ՍԴ եզրակացությունը` քաղաքական թելադրանքով
Վաղը Սահմանադրական դատարանը կտա իր եզրակացությունը, թե ինչքանով են հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: ArmAr-ի հետ զրույցում խնդրի վերաբերյալ իր տեսակետը հայտնեց քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը. «Ես կարծում եմ, որ Սահմանադրական դատարանը կտա դրական եզրակացություն: Հարցը քաղաքական է: Կարելի է բազմաթիվ փաստարկներ բերել, որ դա համապատաասխանում է ՀՀ օրենսդրությանը և ընդհակառակը` կոնկրետ փաստարկներով ապացուցել դրանց հակասելիությունը: Սահմանադրական դատարանը միայն մի դեպքում կարող է բացասական եզրակացություն տալ. դա կլինի բարձրագույն իշխանության` մասնավորապես, նախագահի հանձնարարությամբ: Այսինքն, եթե բարձրագույն իշխանությունը փորձի դուրս գալ գործընթացից և որպես մեխանիզմ օգտագործի Սահմանադարական դատարանը: Բայց ՀՀ իշխանությունը դրական է տրամադրված հարցի լուծմանը»:
Փաստորեն, Հայաստանն առաջի՞նն է վավերացնելու Արձանագրությունները` հարցին Ռ.Հակոբյանը պատասխանեց. «Որոշ քաղաքական գործիչներ, մեկնաբաններ այն կարծիքին են, որ Հայաստանը պետք է ավելի շուտ վավերացնի արձանգրությունները, քան Թուրքիան: Իմ կարծիքով դա սխալ դիրքորոշում է: Իսկ ընդհանրապես, ես այն կարծիքին եմ, որ այս գործընթացը հայանպաստ չէ, հետևապես դեմ եմ վավերացմանը: Իհարկե, ես դեմ չեմ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, բայց դեմ եմ որակին, որ այսօր կա: Չեմ կարծում, որ Հայաստանը առաջինը կվավերացնի»,-ամփոփեց քաղաքական գործիչը:
ArmAr.am












