Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

«Հիշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է ուսումնասիրել` ինչպե՞ս չեղյալ հայտարարել միջազգային պայմանագրերը»:

Հունվար 11, 2010թ. 17:40

mxitarՎերջերս լույս տեսավ Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքի հայերեն տարբերակը:

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում  խմբագիր Մխիթար Նազարյանն ասաց, որ  գիրքը հայ ընթերցողին հասցնելու ճիշտ ժամանակն էր, քանզի գրքում ներկայացված խնդիրներն ու առաջադրվելիք լուծումներն արդիական են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ճանապարհին. «Հրանտ Դինքը ցանկանում էր կամուրջ ստեղծել երկու ժողովուրդների միջև և նպաստել հայ-թուրքական երկխոսությանը: Եթե Հրանտի գիրքը հայտնվեր միայն թուրք ընթերցողի սեղանին, ապա այդ կամուրջն իր նպատակին չէր ծառայի»,- նշում է Մխիթար Նազարյանը  և դրանով պայմանավորում գրքի հայերեն թարգմանության անհրաժեշտությունը:

«Հեղինակն իր գրքում քաղաքական հեռատեսություն է դրսևորել. տրված են մի շարք հարցերի պատասխաններ, որոնց կարիքն այսօր խիստ գացվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում»,- նկատում է Մխիթար Նազարյանը:

Չնայած գիրքը փոքրածավալ է, սակայն բովանդակային առումով շատ խորն է. «Ինչպես Հրանտն է գրում նախաբանում, սա գիտական աշխատություն չէ, այդ ամենն ինքն ապրել ու զգացել է: Գրքի յուրաքանչյուր տողատակում հոգի կա, խորը ապրված զգացմունք:   Բայց այդ ամենով հանդերձ ամենակարևորը նաև այն է , որ հեղինակը կարողացել է չեզոքություն պահպանել` չտրվելով զգացմունքներին:   Դինքն ասում էր, որ իր մեջ երկու ինքնություն կա, առաջինը, որ հայ է, երկրորդը` Թուրքիայի քաղաքացի: Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նրա համար կարևոր էր կրկնակի: Նա ցանկանում էր, որ այն երկիրը, որտեղ ինքն ապրում էր, խնդիրներ չունենա հարևանների հետ: Միևնույն ժամանակ, որպես հայ, ցանկանում էր, որ Հայաստանը խնդիրներ չունենա Թուրքիայի հետ»:

Մ. Նազարյանը ներկայացնելով գրքի բովանդակությունը` նշում է.  «Հրանտ Դինքի բնորոշմամբ` Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները կողպված են և այդ փականը բացելու համար բանալիներ են հարկավոր: Խնդրի լուծման առջին պայմանը (բանալին) սահմանի բացումն է, դիվանգիտական հարաբերությունների հաստատումը: Ըստ հեղինակի, թուրք հասարակությունը պետք է գիտակցի նախորդ դարասկզբին տեղի ունեցած ցեղասպանության իրողությունը: Նա հետաքրքիր ձևակերպում էր տալիս, ասելով, որ թուրքերը ոչ թե իմանալով են ժխտում, այլ իրենց իմացածն են պաշտպանում: Իսկ իրենց իմացածն այն է, ինչ հրամցնում է պաշտոնական պատմագրությունը` խեղաթյուրելով փաստերը»:

Մխիթար Նազարյանը, լինելով թուրքագետ և մանրամասնորեն  ուսումնասիրելով ներկայումս Թուրքիայում ստեղծված իրավիճակը, փաստում է, որ թուրք հասարակությունը դանդաղորեն ազատվում է թուրքական կառավարության գաղափարական բռնատիրությունից: Նա իր խոսքը հաստատում է 2008-ի տարեվերջին թուրք մտավորականների կազմակերպված «Ներողություն եմ խնդրում» համացանցային արշավով, որի ժամանակ հազարավոր թուրքեր չզլացան իրենց խղճմտանքի ստորագրությունը թողնել «ներողություն եմ խնդրում» արտահայտության տակ:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների  կարգավորման  գործընթացի մասին` երիտասարդ թուրքագետն այդ ճանապարհին չի բացառում անկանխատեսելի զարգացումներ. «Թուրքիայի քաղաքական պատմության տարեգրությունը թույլ է տալիս  հանգել այն հետևության, որ այդ երկրում կարող են անկանխատեսելի զարգացումներ լինել: Թուրքիայում լուրջ հակասություն է սկսվել աշխարհիկության կողմնակից զինվորական էլիտայի և կառավարության միջև, իսկ կառավարության ղեկին, ինչպես գիտենք, այժմ, այսպես ասած, չափավոր իսլամական կուսակցություն «ԱԶԿ»-ն է (Արդարություն և զարգացում կուսակցություն): Նրանց միջև, կարծում եմ, կխորանան ավանդական դարձած  հակասությունները: Հայտնի բան է` Թուրքիայում զինվորականները հակասությունների սրման դեպքում մի քանի պետական հեղաշրջում են կազմակերպել»:

Թուրքագետը նաև նկատում է, որ երկրում առկա  ներքին խմորումները,  քրդական խռովությունները կարող են անկանխատեսելի զագացումների հանգեցնել, ինչը չի կարող չանդրադառնալ նաև արտաքին քաղաքականության վրա, մասնավորաբար` հայ-թուրքական:

Մ. Նազարյանի տեղեկացմամբ` այսօր արդեն թուրք քաղաքագետներից ոմանք   շրջանառության մեջ են դրել այն վարկածը, թե Վաշինգտոնը, հավանաբար, երկու երկրներին կառաջարկի երկու խորհրդարաններում միաժամանակ քննարկել արձանագրությունների վավերացման հարցը : «Կառաջարկի` առայժմ քննարկել արձանագրություններից միայն մեկը: Եվ այդ մեկի վավերացումից  հետո միայն որոշ ժամանակ անց օրակարգում դրվի երկրորդ արձանագրության վավերացման հարցը: Այդ երկրորդի վավերացումն արդեն թուրքական կողմը հույսը ունի կապել  Ղարաբաղի հիմնխնդրի հետ: Սակայն այդ հույսերով հանդերձ Անկարայում  սկսել են համոզվել, որ Հայաստանը հաստատակամ ու անդրդվելի է ղարաբաղյան խնդիրն ու  հայ-թուրքական արձանագրությունները միմյանցից անջատ գործընթացներ դիտելու հարցում»:

Թուրքագետը միաժամանակ  նկատում է, որ Թուրքիան էլ իր հերթին Ադրբեջանին խոստացել է` չբացել սահմանը, քանի դեռ ղարաբաղյան խնդրում առաջխաղացում չկա:  «Եթե գործընթացը զարգանա այս տրամաբանությամբ, ապա այն շատ շուտով կտապալվի, մանավանդ, հիշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ արդեն իսկ համապատասխան մարմիններին հանձանարարել է ուսումնասիրել այն ընթացակարգը, թե ինչպես են չեղյալ հայտարարվում միջազգային պայմանագրերը»:

Իսկ նման դեպքում ինչպիսին կլինի ԱՄՆ դիրքորոշումը: Թուրքագետը կարծում է, որ այդ դեպքում Օբաման ստիպված կլինի բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին:   «Թուրքիայում խոսվում է այն մասին, որ իրենց համար  հոգս է դարձել այն, թե ԱՄՆ նախագահի ելույթում կհնչի՞ Ցեղասպանություն բառը, թե` ոչ: Հայտնի  թուրք քաղաքագետ  Մուրաթ Հունգարն օրինակ ասում է. «Ես արդեն չեմ կարևորում Օբաման կասի՞, թե չի ասի Ցեղասպանություն բառը: Եթե նույնիսկ ասի էլ, դա աշխարհի վեջը չէ: Դեռ մի բան էլ մենք էլ կազատվենք այս հոգսից»:

Մ. Նազարյանի եզրահանգումները թույլ են տալիս ենթադրել, որ  թուրք հասարակությունը սկսել է գիտակցել, որ այլևս անխուսափելի է Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, որ այն մի օր  տեղի է ունենալու, հետևաբար,  սկսում են դրա հետ քիչ-քիչ համակերպվել:

«Այսօր աշխարհաքաղաքական զարգացումները գլխապտույտ արագությամբ են փոփոխվում. վերջին տասնամյակում ավելի շատ բան տեղի ունեցավ, քան նախորդ տասնամյակներում: Թուրքիայում արդեն սկսել են գիտակցել, որ աշխարհի ամենաբարձր ամբիոնից`  Սպիտակ տան ղեկավարը մի օր անպայման հնչեցնի Հայոց ցեղասպանություն ձևակերպումը: Ինչ վերաբերում է մեզ` հայերիս, ապա ըստ իս մենք չպետք է Սպիտակ տան կողմից հնչեցվելիք Ցեղասպանություն բառի վրա  կենտրոնացնենք մեր ազգային ներուժը, իղձերը, հույսերն ու սպասելիքները: Մենք պետք է համարենք, որ դա պարզապես աշխարհաքաղաքական մարտավարության այն լծակներից մեկն  է, որով հնարավոր կլինի Թուրքիային կարգի հրավիրել և հաշվի նստեցնել:

Լիլիթ Պողոսյան:


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն