Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Ինչպիսի՞ն կլինի հայ-թուրքական արձանագրությունների հանգուցալուծումը

Հունվար 11, 2010թ. 15:20

ardzanagrutyunՑյուրիխում ստորագրված հայ –թուրքական արձանագրությունները տարաբնույթ կարծիքների, մեկնաբանությունների, հույզերի ու կրքերի բորբոքման  տեղիք տվեցին թե Հայաստանում, և թե Թուրքիայում։  Վերլուծաբաններից շատերի կարծիքով նման դրսևորումների ու ընկալումների պատճառը հիմնականում այն էր, որ երկու երկրներում էլ ժողովուրդը պատրաստ չէր նման համագործակցության, և մինչ նման քայլ նախաձեռնելը՝ պետք էր նախևառաջ նախապատրաստել հասարակությանը։

Հայաստանում կարծիքների բևեռացում տեղի ունեցավ.  հասարակության մի շերտի կարծիքով,  արձանագրությունները պետք էր շուտափույթ վավերացնել,  բացել սահմանը, ջերմացնել հարաբերությունները նախկին թշնամու հետ, որից հետո միայն  քննարկել մյուս հարցերը։ Սակայն հասարակության  զգալի հատվածն, այնուամենայնիվ ,այն մտավախությունն ունի, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հիմքում թուրքերը հեռահար նպատակներ են դրել: Իբրև ասվածի ապացույց ներկայացվում է այն, որ Արձանագրությունները պարունակում են Հայաստանի համար վտանգավոր նախապայմաններ։ Մինչդեռ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը կողմ արտահայտվողների կարծիքով դրանցում որևէ նախապայման չկա, քանի որ այդ մասին Արձանագրություններում  ոչինչ չկա գրված:

Սակայն Թուրքիայի  իշխանությունների կողմից անընդմեջ հնչող ղարաբաղյան խնդրի հետ կապված ակնկալիքներն ու պահանջատիրական հայտարարություններն ապացուցում են, որ Թուրքիան հեշտ ու հանգիստ չի վավերացնի արձանագրությունները, նա կաշխատի «պոկել» առավելագույնը։

Իհարկե արձանագրությունների ստորագրումից հետո, այս ամիսների ընթացքում, թուրքական խորհրդարանի ու իշխանությունների մոտեցումներից Հայաստանի իշխանություններն, այնուամենայնիվ, համապատասխան հետևություններ արեցին: Այդ մասին է փաստում ՀՀ նախագահի հայտնի ելույթը, ուր ուղղակի ակնարկվում էր, որ Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումը ձգձգելու, նախապայմաններ առաջ քաշելու դեպքում՝ Հայաստանը քայլեր կանի արձանագրությունները չեղյալ հայտարարելու ուղղությամբ։

Սակայն այս ամենից բացի, ինչը պնդում են  հայաստանյան մի շարք կուսակցություններ, հայթուրքական արձագրությունները հակասում են ՀՀ Սահմանադրությանն ու ՀՀ անկախության մասին հռչակագրին։ Օրինակ, Դաշնակցության կարծիքով,  հայ-թուրքական արձանագրությունները, մինչև դրանց ստորագրելը, չեն անցել համապատասխան ընթացակարգ, ուստի, դրանք անօրինական են և առանց որևէ քննարկման պետք է չեղյալ հայտարարել դրանք։ Նման մոտեցումները հաստատելն, իհարկե, դատական գործընթաց է պահանջում, և քանի դեռ չկա դատական վճիռ, այս տեսակետն, անշուշտ, կասկածելի, կամ ընդունելի չէ։ Ուստի, հիմնական շեշտն ու ուշադրությունը, բնականաբար, սևեռվում է  Սահմանադրական դատարանի վրա, որտեղ հունվարի 12-ին կվճռվի արձանագրությունների` ՀՀ օրենսդրության համապատասխանության խնդիրը:

Առկա է այն համոզմունքը, որ  Սահմանադրական դատարանի գնահատականը կլինի դրական, այսինքն` կհաստատվի Արձանագրությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Խնդիրը նրանում է, որ այս պարագայում

ՀՀ Անկախության հռչակագիրը դիտարկվում է որպես ներպետական իրավական փաստաթուղթ, իսկ հայ-թուրքական արձանագրությունները՝ միջազգային փաստաթուղթ. այս դեպքում, եթե անգամ սրանք հակասում են միմյանց, իրավական ուժը միջազգային պայմանագրի կողմն է։ Սակայն, սա չի ենթադրում, որ անվերապահորեն պետք է ընդունվեն միջազգային բոլոր փաստաթղթերը, քանի որ ՀՀ  ներպետական ընթացակարգերը նախատեսում են, որ  միջազգային պայմանագրերը պետք է վավերացվեն նաև ՀՀ խորհրդարանի կողմից։ Ուստի հայ-թուրքական արձանագրությունների հանգուցալուծումը տեղի կունենա Հայաստանի խորհրդարանում։ Թե ի՞նչ վերջաբան է սպասվում դրանց, առայժմ ստույգ կանխատեսում անել հնարավոր չէ։  Սակայն  ՀՅԴ-ի կարծիքով՝ փակ-գաղտնի քվեարկության դեպքում արձանագրությունները ՀՀ խորհրդարանում չեն վավերացվի։ ՀՀ իշխող` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների  կարծիքով նման հանգուցալուծում չի կարող լինել, որովհետև իրենք համոզված են, որ կուսակից ընկերները, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, այս խնդրում միակարծիք են։ Եվ, եթե այնուամենայիվ, իրադարձությունների ընթացքը չհանգեցնի նրան, որ արձանագրությունները չեղյալ համարվեն, դրանք այս տարի, ամենայն հավանականությամբ մինչև ամառ, ՀՀ խորհրդարանում  կվավերացվեն։

Գոհար Փիլթոյան


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն