Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

«Արցախյան շարժման հիմքում կանգնած էր հայ մտավորականությունը»

Հունվար 12, 2010թ. 10:30

my art1Ասում են, թե պատերազմը` նախ հաղթում են ճակատամարտից առաջ` մտքով ու հոգեբանորեն: Ինչպես նկատում է Արցախյան պատերազմի ազատամարտիկ, նկարիչ Մկրտիչ Տոնոյանը. «Պատերազմի ելքը երկու կարևոր հանգամանքներով է պայմանավորվում թե` ո՞ր կողմում է մտավորականների քանակն ավելի մեծ և որքանո՞վ է տվյալ պատերազմը տեխնոկրատ»:

Փորձենք պարզել, թե ինչո՞վ է պայմանավորվում մտավորականության նման ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:

Ինչպես Մկրտիչն է ասում, բանակի կայացման համար առաջին հերթին պետք է լինի  հստակ գաղափարախոսություն. «Միայն գաղափարախոսության շնորհիվ է, որ զինված խմբավորումը դառնում է ոչ թե ավազակախումբ, այլ բանակ: Բանակ, որի գերագույն նպատակն ու նպատակաուղղվածությունը տվյալ  տարածաշրջանն ու տվյալ էթնոսին պաշտպանելն է: Իսկ այդ գաղափարախոսությունն առկա է միմիայն շնորհիվ մտավորականության: Այսինքն. «Եթե հաշվի առնենք, որ մտավորականը որոշակի կրթական բազա ունեցող մեկն է, ով ունի նաև ստեղծագործական մոտեցում, կտեսնենք, որ բանակն առանց մտավորականության չի կարող լինել մարտունակ և մրցունակ»,- շարունակում է նկարիչը:

«Պատերազմը բանակների ընդհարում է, և ելնելով նրանից, թե բանակներից յուրաքանչյուրում ինչպիսի՞ գաղափարախոսությամբ են կռվի դուրս եկել, հանուն ինչի՞ և որքանո՞վ են հավատում իրենց հաղթանակին, կարելի է որոշել նաև պատերազմի ելքը»:

Իսկ ինչ վերաբերում է բանակի տեխնիկական պատրաստվածությանը, ապա պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք. «Պատմությանը հայտնի բոլոր տեխնիկական գյուտերը պատերազմների ժամանակ են արվել, քանի որ միշտ էլ, ուզած, թե չուզած, բանակի մարտունակության բարձրացման համար տեխնիկական գյուտերի անհրաժեշտություն է առաջանում»: Իսկ մտավորականությունն այստեղ շատ կարևոր դերակատարում ունի:

Փորձենք պարզել նաև` մտավորականության դերն Արցախյան պատերազմում, և թե որքանո՞վ մտավորականությունը նպաստեց Արցախյան հաղթանակին, պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք. Արցախյան շարժումն սկսվեց և ուղղորդվեց մտավորականության կողմից, քանի որ և’ շարժման կայացման համար, և’ պատերազմի ժամանակ ռազմաճակատից դուրս ժողովրդին անհրաժեշտ էին գաղափարական առաջնորդներ:

Շատ մտավորականներ եղան գաղափարական շարժման առաջամարտիկներ: Պատերազմի դաշտում ևս նրանք ունեցան իրենց դերակատարությունը:

Մեր զրուցակից նկարիչ-ազատամարտիկ Մկրտիչը ռազմաճակատում հայտնվեց 17 տարեկանում: Ինչպես նա է ասում, մտավորականության չափազանց ակտիվ դերը Ղարաբաղյան շարժման, այնուհետև` պատերազմի մեջ, դարձավ մեր հաջողության ամենաառաջին գրավականը:

«Արցախյան պատերազմի առանձնահատկություններից մեկն այն է, որ մեր բոլոր ջոկատների ղեկավարները եղել են մտավորականներ, թե արվեստի տարբեր բնագավառներից, թե գիտության ներկայացուցիչներ: Հակառակ դրան` ջոկատների անդամների մեծ մասը ոչ մի կապ չուներ մտավորականության հետ: Եվ միմիայն ջոկատների ղեկավարների շնորհիվ Ղարաբաղյան պատերազմում բարձրացվեց մեր զինվորների մարտունակությունը, այն մտավորականության, որն ինքը գնաց մարտի առաջին գծում պատերազմելու»:

Ավելին` հայկական կողում կար ջոկատ, որի հրամանատարը զինվորին կռվելու էր պատրաստում: Այդպիսիններից մեկն էր Լեոնիդ Ազգալդյանը:

« Շնորհիվ նրանց` կռվի ժամանակ ոչ ոքի մտքով չէր անցնում, որ մեր սպառազինությունը մեզ չի բավարարում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ մեր կողմից աշխարհազոր էր կռվում, իսկ ադրբեջանական կողմում` կազմակերպված բանակ,- ասում է Մկրտիչը:

«Չի կարելի պատերազմը  «կտակել» հաջորդ սերունդներին»

Սա ևս մեկ խնդիր է, որին մենք բախվում ենք պատերազմից հետո:

Պատճառը` նկարիչ-ազատամարտիկը բացատրում է հետևյալ կերպ. «Պատմության ընթացքում մենք շատ ենք եղել քաղաքականացված և կրոնականացված իմպերիաների տիրապետության տակ, և այդ ամենը մնացել է մեր գենետիկ հիշողության մեջ»:

Արցախյան պատերազմի ժամանակ մենք, կարծես թե ձերբազատվեցինք այդ «հիշողությունից», ոգեշնչվեցինք  հայոց պատմության ռազմական փայլուն էջերով: Մեր մեջ արթնացավ անկախ ապրելու ձգտումը: Ի՞նչ անել այդ ոգին պահպանելու համար, որպեսզի մեզ անվերջ չճնշեն օտար տիրապետությունների ու բռնությունների մասին հիշողությունները: Մկրտիչը, սակայն, կարծում է, որ. «Այն մարդիկ, ովքեր կարող են անհրաժեշտության դեպքում կրկին կռվի ելնել հանուն հայրենիքին, նրանց ուժերը ջլատվում են: Այն մտավորականությունը, որը Ղարաբաղյան պատերազմի հաջողության գլխավոր գրավականը դարձավ,ցավոք, այսօր չկա, ես նրանց չեմ տեսնում»,-մտահոգված է նկարիչը:

Եվ թվում է, թե ստեղծվել է մի իրավիճակ, երբ  նույնիսկ պատերազմի հաղթական արդյունքներն են հրացականի տակ դրվում, ու չի ավարտվում պատերազմը… Դա խիստ վտանգավոր է. «Չի կարելի պատերազմը կտակել հաջորդ սերունդներին: Մենք հենց դա ենք ժառանգություն ստացել մեր պապերից: Մեր շահերը միշտ բախվել են մեծ տերությունների շահերի հետ ու թաղվել դրանց տակ, իսկ մենք միշտ կոնսերվացրել ենք մեր պարտությունները, մեր չիրականացած իղձերը»:

«Այսօր ևս կա մտավորականության ակտիվ դերակատարության անհրաժեշտությունը, ինչը, ցավոք սրտի, բացակայում է: Գուցե պատճառն այն է, որ այսօր մտավարականության նկատմամբ անհրաժեշտ վերաբերմո՞ւնքն է բացակայում»,-հարց է տալիս ազատամարտիկ-նկարիչը: «Այն ժամանակ մտավորական լինելը հասարակական դիրք էր, իսկ այսօր այն դարձել է ընդամենը տիտղոս…»:

Ժամանակն է այս ամենի մասին առավել լրջորեն մտածել:  Այսօր մենք խնդիր ունենք պահպանելու այն հաղթական ոգին, որն առկա էր Արցախյան ազատամարտի ժամանակ: Մենք պարտավոր ենք արթուն պահել այդ ոգին, հակառակ դեպքում` վտանգավոր հետևանքները կարող են անխուսափելի լինել:

Անի Աբովյան

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն