«Սուքիասյանները «Բջնի» հանքային ջրերի գործարանը որևէ մեկին չեն վաճառել»
Հայտարարություն է տարածել «Սիլ Կոնցեռն»-ը, որում, մասնավորապես, ասվում է.
«Ինչպես հայտնի է, վերջերս լուծարման գործընթացում գտնվող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերության գույքը ուղղակի գործարքով օտարվեց Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը:
«ՍԻԼ-կոնցեռնը» բազմիցս հայտարարել էր, որ «Բջնին» սնանկ ճանաչելն ի սկզբանե նպատակ ուներ խլել Սուքիասյան ընտանիքին պատկանող գույքը:
«ՍԻԼ Կոնցեռնը» լիազորված է հայտարարել, որ Սուքիասյանները «Բջնի» հանքային ջրերի գործարանը որևէ մեկին չեն վաճառել: Գործարանը Սուքիասյաններից ուղղակի խլել են վերջիններիս քաղաքական հայացքների պատճառով: «Սիլ Կոնցեռնը» և Սուքիասյանները ծանոթ չեն գործարանի գույքի գնահատման հաշվետվությանը և չեն տեղեկացվել աճուրդի ներկայացման միջնորդության մասին, այն դեպքում, երբ այդ փուլում նրանք իրավունք ունեին մեկնարկային իրենց գինն առաջարկել: Տեղեկանալով ԶԼՄ-ներից սնանկության կառավարչի որոշման մասին, «ՍԻԼ Կոնցեռնը» հայտարարում է, որ որևէ կերպ արդարացված չէ աճուրդի ընթացքն ընդհատելը և ուղղակի գործարքով այն օտարելը` առաջին աճուրդին ներկայացված գնից էժան: Կառավարչի այն փաստարկը, որ երկրորդ աճուրդի մեկնարկային գնից ավելին է առաջարկել գնորդը, ոչ միայն անհիմն է, այլ` անտրամաբանական, քանի որ աճուրդի ներկայացվող գինը մեկնարկային է, և աճուրդի մասնակիցները պետք է գինն ավելացնելու միջոցով մրցեն միմյանց հետ:
Ըստ մեր տեղեկությունների «Բջնի» գործարանի գույքը վաճառվել է մոտ 4,3 մլրդ. ՀՀ դրամով, սակայն ամբողջ գումարը դեռ չի վճարվել: Դա վկայում է այն մասին, որ` ընկերության գույքը վաճառվել է տարաժամկետ վճարման պայմանով: Եթե պարզվի, որ ընկերության գույքը իսկապես վաճառվել է տարաժամկետ վճարման պայմանով, ապա այդ ապօրինի գործարքն ուղղակիորեն կհաստատի իշխանությունների կողմից Սուքիասյանների նկատմամբ տնտեսական հաշվեհարդար տեսնելու անժխտելի փաստը, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի թույլատրում տարաժամկետ վճարման պայմանով գույք վաճառել: Ավելացնենք նաև, որ այդպիսի արտոնյալ պայմաններ կարող էին առաջարկել ընկերությանը, ինչի դեպքում կարիք չէր լինի «Բջնին» սնանկության տանելու և հարկադիր պարապուրդի ենթարկելու 483 աշխատակիցների: Հիշեցնենք նաև, որ դեռևս 2008թ. ընկերությունը առաջարկել էր դատարանին ստացված հասույթի 40 տոկոսն ուղղել այդ պարքտերի մարմանը և այդ առաջարկը մերժվեց:
«Սիլ Կոնցեռնի» փաստաբանները նյութերը պահանջել են դատարանից և հիշյալ գործարքը վիճարկելու են դատական կարգով:
Այս գործի հետ կապված նյութերը ուղարկվելու են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հիմնական գործին կցվելու համար»:
ArmAr.am












