վրացիները խոստացել են գարնանից Վերին լարս անցակետով ապահովել մեր ցամաքային կապը Ռուսաստանի ու մնացյալ աշխարհի հետ: Իրան-Հայաստան երկաթուղին 2010-ից կսկսի կառուցվել: Թուրքերն էլ կվերանայեն իրենց դիրքորոշումներն ու կմտածեն տարածաշրջանային նոր տիպի քաղաքականության մասին: Տերմինների պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրած Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքները մենք դեռ կտեսնենք, իսկ մինչ այդ, մեր երկիրը նոր հույսերով նոր տարի է մտնում: Ու թող որ նախորդ տարում մնան տխուր ու մտահոգիչ բոլոր բառակապակցություններն ու արտահայտչամիջոցները: Մեկ տարի հետո` 2010-ի ամփոփումն անելիս, թող որ մեր հիթ շքերթները գլխավորեն տնտեսական վերելքները, հանդուրժող հասարակությունը, խելացի հարևանները, երկաթյա առողջապահությունը, Արցախի վերջնական հաղթանակը, շախմատային  դիվանագիտությունն  ու վերջապես` միացյալ ու հաղթական Հայաստանը: Շնորհավոր հայկական Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նաիրի Հոխիկյան


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն