«Աստված մի արասցե, որ ՍԴ-ն դրական եզրակացություն տա»
Բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ միացել էին Դաշնակցության կազմակերպած «Ոչ» -ի պայքարին:
Ներկայացնում ենք հատվածներ քաղաքական գործիչների ելույթներից.
ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանն իր ելույթում ասաց.«Մենք պահանջում ենք, որ Սահմանադրական Դատարանը հաշվի առնի այն մտահոգությունները, սպառնալիքները, որոնք սպառնում են Արցախին, Հայ դատի պայքարին, մեր պահանջատիրությանը և Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Սպառնում են մեր երկրի ապագային և մեր անվտանգությանը»:
ՀՌԱԿ նախագահ Հարություն Առաքելյան. «Սփյուռքում էլ շարունակվում է միասնական պայքարը և ավանդական կուսակցությունները , այլ կազմակերպություններ շարունակում են նման միջոցառումները կազմակերպել: Իսկ սկզբանե գործընթացն ուղղորդվել է օրինախախտումներով: Այս իրավիճակից դուրս գալու համար մեզ միասնականություն է անհրաժեշտ: Մենք իշխանություններին ուզում ենք ասել, որ հեքիաթների չենք հավատում, թե արձանագրություններում նախապայմաններ չկան: Թուրքիայի վարչապետը, արտգործնախարարն անվերջ հրապարակավ հայտարարում են, որ այդպիսիք կան, ինչո՞ւ դա մենք չենք ուզում տեսնել ու լսել»:
Արամ Կարապետյան («Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ)
«Ուզում ենք հասկանալ` ՀՀ Սահմանադրական դատարանը մասնակի՞ց է այս խայտառակ գործընթացին, թե՞ ոչ»: Արամ Կարպետյանն ասել է, թե այս արձանագրություններով խաչ է դրվելու հայոց պահանաջատիրության վրա, մեզ պարտադրելու են մոռանալ Արևմտյան Հայաստանը.«Խաչ է դնելու Հայոց ցեղասպանության, Լեռնային Ղարաբաղի խնդրի վրա: Իշխանությունը մտել է այս գործընթացի մեջ և չգիտի` ինչպե՞ս դուրս գալ»: ՆԺ նախագահը հարց է հնչեցրել. Ինչո՞ւ է Էրդողանը Մոսկվա գնում, իսկ Լավրովը շտապում Հայաստան:
«Մենք պահանջելու ենք իշխաափոխություն, իսկ դրանից հետո` չեղյալ ենք հայտարարելու այս արձանագրությունները»:
Դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյան. «Ինչքան շուտ մեր իշխանությունները հասկանան իրենց կատարած սխալը, ինքան շուտ ըմբռնեն այն ձախողումների հետևանքը, որ ունեցան տխրահռչակ բանակցությունները, այնքան շուտ կարող ենք մեր ժողովրդին փորձություններից ազատել: Օրօրի իշխանությունները հասկաում են , որ մտել են մի գործընթացի մեջ, որի տերն այլևս իրենք չեն: Այստեղ թելադրողը Թուրքիան է, որովհետեւ իր ձեռքում է պահել բոլոր լծակներն ու ազդելու է գործընթացի վրա: Այս վտանգավոր խաղից հետ կանգնելը` կդիտվի տղամարդկություն,: Այսօրվա ցույցով փորձում ենք Սահմանադրական դատարնի, մեր իշխանությունների ուշադրությունը սևեռել այն հնարավորությունների վրա, որոնց վրա հիմնվելով` ՍԴ կարող է իրավական վճիռ կայացնել և կասեցնել գործընթացը: ՍԴ-ին ենք ներկայացնելու այն նամակը, որտեղ նշված հիմնավորումների հիման վրա ՍԴ-ն կարող է` իրավական առումով, կասեցնել գործընթացը: Այստեղ 3 հիմնական պատճառ կա. առաջին. Հայաստանի իշխանությունները հայտարարել են և ստանձնել պարտավորություն, որ այս գործընթացն իրականացվի առանց նախապայմանների: Այդ դեպքում մենք չէինք շեղվի համազգային նպատակներից:
Երկրորդը այն է` որ արձանագրություններում կան կետեր, որոնք հակասության մեջ են ՀՀ օրենսդրության հետ, սահմանադրության հիմնարար պահանջների հետ:
Երրորդ. գործընթացը բոլորիս առաջ իրականացվել է փակ, գաղտնի: Քննարկում չի եղել, այսինքն, ընթացակարգը ոտնահարվել է: Բացի այդ. Թուրքիայի վարչապետ Էրդողանը մեջլիսում շատ պարզ հայտարարեց, որ մենք այս հարցով մի խնդիր ենք լուծում` հայ-թուրքական սահմաններն ամրագրում ենք Կարսի և Մոսկվայի պայմանագրով: Թուրքերն այս խնդիրը դարձրել են արձանգրությունների բուն նպատակը: Այսօր կա երկու ճանապարհ` կամ կասեցնել գործընթացը, կամ վերապահումներ անել: ՍԴ-ը պետք է կասեցնի գործընթացը` արձանագրությունները հայտարարի Հայաստանի օրենսդրությանը չհամապատասխանող: Սա է լուծումը: Աստված մի արասցե, որ ՍԴ-ն դրական եզրակացություն տա, մենք պատրաստ ենք ԱԺ-ում հասնել նրան, որ պատգամավորները դեմ քվեարկեն այդ արձանագրություններին»:
Ա.Ռուստամյանը նկատում է, որ այդ դեպքում պայքարի փուլը կտեղափոխվի Ազգային ժողով: Նա կոչ արեց հայ ժողովրդին` ակտիվորեն մասնակցել ստորագրահավաքին, և տեղեկացրեց, որ այս օրերի ընթացքում շուրջ 70 000 ստորագրություն է հավաքվել. «Բայց դա քիչ է, թիվը պետք է ավելանա, որ կարողանանք պատագամավորներին հասկացնել, որ գոնե մի օր քվեարկեն որպես հայ մարդ…Այդ քվեարկությունը պատմական շրջադարձ է լինելու մեզ համար»,-եզրափակեց Արմեն Ռուստամյանը:
Ասենք, որ երթի մասնակիցների թիվը հասնում էր մի քանի հազարի:
ArmAr.am












