Թաթուլ Մանասերյան. «2010-ին ամեն ինչ կախված կլինի այն տերություններից, որտեղից սկիզբ առավ ֆինանսական ճգնաժամը»
«2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից կարելի էր նաև օգուտներ քաղել»,-ArmAr.am էլեկտրոնայի օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Ըստ տնտեսագետի, Հայաստանը չօգտվեց ընձեռված հնարավորությունից, մինչդեռ կարելի էր, ձեռնարկությունները վերազինել նոր սարքավորումներով, որը թույլ կտար դառնալ ավելի մրցունակ և հնարավորություն կտար ավելի պատրաստված դուրս գալ ճգնաժամից:
Բայց սրանով հանդերձ, պրն. Մանասերյանը համոզված է, որ դեռ ամեն ինչ կորած չէ և կարելի է օգտվել հնարավորություններից: Հայաստանը համեմատելով ԱՊՀ երկրների հետ` Թ. Մանասերյանը փաստում է, որ Հայաստանում տնտեսական անկումը վատթարագույնի չհասավ:
Խոսելով 2009-ի ձեռքբերումների մասին նա անդրադարձավ գործադիրի և օրենսդիրի միջև ձևավորված` «նոր որակի» կապերին. «Նախկինում ԱԺ-ի և կառավարության աշխատանքներն առանձնապես համագործակցային բնույթ չէր կրում: Գործադիրի բոլոր օրենսդրական նախաձեռնություններն ԱԺ-ն, միանշանակ, հաստատում էր: Այս տարի հատկանշական էր նրանով, որ այդ համագործակցությունն ավելի առարկայական էր: Օրինակ` հարկային փաթեթի հետ կապված բավական լուրջ քննարկումներ տեղի ունեցան, իսկ արդյունքում մշակվեց լավագույն տարբերակը: Ընդունվեց մի փաթեթ, որը մի կողմից ստվերը կրճատելու միտում ունի, մյուս կողմից` չի վնասում գործարարությանը»:
Տնտեսագետը դժվարացավ կանխատեսումներ անել 2010 թվականի համար: «Ամեն ինչ կախված է այն տերությունների տնտեսական քաղաքականությունից, որտեղից սկիզբ է առել ֆինանսական ճգնաժամը: Կարելի է լավատեսական կանխտեսումներ անել, սակայն չի բացառվում, որ հետագայում էլ տնտեսական ոլորտում հետընթաց արձանագրվի: Պատճառներից մեկն այն է, որ տնտեսական գլոբալացումը երկրներին լուրջ փոխկապվածության մեջ է դրել:
Եթե առանձին երկրների տնտեսական կառավարման մոդելները կատարելագործվել են, իսկ մյուս պետությունները դրան դեռ չեն հասնել, ապա համադրել ուժերը չի հաջողվի, ուստի ճգնաժամը հաղթահարելը դժվար կլինի»: Հետևապես, ըստ Թաթուլ Մանասերյանի, տնտեսական ճգնաժամից հնարավոր կլինի դուրս գալ միայն միջազգային համագործակցության ասպարեզում` ջանքերի համադրմամբ:
ArmAr.am












