Ունեցածը փակ սահման է, չունեցածը` դիվանագիտական հարաբերություն
Հակիրճ, թերևս, այսպես կարելի է բնորոշել Հայաստանի և Թուրքիայի դրացիական ներկայիս կարգավիճակը: Ընդորում երկու պետությունների միջև այդօրինակ հարևանությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ:
Օրեցօր, ամիս առ ամիս և տարեցտարի մոլորակի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական քարտեզները մանրումեծ փոփոխությունների են ենթարկվում: Ժամանակի պահանջով վերանայվում են պաշտոնական դիրքորոշումները, սրբագրվում միջպետական մարտավարություններն ու լրամշակվում ապագայի տեսլականները: Այս փոփոխությունների համապատկերում որոշ երկրներ լինում են նախաձեռնողներ, որոշներն էլ` ըստ այդմ գործողներ: Հարավկովկասյան տարածաշրջանում այդ վերանայման, սրբագրման և լրամշակման նախաձեռնությամբ հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունը` առաջարկելով առանց նախապայմանների բացել հայ-թուրքական սահմանը և հաստատել երկկողմ դիվանագիտական հարաբերություններ: Աշխարհը ծափահարեց հայկական կողմի այդ համարձակ նախաձեռնությանը և Անկարային կոչ արեց արձագանքել ըստ արժանվույն: Արդյունքում` ստորագրվեցին երկկողմ հարաբերությունների կարգավորման արձանագրություններ, որոնց գործելու ուժը պայմանավորվեց օրենսդիրների վավերացմամբ:
2010-ը լինելու է այն փորձաքարը, որը ցույց է տալու հայկական կողմի համբերության տարողունակությունն ու թուրքական կողմի` գործը ձգձգելու պնդերեսության չափը: Թուրքիայի փորձագիտական շրջանակներում արդեն հնարավոր են համարում արձանագրությունների վավերացումը մինչև գարնան երկրորդ ամիսը: Ասել կուզի` Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման հերթական արշավին դիմակայելու համար: Բայց նաև նկատենք, որ Թուրքիան արձանագրությունները վավերացնելու այլ շարժառիթներ ևս ունի: Դրանք մեծապես կապված են երկրի ներքաղաքական կայունության խարխլման և հասարակական անդորրի խաթարման հետ: Այսպես`
- Քրդական կուսակցության լուծարումը հանգեցրեց ներհասարակական ցնցումների:
Թուրքիայի տարբեր շրջաններում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, փողոցային մարտեր ոստիկանների հետ: Այդ ընդհարումներն ուղեկցվեցին արյունահեղությամբ: Քրդական խռովությունները հանդարտեցնելու համար թուրք ուժայինները սկսեցին քրեորեն հետապնդել ու ձերբակալել քուրդ ակտիվիստներին` քաղաքական գործիչներին ու պաշտոնյաներին: «ՔԲԿ»-ի ազդեցիկ ղեկավարներից մեկը` Դուրան Քալքանը, քուրդ զինյալների անունից նույնիսկ հայտարարեց. «Եթե կարգավորման գործընթացը ձգձգվի, Թուրքիայում կբռնկվի ավելի լայնամասշտաբ ու խորը ներքին պատերազմ»:
- Թուրքիայում սրվում է լարվածոււթյունը կառավարության և զինվորականության միջև:
«Էրգենեքոնի» և, Թուրքիայի փոխվարչապետի դեմ մահափորձ կազմակերպելու դատական գործերի շրջանակներում իրականացվող բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունը լրջորեն անհանգստացրել է Գլխավոր շտաբին: Բացի այդ Էրդողանի կառավարությունը պատրաստել է նոր օրինագիծ, որով նախատեսվում է զենք-զինամթերքի ներմուծման թույլտվության լիազորությունը Գլխավոր շտաբից փոխանցել Արդյունաբերության և Ներքին գործերի նախարարություններին: Ակնհայտ է` թուրքական կառավարությունը ցանկանում է սահմանափակել զինվորականության ազդեցության ոլորտը: Սպայակույտի ղեկավար, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը դա համարել է վստահության ճգնաժամ: Դա նշանակում է, որ իրավիճակը պայթյունավտանգ է. Թուրքիայի պատմությունը փաստում է., որ թուրք զինվորականությունը հաճախ է միջամտել երկրի ներքաղաքական ու ներիշխանական կյանքին և ուժի միջոցով պարտադրել իր կամքը:
- Թուրքիայում ստվարանում են գործազուրկները և գործադուլավորները:
Միջազգային փորձագետների գնահատմամբ` Թուրքիան գործազրկության մեծ խնդիր ունեցող երկրներից մեկն է: Միայն երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է ավելի քան 24 տոկոս: Դրանից դժգոհող ընդդիմության որոշ հատվածներ իշխանություններին բողոքում են, թե սահմանի բացումից հետո աշխատանքի նպատակով Թուրքիա մեկնող հայերի հոսքը կավելանա, և թուրքերի շարքերում գործազուրկները կավելանան: Այ քեզ մտավախություն…
Թուրքիայում հաճախադեպ են դարձել զանգվածային գործադուլները: Քանիցս Թուրքիայում գործադուլի պատճառով չի գործել երկաթուղային տրանսպորտը: Նույնիսկ իրենց աշխատանքներն են դադարեցրել բոլոր դեղատները: Աշխատավարձի ու աշխատանքային պայմանների բարելավում են պահանջում 100 հազարավոր աշխատավորներ: Սա նշանակում է, որ Թուրքիան կանգնած է սոցիալական ցնցումների միանգակայն իրական վտանգի առջև:
Ահա ներքին ճակատում այսպիսի պայթյունավտանագ խնդիրներ ունեցող Թուրքիան գոնե արտաքին ճակատում պետք է որ ձգտի հարաբերական անդորրի: Սովորաբար պետություններն իրենց արտաքին քաղաքական հաջողություններով փորձում են կոմպեսացնել ներքաղաքական ձախողումները, կամ` հակառակը: Այս դեպքում Թուրքիայի արտաքին քաղաքական ուղեգիծը (զրո խնդիր հարևանների հետ) կարող է ծառայել ի հակակշիռ ներքին անհաջողություններին: Արտաքին ճակատի առանցքային հարցերից մեկն էլ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն է: Ընթացք չտալով արձանագրությունների վավերացմանը` Անկարան ըստ էության ավելացնելու է իր խնդիրների բեռը, արձանագրելու է վարկանիշային անկում` իր համապատասխան հետևանքներով: Հետևաբար կարելի է կարծել, որ Գյուլի վարչակազմը լուրջ ցնցումները` գոնե արտաքին ճակատում բացառելու նպատակով, կարող է ընդառաջ գնալ արձանագրութունների վավերացմանը: Այս տրամաբանության մեջ պետք է դիտել Թուրքիայի վարչապետի հունվարի 12-13-ը կատարելիք այցը Ռուսաստան և օրերս Աբդուլլահ Գյուլի հայտարարությունն այն մասին, որ արձանագրությունների հարցում մեծ ջանքեր են գործադրվում։
«Ռուսաստանը, որպես առանցքային երկիր նույնպես գործընթացի մեջ է։ Խոհանոցում ինչ–որ բաներ պատրաստում են»:
Ու թեև արձանագրությունները վավերացնելով` մեջլիսն ափերից կհանի թուրքական ընդդիմության զայրույթը և բռնկվելու կայծ կտա ադրբեջանական հիստերիային, այնուամենայնիվ, Անկարան արձանագրությունները խրախուսող արևմտյան ճամբարին հակառակ գնալու քաղաքական ոչ մի նպատակահարմարություն այս պահին չունի:
Մխիթար Նազարյան












