Բողոքի ցույցը շարունակվում է
Այս պահին ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներն անցել են խորհրդակցական սենյակ՝ որոշելու հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականությունը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը նիստի սկզբում ասել էր, որ չի կարող որոշման կայացման կոնկրետ ժամկետ նշել, այն կարող է լինել այսօր կամ վաղը, կամ երեք ամսվա ընթացքում:
Տեղեկացնենք, որ ՍԴ շենքի մոտ շարունակվում է բողոքի ցույցը, որը կազմակերպել են ՀՅԴ և 13 կուսակցությունները, որոնք դեմ են արձանագրությունների վավերացմանը։
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նշեց, որ եթե ՍԴ-ն հայ-թուրքական արձանագրությունները ճանաչի ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, ապա դրանով իսկ ՍԴ-ի քայլը կհակասի ՀՀ Սահմանադրությանը։ «Այն անձինք, ովքեր նման որոշում կկայացնեն, նրանք կկատարեն քրեորեն հետապնդելի արարք։ Բացի այդ, արձանագրություններն ունեն անվավերության այլ հիմքեր ևս։ Սահմանադրական դատարանի նախագահն իրավունք չուներ մասնակցել այն քարոզարշավին, որն իրականացվում էր ի պաշտպանություն հայ-թուրքական արձանագրությունների»,- ասաց Զ. Փոստանջյանը։
Նա նաև ընդգծեց, որ եթե ՍԴ-ն, այնուամենայնիվ, ազգադավ որոշում կայացնի, այն` հայ հասարակության կողմից չի հանդուրժվի։
ArmAr.am












