Թուրքերը սահմանների փոփոխելիության մասին են խոսում
Թուրքիան չի կարող Եվրամիության մասնակի անդամ դառնալ: Սա Ռեջեփ Էրդողանի խոսքերից է: Արտասանվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ հանդիպման ժամանակ: Թուրքիայի վարչապետն այս օրերին ավելի հաճախ է դժգոհություն հայտնում եվրոպական երկրների քաղաքականությունից:
Իսկ ահա Ռուսաստանի մայրաքաղաքում Էրդողանը չի պատրաստվում բողոքել: Ռուս գործընկերոջ հրավերով հունվարի 12-13-ը Մոսկվա մեկնող Էրդողանը քննարկելու է ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Սա պաշտոնական հաղորդագրություններով: Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ խոսելու է նաև Արցախյան հակամարտության և հայ-թուրքական սահմանների վերաբացման հնարավորությունների մասին: Ադրբեջանում համոզված են` Էրդողանին կհաջողվի ռուսական կողմի հետ կարևոր համաձայնության գալ: Խոսքն, իհարկե, Արցախի ադրբեջանականացման մասին է: Ավելի համեստ են արտահայտվել թուրք պաշտոնյաները` Էրդողան-Պուտին բանակցությունների կենտրոնում տեսնելով առավելապես տնտեսական խնդիրներ: Այս համատեքստում կարևորվում է հատկապես «Նաբուկոյին» հակակշռող այլընտրանքային նավթամուղի և գազատարի կառուցումը, որի մասին նախնական պայմանավորվածություններ` երկու երկրներն արդեն իսկ ունեն: Եվրոպան, իհարկե, Անկարայի այս ռուսամետ քայլը դիտարկել է որպես հակաարևմտյան թուրքական դեմարշ, սակայն նույն այդ Եվրոպան նաև լավ է հասկանում, որ թուրքական դիվանագիտության անանջատելի մաս է ճամբարից ճամբար անցնելն ու երեկվա հակառակորդներին այսօր ամենաջերմ բարեկամ ճանաչելը:
Դա, իհարկե, համաշխարհային դիվանագիտության ոսկե կանոններից մեկն է, սակայն թուրքերին վերաբերելիս, պետք է հաշվի առնել, որ նրանց հեռահար նպատակների շարքում առաջին հորիզոնականում է` Եվրոպայի միջոցով տարածաշրջանային և մահմեդական գերտերություն դառնալը, ինչը նույն Եվրոպայի համար քաղաքակրթությունների նոր բախումների և նույնիսկ ծերուկ Եվրոպայի վախճանի սկիզբը կլինի:
Այնուամենայնիվ, Թուրքիայի վարչապետն արդեն Մոսկվայում է: Իսկ մինչ այդ, Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երկօրյա այցով Լոնդոն է մեկնել: Ահմեդ Դավութօղլուն Միացյալ Թագավորությունում հանդիպիել է իր պաշտոնակից Դեյվիդ Միլիբենդի հետ: Այս դեպքում ևս խոսակցության հիմնական թեման տնտեսությունն է, չեն շրջանցվել նաև հայ–թուրքական հարաբերություններն ու մեր տարածաշրջանային զարգացումները:
Այս առումով պատահական չի կարելի համարել նաև այն, որ թուրք պաշտոնյաների արտասահմանյան այցերը համընկնում են Հայաստանի Սահմանադրական դատարանի կողմից արձանագրություններին գնահատական տալու ժամկետների հետ: Թուրք պաշտոնյաներից մեկը հանդիպում է Ռուսաստանի, մյուսը` Մեծ Բրիտանիայի ղեկավարության հետ: Երկու հակառակորդ գերտերություններ, որոնց արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի մի կետի: Պատահական չէ նաև Մարդինում թուրք դեսպանների համաժողովին Ահմեդ Դավութօղլուի հորդորը` երկրների սահմանները չեն կարող միշտ նույնը մնալ, դրանք պետք է փոփոխվեն և պատից պետք է վերափոխվեն դռան, իսկ դուռը մտնելու համար է:
Նաիրի Հոխիկյան












