Գլխավոր » Լրահոս

Սարկավագական ձեռնադրություն Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում

Դեկտեմբեր 29, 2009թ. 16:00

Դեկտեմբերի 26-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը։ Տոնական տրամադրությունը կրկնապատկվեց նաև սարկավագական ձեռնադրությամբ: Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սբ. Պատարագի ընթացքում Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը կատարեց  Գևորգյան Հոգևոր Ճեմարանի 18 սաների սարկավագական ձեռնադրությունը։

Ս. Պատարագի ընթացքում ձեռնադրող Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց` տոնի առթիվ շնորհավորելով սարկավագաց դասին և անդրադառնալով սարկավագության աստիճանի կարևորությանն ու սարկավագի պարտականություններին: Ապա դիմելով նորընծաներին` Սահակ Սրբազանն ասաց. «Սիրելի՜ նոր ձեռնադրված սարկավագներ, այսօր դուք մուտք գործեցիք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անդաստանից ներս: Չգիտեմ, թե Դուք ի՞նչ եք մտածում այս պահին կամ ի՞նչ եք սպասում Եկեղեցուց և մեզանից: Եթե սպասում եք փառք և նյութական հարստություն, ապա սխալվում եք: Ձեզ այստեղ սպասվում է զոհողություն և սպասավորություն: Ի մտի պիտի ունենաք, որ ինչքան հոգևոր աստիճանները բարձրանում են, այնքան յուրաքանչյուրից պահանջվում է առավել զոհողություն և առավել պարտավորություն»:

Սրբազան Հայրը նորընծաներին հորդորեց նաև անմնացորդ սիրով և նվիրումով լծվել իրենց ծառայությանը` ի զորացումն և պայծառություն Հայ Եկեղեցու և ի մխիթարություն մեր ժողովրդի:

Տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին  Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամը բաշխեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերում սպասավորում են շուրջ 140 սարկավագներ, ովքեր ծառայում են Մայր Աթոռի տարբեր կառույցներում և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն