Բաց թողնված դասերը կլրացվեն
ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանն այսօր «Հայելի» ակումբում տեղեկացրեց, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու պատճառով բաց թողնված դասաժամերը լրացվելու են` համաձայն մշակված աշխատակարգի, ըստ որի, հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսվել են 2010թ. հունվարի 11-ից: Համաձայն մարզերից ստացված տեղեկատվության, հունվարի 11-ի դրությամբ բացակայությունների թիվը հանրապետության դպրոցներում կազմել է շուրջ 10 տոկոս: Վարչության պետը տեղեկացրեց, որ բոլոր դասարաններում /բացառությամբ առաջին դասարանի/ աշակերտների առաջին կիսամյակի կիսամյակային գնահատականները կնշանակվեն` համաձայն նախօրոք տրված «Մեթոդական ցուցումների», իսկ առաջին կիսամյակի վերջին օր կհամարվի 2010թ. հունվարի 30-ը: Նա նաև հավելեց, որ համաձայն աշխատակարգի` I դասարանցիների համար գարնանային արձակուրդ է սահմանվել 2010թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ, իսկ II դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը լրացնելու համար: III-ից XI դասարանցիների համար նախատեսված գարնանային արձակուրդների օրերը կօգտագործվեն բաց թողնված դասաժամերը մասամբ լրացնելու համար: III-ից XI դասարաններում բաց թողնված դասաժամերի մնացած մասը կլրացվի. 5-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` շարժական դասացուցակով աշխատելով նաև շաբաթ օրերին, իսկ 6-օրյա ուսումնական շաբաթով աշխատող հանրակրթական ուսումնական հաստատությունները` գործող դասացուցակում ավելացնելով լրացուցիչ ժամեր:
Ն. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև հունվարի 13-19-ը հանրապետության դպրոցների 9-11-րդ դասարանների աշակերտների համար «Պատմություն» առարկայի դասաժամի հաշվին անցկացվող մեկ դասին` նվիրված 1990 թվականին Բաքվում տեղի ունեցած ողբերգությանը` հայերի ջարդերի 20-ամյակին: Այդ դասի մեթոդական ուղեցույցը տրամադրվել է դպրոցներին` դասը կազմակերպելու համար:
ArmAr.am












